Ջո Բայդենը Գազայի հատվածում վեցշաբաթյա հրադադարի պլան է խոստանում։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով Վաշինգտոնը բանակցություններ է վարում նոր գործարքի շուրջ: Ըստ Սպիտակ տան ղեկավարի, Իսրայելի բանակի և Արևմուտքի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի միջև պատերազմի երկամսյա դադարը թույլ կտա ազատ արձակել գերիներին և ավելի շատ հումանիտար բեռներ հասցնել պատերազմի գոտի։
Մասնավորապես՝ Գազայի հատվածի հյուսիսային շրջաններում, մարդասիրական բեռների արգելափակման պատճառով, բնակչությանը սով է սպառնում, ՄԱԿ-ի տվյալներով անկլավի հյուսիսային մասում մանկահասակ երեխաների ավելի քան 15 տոկոսը քրոնիկ թերսնված է:
«Մենք ակտիվ աշխատում ենք թե՛ պաղեստինյան, թե՛ իսրայելցի ժողովուրդների խաղաղության, անվտանգության և արժանապատվության համար», - հայտարարել է Ջո Բայդենը՝ Հորդանանի թագավոր Աբդալլա երկրորդի հետ Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո։
ԱՄՆ նախագահը, որը վերջին շրջանում կոշտ քննադատություն է հնչեցնում Իսրայելի հասցեին, հայտարարելով նաև, որ իսրայելական բանակի պատասխանը «Համաս»-ի հոկտեմբերի 7-ի հարձակմանը անհամաչափ է, երեկ հույս էր հայտնում, որ վեցշաբաթյա հրադադարը առաջին քայլը կլինի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում․ Բայդենը հատուկ ընդգծել է՝ այդ ուղղությամբ ինքն աշխատում է գիշեր ու ցերեկ։
Հանդիպում են ԱՄՆ և Իսրայելի հատուկ ծառայությունների ղեկավարները
Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարությունից ժամեր անց հաղորդվեց, որ այսօր հանդիպում են Միացյալ Նահանգների և Իսրայելի հատուկ ծառայությունների ղեկավարները՝ Եգիպտոսի և Քատարի պաշտոնյաների մասնակցությամբ վերսկսելու բանակցությունները՝ Գազայի հատվածում հրադադարի հաստատման, իսրայելցի պատանդների ազատ արձակման պայմանների շուրջ։
«Ֆրանս պրես» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Կահիրեում նախատեսված հանդիպմանը, մասնավորապես, կմասնակցեն Իսրայելի՝ Մոսադ հետախուզական ծառայության տնօրեն Դեյվիդ Բարնեան, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը, Քատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին, ով անցած ամիսներին միջնորդել էր Գազայում հրադադարի մասին պայմանավորվածությունները:
Դեռևս հստակ չէ, թե ինչ առաջարկներով են կողմերը նստում բանակցային սեղանի շուրջ։ Մեկ շաբաթ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել էր «Համաս»-ի առաջարկները, դրանք անվանել է «անհեթեթություն», և սպառնացել շարունակել պատերազմն այնքան, մինչև կհասնի լիակատար հաղթանակի։
«Համաս» խմբավորումն առաջարկում էր չորսուկես ամսով դադարեցնել կրակը, խոստանալով այդ ժամանակահատվածում փուլ առ փուլ ազատ արձակել իսրայելցի պատանդներին՝ իսրայելական բանտերում պահվող 1500 պաղեստինցի կալանավորների, այդ թվում՝ 500 ցմահ ազատազրկման դատապարտվածների դիմաց։ Խմբավորումը նաև պահանջում էր, որպեսզի առաջին փուլում իսրայելական զորքը ետ քաշվի Գազայի կենտրոնի խոշոր քաղաքներից, իսկ հետագայում ամբողջովին լքի ինքնավար շրջանը:
Իսրայելի իշխանությունները, կտրականապես մերժելով առաջարկները, Գազայի հատվածում մի նոր ռազմական գործողություն նախաձեռնեցին՝ այս անգամ Ռաֆահում՝ պնդելով, որ թիրախը այնտեղ գտնվող «Համաս»-ի 4 գումարտակներն են, որոնք պետք է ոչնչացվեն։ Վարչապետ Նեթանյահույի խոսքերով՝ Ռաֆահը «Համաս»-ի «վերջին բաստիոնն» է:
Արևմտյան և մերձավորարևելյան երկրները Նեթանյահուի վարչակազմին կոչ էին անում խնայել խաղաղ բնակչությանը և հրաժարվել Ռաֆահ ներխուժելու պլաններից, նախազգուշացնելով, որ այդ ռազմական արշավը հղի է հումանիտար աղետալի հետևանքներով, ինչպես նաև կարող է տապալել փխրուն բանակցային գործընթացը։
Պաղեստինյան կողմից ավելի քան 28 հազար մարդ է զոհվել, վիրավորների թիվը մոտենում է 68 հազարին
Չորս ամիս շարունակվող պատերազմի ընթացքում պաղեստինյան կողմից ավելի քան 28 հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ հազարավոր երեխաներ, վիրավորների թիվը մոտենում է 68 հազարին։ Եգիպտոսին սահմանակից Ռաֆահում են ապաստանել շուրջ մեկուկես միլիոն պաղեստինցիներ՝ Գազայի հատվածի բնակչության մեծ մասը, ովքեր իսրայելական ռմբակոծությունների հետևանքով ստիպված լքել են իրենց տները և պատերազմի պայմաններում Գազայի հատվածի այլ շրջաններ տեղափոխվելու հնարավորություն չունեն։
«Մենք լքեցինք մեր տները, աղջիկներս հաշմանդամ են, ոչինչ և ոչ ոք չունեմ, որ ինձ օգնի նրանց հարցում։ Մեզ տեղափոխեցին ճամբար, հետո գնացինք ծովի մոտ, հետո օդային հարվածներ եղան, շատ ծանր գիշեր անցկացրինք, օդից հարվածում էին, հետո եկանք Ռաֆահ։ Բայց Ռաֆահում չենք կարող մեր կյանքը դասավորել, պլաստիկե, թափանցիկ վրանում ենք ապրում՝ ավազի վրա։ Մնալու կամ մեր կյանքը դասավորելու ապահով տեղ չկա: Երկու հիվանդ աղջիկներս ինձ ուժասպառ են անում, չկա ուտելիք, նույնիսկ ջուր չկա՝ խմելու կամ լողանալու», - «Ռոյթերզ»-ին պատմել է Ռաֆահում ապաստանած փախստականներից՝ Լայլա Աբու Մուստաֆան։
Լրատվամիջոցը, վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյաներին, հայտնում է, որ երեկվա հարվածների հետևանքով Ռաֆահում արդեն ավերածություններ կան, Գազայի առողջապահության նախարարության տվյալներով 67 մարդ է զոհվել է, այդ թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։