Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է հունվարի 28-ին՝ ՀՀ Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետի հայտարարություններին։
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ուղերձում ասել է, որ Ադրբեջանին առաջարկել է կնքել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի և չհարձակման պայմանագիր:
Հաջիզադեն այսօր ասել է, թե Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրից և միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից:
«Չնայած նշված համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից ադրբեջանական կողմը հայկական կողմին կոչ է արել վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում, 44-օրյա պատերազմից հետո տարբեր միջազգային ատյաններին հասցեագրված դիմումներում, միջազգային կազմակերպություններում տարածված պաշտոնական նամակագրություններում, Հայաստանը դեռևս որևէ գործնական քայլ չի արել այս ուղղությամբ», - պնդել է Հաջիզադեն:
Նրա փոխանցմամբ, այս ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն գործնական նշանակություն չունեցող առաջարկներ հնչեցնելը թյուրիմացություն է ստեղծում և անընդունելի է։
«Հայտնի է, որ Հայաստանը անցած 30 տարիների ընթացքում կոպտորեն ոտնահարել է մեր տարածքային ամբողջականությունը և ինքիշխանությունը ճանաչող միջազգային պայմանագրերը, ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ, մեր տարածքների օկուպացիայի ընթացքում իր ռազմական տեխնիկայի մեծ մասը թաքցրել է միջազգային վերահսկողական մեխանիզմներից՝ դրանք անօրինական տեղակայելով մեր երկրի տարածքում», - ասել է Հաջիզադեն։
Ադրբեջանցի դիվանագետը քաղաքական շահարկում է որակել հավաստիացումները, որ Երևանը լուրջ է տրամադրված խաղաղության գործընթացի նկատամբ։ Որպես ասվածի ապացույց Հաջիզադեն մատնացույց է անում վարչապետ Փաշինյանի կիրակի օրը արած հայտարարությունը սպառազինության գնման ու ռազմարդյունաբերության ընդլայնման վերաբերյալ։
«Այսօրինակ կողմնակալ հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանի հետագա զարգացումն ու առաջընթացը՝ հիմնված միջազգային օրենքի սկզբունքների վրա», - հայտարարում է պաշտոնական Բաքուն՝ պնդելով, թե Ադրբեջանը շարունակելու է խաղաղության հաստաման ջանքերը և ակնկալում է, որ Հայաստանը համարժեք քայլեր կձեռնարկի ոչ թե խոսքով, այլ գործով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման մեխանիզմ, չհարձակման մասին պայմանագիր. վարչապետ