Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե Հայաստանը ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության կարիք ունի, փորձագետներն ու ընդդիմությունը մտավախություն հայտնեցին, որ Փաշինյանը Սահմանադրությունը ցանկանում է փոխել արտաքին պահանջով՝ դրա նախաբանում Անկախության հռչակագրին հղման պատճառով:
Հռչակագրում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի և Ցեղասպանության մասին։
«Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության», - հայտարարեց Փաշինյանը։
Իսկ ինչպիսի՞ն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն Անկախության հռչակագրին և ինչպե՞ս է այն փոխվել տարիների ընթացքում։ Այս մասին կարելի է կարծիք կազմել օգոստոսի 23-ին՝ հռչակագրի ընդունման օրը վարչապետի հղած ուղերձներից և որոշ հարցազրույցներից:
2018 թվականին, հեղափոխությունից ամիսներ անց՝ օգոստոսի 23-ին, Նիկոլ Փաշինյանն առանձին ուղերձ չի հղել։ Ո՛չ վարչապետի էջում, ո՛չ մամուլում հռչակագրի ընդունմանը նվիրված ուղերձ գտնել չհաջողվեց, միայն «Արմենպրես»-ն է հաղորդում, որ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է թեմային, հռչակագրի ընդունումն անվանել է պատմական իրադարձություն, որը «հետագայում Հայաստանի անկախ պետականության հաստատման հիմքն է հանդիսացել»:
«Համոզված եմ, որ բոլոր այն երազանքները, որ մենք ունեինք հռչակագրի ընդունման պահին և ունենք այսօր, մենք անսասան գտնվում ենք բոլոր այդ երազանքների իրագործման ճանապարհին»,- 2018 թվականի օգոստոսի 23-ին կառավարության նիստում հայտարարում էր Փաշինյանը:
2019 թվականի նույն օրը արդեն առանձին ուղերձում Փաշինյանը հռչակագիրը համարել է «հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումը, որով ազդարարվել է հայոց պետականության սկիզբը: Հենց այդ միասնությամբ ու կամքով է ժողովուրդը հաղթահարել փորձությունների շղթան ու անհնարին թվացող խնդիրները լուծել է՝ ապավինելով բացառապես սեփական ներուժին»:
«Վստահ եմ, որ հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության, ինքնիշխանության ու իրավունքի կորուստ», - 2019 թվականին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։
2020-ին Փաշինյանը հղել է Անկախության հռչակագրի վերաբերյալ ամենաերկար ուղերձը
2020 թվականի 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 23 -ին, հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ, Փաշինյանը հղել է իր ամենաերկար և ծավալուն ուղերձը՝ ամփոփելով անցած երեք տասնամյակները:
Վարչապետը հաղթանակ է համարել արցախյան պատերազմն ու հուլիսյան մարտերը, նշել, որ «ունենք մարտունակ բանակ, որն ի վիճակի է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը, և Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը»:
Ձախողումներից Փաշինյանը համարել է պետական և հանրային ինստիտուտների կայացվածության ցածր մակարդակը, կոռուպցիան, որոնք, ըստ վարչապետի, օտարել են քաղաքացուն պետությունից և որ այդ օտարվածության հարցը լուծելու է եկել 2018 թվականի հեղափոխությունը:
«Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, և մեր պատմական պարտքն ու առաքելությունն է՝ մեր հռչակած իղձերը դարձնել իրականություն», - իր ուղերձը 2020 թվականին այսպես էր ամփոփում Փաշինյանը:
2021-ին Փաշինյանի ուղերձը շատ հակիրճ էր
44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականին, Փաշինյանի ուղերձը շատ հակիրճ է և իրենից ներկայացում է նախորդ տարվա ուղերձի որոշ հատվածների անգամ բառացի կրկնությունը:
2022 թվականին իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անկախությունը համեմատում էր առողջության հետ, որն ունենալով անգամ՝ պետք է ամեն օր հոգ տանել դրա մասին:
Այդ ուղերձում Փաշինյանն ավելի շատ խոսում էր այն խնդիրներից, որ կան Հայաստանի անկախությունն ապահովելու հարցում: «Անվտանգությունն ապահովող միջազգային կառուցակարգերը ճաք են տալիս, դաշնակիցները միշտ չէ, որ դաշնակից են, որոշ հարևանների հետ հարաբերություններում էական առաջընթաց չի արձանագրվում, որովհետև նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում»։
2022թ․՝ «Հայաստանը նոր տեսության կարիք ունի»
Նույն 2022 թվականի արդեն նոյեմբերին Հանրայինին տված հարցազրույցում Փաշինյանը, անդրադառնալով Անկախության հռչակագրին, արդեն համարում էր, որ Հայաստանը նոր տեսության կարիք ունի:
«Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն, ըստ Փաշինյանի, ինքն արել է հենց հռչակագրին համահունչ, այնինչ իրեն դրա համար քննադատում են։
«Էդ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը նոր տեսության անհրաժեշտություն ունի, որովհետև մենք Անկախության հռչակագրի հաջորդ պահից սկսել ենք էդ Անկախության հռչակագրի տեսության դեմ աշխատել և, ի վերջո, հասել ենք դրան, որ էդ տեսությունն արդեն մեզ համար նույնիսկ իրավական ուժ չունի, կամ գործնական քաղաքական ուժ չունի», - հայտարարեց Փաշինյանը։
2023թ․՝ «Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է և կարիք ունի քննության»
Անցած տարի՝ Արցախի հայաթափումից մեկ ամիս առաջ, 2023 թվականի օգոստոսի 23-ի իր ուղերձում Փաշինյանն արդեն բացահայտորեն քննադատաբար է անդրադառնում հռչակագրին, նշելով, որ թեև ժամանակին հռչակագրին վերաբերվել է որպես «աստվածաշնչյան ուղերձի», այժմ կարծում է, որ այն քաղաքական փաստաթուղթ է և կարիք ունի քննության:
Դրանով, ըստ Փաշինյանի, ընտրվել է Հայաստանը մշտապես կոնֆլիկտների մեջ պահող կոնֆրոնտացիոն ուղի, մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին արդեն իսկ հանգեցրել է անկախության կորստի:
Իր 2023 թվականի ուղերձում Փաշինյանն ընդգծում է խաղաղության օրակարգը՝ նշելով՝ «եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն»:
«Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում», -իր ուղերձում նշել է Փաշինյանը։
«Անթույլատրել է Անկախության հռչակագրի վերաբերյալ Փաշինյանի մոտեցումը»․ Արամ Մանուկյան
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով այդ հռչակագիրը ընդունող պատգամավորներից մեկն է և այն ներկայացրել է թե՛ խորհրդարանում, թե՛ հրապարակում՝ ժողովրդի առջև, համարում է, որ անթույլատրելի է Անկախության հռչակագրի վերաբերյալ Փաշինյանի այս մոտեցումը: Հռչակագրին պետք է վերաբերվել որպես պատմական, պետություն ստեղծող ծննդականի, ասել է Մունուկյանը։
«Նրա նկատմամբ ոտնձգություններն ուղղակի անթույլատրելի են, չի կարելի պետության ստեղծման փաստաթղթի վերաբերյալ 30 տարի հետո ներկայացնել պրետենզիաներ, դա անթույլատրելի է, դա սրբապղծություն է մեր պետության ստեղծման վերաբերյալ։ Պարզ հարց կարող եմ տալ՝ իսկ մինչև հիմա ինչո՞ւ այդ խնդիրը չի առաջացել, չէ, որ մենք ունեցել ենք լրջագույն կոնֆլիկտներ՝ էդ ամբողջ ընթացքում պատերազմ է եղել, մենք պայքարել ենք մեր սուվերենության համար և այդ ժամանակ չի եղել որևէ սուբյեկտ, միջազգային կառույց, երկիր, որ այս հռչակագրի ինչ-որ կետ պետք է փոխվի կամ խմբագրվի։ Պետականաստեղծ փաստաթուղթ է, սահմանադրական օրենք է, այն փոփոխվելու ենթակա չէ, նրա փոփոխության համար ձեռք բարձրացնողները ձեռք են բարձրացնում մեր պետականության նկատմամբ, դա անկյունաքար է, անկյունաքարը փոխել չես կարող», - ասաց Մանուկյանը։
Ըստ նրա՝ հռչակագրի ընդունումից հետո այնտեղ նշված որոշ դրույթներ փոփոխվել են իրադարձությունների բերումով, օրինակ, հռչակագրի նախաբանում հիշատակվող որոշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միացման վերաբերյալ, դադարել է գործել, երբ Հայաստանն ու Ղարաբաղն անկախություն են հռչակել, փոխվել է նաև մոտեցումը, որ, օրինակ, Զինված ուժերը պետք է ենթարկվեն Գերագույն խորհրդին, սակայն Արամ Մանուկյանը շեշտում է՝ դա չի նշանակում, որ Անկախության հռչակագիրը պետք է վերանայվեր կամ վերանայվի:
«Անկախության հռչակագիրը դոգմա չէր, այն ուղեցույց-փաստաթուղթ էր, որը հետագայում իրա արդյունքների մեջ ունեցել է փոփոխություններ, բայց դա ամենևին չի նշանակում, թե պետք է շրջվես և գնաս ասես, որ իմ պապի անունն այսուհետ Բարսեղ չի լինելու Բագրատ է լինելու, իրավունք չունես։ Հարգե՛ք էն, ինչ ընդունվել է, արե՛ք ինչ-որ ուզում եք, բայց հնի վրա հղում մի՛ արեք, մի՛ փորձեք հինը ձևափոխել՝ ուրիշների պահանջով։ Ինչպես Վանոն էր ասում՝ «ձեր կեղտոտ ձեռքերով մի մտեք հայոց լեզվի տաճարը»։ Հիմա ես նույն ձևով ասում եմ՝ «ձեր փնթի գրագիտությամբ և անփորձությամբ մի մտեք մեր պետության ակունքների, փաստաթղթերի արանքը, ոչ մի բան չեք հաջողելու», - ասաց Մանուկյանը։
«Շատ մեծ վտանգ կա Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխություններ անելու մեջ»
Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, պատմաբան Աշոտ Սարգսյանն, ով նույնպես Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել հռչակագրի ընդունման ժամանակ, նշում է, որ շատ մեծ վտանգ կա Ալիևի պահանջով Սահմանադրության հնարավոր փոփոխությունների և հռչակագրի վերանայման մեջ:
«Հասարակության պատկերացումներն են էդպես, գոնե ինչքան ես գիտեմ, որ դա պարտադրվում է։ Հռչակագրին հղում չանելը, հատկապես հիմա, ղարաբաղյան հարցում պարտությունից հետո և ինչ-որ եղավ դրանից հետո, մարդիկ կընդունեն, ամբողջ ազգը կընդունի որպես դրսից նվաստացման և ստորացման մի բան ամբողջ ազգի նկատմամբ։ Էդ բարդույթը շատ ավելի մեծ ավերածություններ կգործի մեր ազգի, երկրի և ժողովրդի համար, քան պարտված լինելու զգացումը։ Պարտված լինելուն հակառակ կա հաղթելու հնարավորություն, ստորացվածության ու նսեմացվածության բարդույթի դեմ ոչինչ չկա մխիթարիչ, դա կքայքայի մեզ՝ ազգային իմաստով, երկրի իմաստով, ժողովրդի իմաստով, անհատի իմաստով, դրա համար վտանգավոր է, վնասակար է պարզապես դրան ձեռք տալը», - ասաց Սարգսյանը։
Իշխանական պատգամավորը հերքում է, թե Բաքվի պահանջով են փոխում Սահմանադրությունը
ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հերքում է, թե Բաքվի պահանջով են փոխում Սահմանադրությունը՝ նշելով՝ «ընդդիմությունը ցանկացած բանի հետևում տեսնում է Թուրքիային կամ Ադրբեջանին, նույնիսկ այնտեղ, որտեղ չի կարելի դա տեսնել»։
«Արդյոք նորմա՞լ է ունենալ Սահմանադրություն, որի լեգիտիմությունը կասկածներ է հարուցել ու շարունակում է հարուցել։ Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պիտի լինի ՀՀ քաղաքացու կամքի մասին, թե ինչպիսի երկրում է ինքն ուզում ապրի ու ինչպես է ուզում ապրել այդ երկրում։ Դա է Սահմանադրության էությունը», - ասել է Ալեքսանյանը։