Ինչո՞ւ Մարտի 1-ի գործը քննող Հակակոռուպցիոնի ղեկավարը, որ շարունակում է պնդել, թե 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունները բացահայտված են, կրակ բացելու հրաման տվողները՝ հայտնի, այդ ապացույցները չի ուղարկում դատարան՝ հետագա քննության։ Այս թեմային Հանրայինի եթերում Սասուն Խաչատրյանն այդպես էլ չանդրադարձավ:
«Մեզ կշտամբում են, ասում են՝ դուք չեք կարող գտնել ձգանը սեղմողին, այն անձին, ում կրակոցից մահացավ կոնկրետ տուժողը։ Եթե ամբողջ Հատուկ քննչական ծառայությունը՝ ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեն, ամբողջությամբ կազմված լիներ Շեռլոկ Հոլմսերից և Պուարոներից, էլի կարծում եմ՝ անիրականանալի կլիներ տվյալ դեպքում այդ բացահայտումն իրականացնելը», - ասաց նա։
Ձգանը սեղմողին չեն կարողանում գտնել ապացույցները ոչնչացնելու, ավելի կոնկրետ՝ 2008-ին մայրաքաղաքի կենտրոնում կրակված պարկուճները քննիչների կողմից փոփոխվելու պատճառով։ Այդ դեպքում ինչո՞ւ մեղադրանք չեն առաջադրում իրենց հայտնի հրամանատարին, որն, ըստ Հակակոռուպցիոնի պետի, կազմակերպել է բանակի կողմից ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործընթացը։
«Հրամանատարն իր զորամասին հրամայում է կրակ բացել անձանց ուղղությամբ, զորամասի բոլոր զինծառայողները, որոնց, ի դեպ, տված ինքնաձիգերը հաշվառված չեն, կրակ են բացում, և արդյունքում 5 կամ 10 հոգի զոհվում է, հիմա կրակել է 500 հոգի, որևէ կերպ հնարավոր չէ իդենտիֆիկացնել ավտոմատները։ Կրակելուց հետո էլ պարկուճները հավաքում են, ոչնչացնում են», - նշեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ի՞նչ բացահայտում, եթե չկան պատժվածներ». իրավապաշտպանը «Մարտի 1»-ի գործը տապալված է համարում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մարտի 1»-ի գործը հսկող դատախազը դադարեցրել է Գեղամ Պետրոսյանի մեղադրանքը
Ո՞վ է այդ հրամանատարը, Խաչատրյանը չի բացահայտում։ Միայն ասաց՝ մեղադրյալ չկա, ինչո՞ւ՝ այդպես էլ չպարզաբանեց։ Միայն ասաց՝ այս վերջին տարիներին նոր ապացույց են գտել՝ քաղաքացիներից մեկն իրենց է փոխանցել կրակված պարկուճ, դա են ստուգել ու եզրահանգել, որ բանակը կրակել է. - «Համընկնումը հայտնի է, զորամասն առնվազն հայտնի է։ Ես չեմ ասում՝ այդ կրակոցի արդյունքում մարդ է զոհվել, մենք նման ապացույց չունենք, մենք ունենք ապացույց, որ կոնկրետ զինվորական ստորաբաժանումը եկել է Երևան, և դա նաև ցուցմունքներով է հիմնավորված, հենց այդ զորամասի ծառայողների ցուցմունքներով, որ կրակել են, և ունենք նաև իրեղեն ապացույց, որ այո, բանակը կրակել է մարտի 1-ին»։
Խաչատրյանի ղեկավարած կառույցը Մարտի 1-ի գործին նոր թափ հաղորդելուց 5.5 տարի անց տասը զոհերի սպանություններով չունի գեթ մեկ մեղադրյալ, բայց առանցքային դերակատար է համարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ պնդելով՝ նա է բանակը ներգրավել քաղաքական գործընթացներում, իսկ ինքն այդ գործը դեռ տարիներ առաջ է ուղարկել դատարան։ Արդարացավ՝ ի՞նչ կարող էր անել ինքը, երբ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո արդարացվեցին Քոչարյանն ու նրա նախկին ենթակաները, որոնք մեղադրվում էին միայն մեկ՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտի 1-ի զոհերի հարազատները դեռ սպասում են բացահայտմանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նկարագրված չէ որևէ գործողություն, որին բացատրություն պետք է տամ». Քոչարյանի համար պարզ չէ մեղադրանքը
«Ի՞նչ է նշանակում բացահայտել, եթե գոնե մեկը պատասխանատվություն չի կրում այսօր». Ալլա Հովհաննիսյան
15 տարի առաջ մայրաքաղաքի կենտրոնում Չերյոմուխա 7-ից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, իրավապահ կառույցի ղեկավարին հարցնում է՝ ինչո՞ւ երկրորդ նախագահին բացի սահմանադրական կարգը տապալելը, Երևանի կենտրոնում կրակ բացելու հրաման արձակելու կամ այլ հոդվածով չմեղադրեց։
«Որ ինքը ասում է՝ բացահայտել ենք, որ բանակը ներգրավված է եղել, բայց կրակողները շատ էին, բայց հրաման տվողը որտե՞ղ է, ո՞վ է հրաման տվել բանակը ներգրավել, ինչո՞ւ այդ հրաման տվողը, որը Քոչարյանն է, պատասխանատվության չի ենթարկվել այդ մասով», - հարցնում է նա։
Ալլա Հովհաննիսյանի որդու և մյուս երկու զոհերի մահվան համար մեղադրվող երեք նախկին ոստիկանների դեմ գործը փակվեց ամիսներ առաջ՝ վաղեմության ժամկետներն անցնելու համար։ Ավելին՝ Սասուն Խաչատրյանի կառույցը արդարացրեց զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանին։
Այս ֆոնին ի՞նչ բացահայտման մասին է խոսքը, հարցնում է որդեկորույս մայրը. - «Կբացատրե՞ս զոհվածի մորը՝ ի՞նչ է նշանակում բացահայտել, եթե գոնե մեկը պատասխանատվություն չի կրում այսօր սպանությունների կամ հրաման արձակելու, կամ այդ ապօրինի որոշումները կայացնելու համար»։
Չերյոմուխա 7 կիրառած ոստիկանները հարցաքննության ժամանակ հնչեցրել են անուններ, որոնց հրամաններով էլ կրակ են բացել, նրանց շարքում է նաև ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը։ Արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նաև նրան նկատի ուներ հրաման տվողների մասին խոսելիս՝ պարզ չէ։
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցել են՝ Պետրոսյանի գործողությունները դեռ քննում են։ Մի քանի ամիս առաջ արդարացված Պետրոսյանը արգելք չունի երկրի սահմաններից դուրս գալու այնպես, ինչպես ժամանակին հեռացած Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Բոլորն էլ հերքում են, թե 2008-ի մարտյան արյունալի այդ օրերին հանցագործություն են կատարել։