Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի հարազատները դեռ սպասում են բացահայտմանը


Ի՞նչն է խնդիրը, որ գործը տեղից չի շարժվում, հուսահատ հարցնում է զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Տասը մարդու մահվան պատճառ դարձած Մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 14 տարի անց զոհերի հարազատները դեռ բացահայտման են սպասում։

Սարգիս Քլոյան
Սարգիս Քլոյան

Ի՞նչն է խնդիրը, որ գործը տեղից չի շարժվում, հուսահատ հարցնում է զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը. - «Ստեղ կա մի պարզ ճշմարտություն, որ «Չերյոմուխա-7» տեսակի զենքից սպանվել է 3 քաղաքացիներ, որից մեկն իմ որդին է։ Դա արդեն կարելի է շատ հանգիստ բացահայտել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից Քլոյանը մի շարք հարցերի պատասխաններ է ակնկալում ստանալ, ասում է՝ շուրջ մեկ տարի է հանդիպում չի եղել, կուտակված հարցեր կան. - «Մեր ցանկությունն է հանդիպել ու ասել՝ բա ի՞նչ էղավ էդ սպանությունները, ինչքա՞ն կարելի է սպասել»։

«Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը ըստ էության ամբողջ ծավալով բա-ցա-հայտ-ված է», - դեռ 2018-ի օգոստոսին, վարչապետ ընտրվելուց հետո, Հանրապետության հրապարակում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, թե որևէ մեկը չի խուսափի պատասխանատվությունից։

«Ամբողջ ժողովրդի առաջ, մեր առաջ ասեց, որ Մարտի 1-ը բացահայտված ա։ Բա որ Մարտի 1-ը բացահայտվված է, ես խի՞ չեմ տեսնում այդ էդ Մարտի 1-ի բացահայտումը», - հարցնում է Սարգիս Քլոյանը։

Էդիկ Հարությունյան
Էդիկ Հարությունյան

Զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանն է հիշում վարչապետի հայտարարությունը և ասում է՝ Մարտի 1-ը գործոններից մեկն էր, որ այս իշխանություններին բերեց իշխանության. - «Մենք ինչքա՞ն պիտի սպասենք, որ Մարտի 1-ը բացահայտվի, որ մեկը դատվի։ Ինձ համար շատ հասկանալի էր նախկին իշխանությունների պահվածքը, բայց անհասկանալի ա էս իշխանությունների պահվածքը։ Եթե Մարտի 1-ը չբացահայտվի, էսի մնում ա արդեն էս իշխանությունների խղճի վրա։ Ու ամբողջ պատասխանատվությունը ու մեղավորությունը ընկնում ա նույն էս իշխանությունների վրա՝ վերից վար»։
Զոհերի իրավահաջորդները կարծում են, որ, չնայած խոստումներին, բացահայտմանն ուղղված որևէ քայլ չի արվում։ Կարծում են նաև, որ խնդիրը նաև չբարեփոխված դատական և իրավապահ համակարգն է. - «Համակարգում մնացել են նույն մարդիկ... ի՞նչն ա փոխվել։ Ոչ մի բան չի փոխվել»։

2008-ի բողոքի ակցիաների մասնակից, Լեոյի փողոցում «Չերյոմուխա-7»-ի կիրառումից աջ ոտքի կրկնակի վիրավորում ստացած Խաչիկ Դավթյանը, ով անգամ հաշմանդամության կենսաթոշակ չի ստանում, պատմում է այն դժվարությունների մասին, որոնք իրեն ուղեկցում են շուրջ 14 տարի. - «Ես ուզեմ հիմա երկար ճանապարհ գնամ, հաստատ չեմ կարողանա։ Սկի գյուղամեջ սենց ոտով էթալը շատ զոռ ա...»

Գործում որպես տուժող ներգրավված Դավթյանը հույսը սակայն չի կորցնում, վստահ է՝ անգամ եթե տարիներ էլ անցնեն, միևնույն է կբացահայտվեն մարդկանց մահվան պատասխանատուները. - «Չի կարա չբացահայտվի։ Հավատում եմ, որ մի օր հաստատ էդի կբացվի»։

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա երեք ենթակաները դատարանում արդարացվեցին, երբ Սահմանադրական դատարանը անցած տարի հակասահմանադրական ճանաչեց պաշտոնաթող նախագահին մեղսագրվող հոդվածը։

Բուն գործը Հատուկ քննչական ծառայության լուծարումից հետո փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեին։ Կառույցից «Ազատությանը» առանց հավելյալ մանրամասների փոխանցում են՝ գործի նախաքննությունը դեռ շարունկավում է։

XS
SM
MD
LG