Մատչելիության հղումներ

Մարտի 1-ին «Չերյոմուխա 7»-ով 3 ցուցարար սպանած ոստիկանները չեն պատժվի


15 տարվա քննությունից հետո 2008-ի արյունալի դեպքերի ժամանակ «Չերյոմուխա 7» կիրառած 3 ոստիկանները չեն պատժվի, չնայած այն հանգամանքին, որ, ըստ իրավապահների, հենց նրանց կիրառած հատուկ միջոցից երեք ցուցարար է սպանվել։ Դատախազը զոհերի՝ Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի ծնողներին նամակով տեղեկացրել է, որ հանցանքի վաղեմության ժամկետն անցել է, ուստի գործն առանց դատարան գնալու փակվել է։

«Էդ վաղեմության ժամկետը ես կարող ա չգիտեի, բա դատախազության աշխատողները, էն մարդիկ, ովքեր պատասխանատու էին այդ բացահայտումների համար, էդ օրենքը չգիտեի՞ն», - ասաց 2008-ի իրադարձությունների ժամանակ որդուն կորցրած Ալլա Հովհաննիսյանը:

«Չերյոմուխա 7»-ի կրակոցից որդուն մարտի 1-ին կորցրած Ալլա Հովհաննիսյանը հիասթափված է Գլխավոր դատախազության որոշումից. դրանով մարել է մեղավորներին պատժված տեսնելու մոր վերջին հույսը։

«Մարտի 1»-ը վաղուց բացահայտված է իմ համար, ինձ թվում է նաև բոլոր ծնողների համար, ուղղակի քաղաքական կամք է պետք մինչև վերջ այդ հարցը տանելու ու արդարադատությունը հաստատելու, որը ես չեմ տեսնում էս իշխանությունների մոտ», - նշեց Հովհաննիսյանը:

Այս դեպքում քննությունն ավարտված է համարվել ոչ թե մեղադրյալների ու ապացույցների բացակայության, այլ՝ օրենքի պահանջի պատճառով։ Այս հանցանքի վաղեմության ժամկետը լրացել է դեռ 2013 թվականին, բայց թե ինչո՞ւ այդ ժամանակ իրավապահները չեն հանգուցալուծել գործը, պարզ չէ։ Դատախազությունից միայն փոխանցեցին, որ մեղադրյալները վերջերս են դիմել, որ կիրառվի օրենքի այս հնարավորությունը, իրենք էլ կիրառել են։

«Խոստումներից ամենաառաջինը, որով այս իշխանությունը կատարել է հեղափոխություն, դա եղել է «Մարտի 1»-ի բացահայտումը, բայց 5 տարի անցել ա ու մենք չենք տեսնում «Մարտի 1»-ի բացահայտման ոչ մի նշույլ», - ասաց Ալլա Հովհաննիսյանը:

Ոստիկանության զորքերի նախկին երեք զինծառայողները 2008-ից մեղադրվում էին զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգույշ մահ պատճառելու հոդվածով։ Ինչո՞ւ ոչ սպանության, տարակուսում են ծնողներն ու հարցնում՝ ինչո՞ւ «Մարտի 1»-ը բացահայտելու խոստումներ տված Փաշինյանի օրոք չի ծանրացվել մեղադրանքը։ Այս հարցի պատասխանը իրավապահները նրանց չեն տվել։

Վարչապետ Փաշինյանը, որ 2008-ի հետընտրական հանրահավաքների առանցքային կազմակերպիչներից էր, 2018-ին իշխանության գալուց հետո պնդել էր, թե «Մարտի 1»-ը բացահայտված է։ Ամիսներ առաջ էլ՝ արյունալի հետընտրական բախումների դեպքի վայրում հուշարձանի բացման ժամանակ ծնողների ներկայությամբ ընդգծել էր՝ գործը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն։ Ինչո՞ւ։ Տարբեր, այդ թվում՝ իրավական մի շարք որոշումների պատճառով:

«Բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը կա՛մ դժվար լինի, կա՛մ անհնար դառնա: Ես միայն մի դրվագ հիշեցնեմ, որ այստեղից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխվել են», - նշել է վարչապետը:

Ծնողները հակադարձում են՝ վարչապետի նշած հանգամանքները գոնե «Չերյոմուխա 7»-ի կիրառմանը չեն վերաբերում, այս դեպքում մեղադրյալները հայտնի էին, ու իրավապահները պարզապես չպետք է դանդաղեին։

«Չեմ ուզում ասել, որ նախկին իշխանությունների հետ համագործակցում են, բայց ինչ-որ մի բան կա, ես չգիտեմ, ներքին պայմանավորվածություն կամ ինչ-որ մի բան կա, որ իրենց հետ է պահում «Մարտի 1»-ի բացահայտումից», - ընդգծեց Ալլա Հովհաննիսյանը:

Վաչագան Ֆարմանյանը պնդում է՝ նախ կհանդիպի դատախազի հետ, ապա կբողոքարկի որոշումը

Վաչագան Ֆարմանյանի որդին՝ Արմեն Ֆարմանյանը ևս զոհվել է «Չերյոմուխա 7»-ից. դատախազության վերջին որոշումից թեև զայրացել է, բայց ասում է՝ ձեռքերը ծալած չի նստի, նախ կհանդիպի դատախազի հետ, ապա կբողոքարկի գործը փակելու որոշումը։

«Մենք չենք կանգնելու, ուզում ա Նիկոլը լինի, ով ուզում ա լինի: Չէիք ասել, մինչև վերջ չասեիք, հիմա դուք ազգանունը ասելով, չե՞ք ասում՝ հիմա էդ մարդիկ, որ կարդան, ի՞նչ ապրումների մեջ են լինելու», - ասաց Ֆարմանյանը:

Եթե անգամ ծնողների բողոքը տեղ հասնի, քննությունը վերսկսվի ու հասնի դատարան, ոստիկաններն էլ մեղավոր ճանաչվեն, միևնույն է, վաղեմության ժամկետի ուժով նրանք չեն պատժվի։ Միևնույն ժամանակ, անպատասխան է մնում հարցը, թե վերադասներից ո՞վ է այս երեք ոստիկաններին հրաման տվել մահաբեր հատուկ միջոց կիրառել մարդաշատ հավաքի ժամանակ։

XS
SM
MD
LG