Ըստ իրավապաշտպանի՝ Բաքուն միտումնավոր ձգձգում է այնտեղ մնացած գերիների հայրենադարձումը

Արխիվ

Լիլիթ Բաբայանը հետևում է ադրբեջանական բանտախցերից դուրս եկած 32 գերիների հարազատների ուրախությանն ու կապոց հավաքում Բաքվում գտնվող հոր համար։ Լիլիթի հայրը՝ Մադաթ Բաբայանը գերեվարվեց այս տարվա սեպտեմբերի ռազմական գործողությունների ժամանակ, 71-ամյա անասնապահը պարզապես հարազատ գյուղից՝ Գետավանից չէր հեռացել։

Բաքվի դատարանը նրան 4 ամսով կալանավորել է, մեղադրում են, թե Խոջալուի դեպքերին է մասնակցել։ Դուստրը պնդում է՝ հայրը որևէ պատերազմի չի էլ մասնակցել, հիվանդ մարդ է։ Վերջին անգամ հոր ձայնը նոյեմբերի 29-ին է լսել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերեվարված Մադաթ Բաբայանը կալանավորվել է Բաքվում. ընտանիքը հերքում է նրա առնչությունը որևէ պատերազմի


Բաքվի բանտերում շարունակում են մնալ առնվազն 23 հայեր։ Ըստ իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի՝ նրանցից 6-ը քաղաքացիական անձինք են, 9-ը՝ ռազմագերիներ, 8-ը քաղբանտարկյալներ՝ Արցախի նախկին ղեկավարները։

«Նախկին ղեկավարությունը, ում նկատմամբ հետապնդումը պատժողական նպատակով է իրականացվում՝ իրենց նախորդ գործունեության համար վրեժխնդիր լինելու և ինչու ոչ Արցախի ինքնորոշման իրավունքի տեսանկյունից բոլորի ձայնը լռեցնելու համար», - ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արցախի նախկին նախագահներին ու Ադրբեջանում պահվող մյուս անձանց

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ ի սկզբանե ակնհայտ է, որ այս խմբին վերադարձնելու միտք Ադրբեջանը չունի, քանի դեռ նրանց դատավարությունը չի մատուցել իր հանրությանը. - «Հանրության մեջ այս բեմականացված դատավարությունների ողջ օգուտները քաղված չեն, անգամ քաղաքական ճնշումների ներքո Ադրբեջանը նրանց առայժմ ազատ չի արձակի»։

Ըստ Սահակյանի՝ արցախցի պաշտոնյաների գերեվարումը Բաքվում պահվող մյուս գերիների նշանակությունը թուլացրել է, այսինքն՝ նրանց վերադարձի հնարավորությունը կա։ Սահակյանի ձևակերպմամբ՝ Բաքուն ի դեմս նախկին պաշտոնյաների իր համար ավելի թանկարժեք պատանդներ ունի։

8 պաշտոնյաներից բացի, այսօր Բաքվի բանտերում են Արցախ օգնություն տանող 2 կամավորներ, որոնց Ադրբեջանը գերեվարեց 44-օրյա պատերազմից հետո։ Երկու հոգու մեղադրում են 90-ականների պատերազում ադրբեջանցիների սպանելու համար, Վագիֆ Խաչատրյանը Հակարիի անցակետից առևանգվեց, Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել էր Հին Շենի մոտակայքում. բոլորին Ադրբեջանը վերագրել է ցեղասպանական գործողություններ։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Բաքուն հենց այս մարդկանց ազատ չի արձակել ադրբեջանցիներին խոշտանգող հայերի կերպարը միջազգային հանրությանը մատուցելու համար։

«Միջազգային հանրության աչքերում որոշակի պաշտպանվողական նկատառումներով թեզեր է առաջադրել Ադրբեջանը, և այս թեզերի ապացույցները փորձել է գեներացնել առնչվող դատավարություններում և ներկայումս միտումնավոր ձգձգում է նրանց հայրենադարձումը», - նկատեց Սահակյանը։

Բաքվի բանտում մնաց նաև լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը։ Նա էլ, ըստ իրավապաշտպանի, հարմար է, որ ներկայացվի որպես պատերազմին մասնակցող վարձկան։ Ի սկզբանե Էուլջեքանի անունը հայրենադարձվողների ադրբեջանական ցուցակում կար, սական վերջին պահին այդ ցանկը փոփոխվեց։ Հայաստանի հետ պայմանավորվածության խախտումն օրինաչափ է Բաքվի համար, շեշտում է Սիրանուշ Սահակյանը։

Վիգենի Բեյրութում սպասող կինը X-ի իր միկրոբլոգում գրել է՝ ուրախ է հայրենադարձված գերիների համար։ Իրենք էլ պատրաստվում էին ընդունել Վիգենին, բայց անարդարությունը շարունակվում է։ «Մեր սիրտը կոտրված է »,-գրել է Լինդա Էուլջեքյանը։

Մանրամասն «Ազատության» ռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

Ըստ իրավապաշտպանի՝ Բաքուն միտումնավոր ձգձգում է այնտեղ մնացած գերիների հայրենադարձումը