Մատչելիության հղումներ

Գերեվարված Մադաթ Բաբայանը կալանավորվել է Բաքվում. ընտանիքը հերքում է նրա առնչությունը որևէ պատերազմի


Մարտակերտի Գետավան գյուղի բնակիչ Մադաթ Բաբայանին Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է։ Դեռ երեկ էր Ադրբեջանի անվտանգության ծառայությունը տեսանյութ տարածել, որում արցախցի 71 -ամյա տղամարդն է, ըստ Բաքվի իրավապահների, ցույց տալիս այն վայերերը, որտեղ «անձամբ վայրագություններ է գործել», «92- ի փետրվարին Խոջալուի դեպքերին է մասնակցել», իբրև թե «150 ադրբեջանցու սպանություն կազմակերպել», հիմա էլ մատնացույց է անում, թե որտեղ «են թաղել 3 բեռնատար»։

Մադաթ Բաբայանի դուստրը՝ Լիլիթը պնդում է՝ հայրը որևէ պատերազմի չի մասնակցել, վատառողջ մարդ է. - «Տեքստը, ինձ թվում է, գրել, տվել են, ինքը դա ստիպելով ասել է։ Որ ուշադիր նայում ես, զգացվում է, աչքերի տակը կապտած, դեմքին ինչ-որ բաներ կան, ծեծել են էլի։ Մեծ մարդ է, նրանից ի՞նչ կռիվ անող կամ ի՞նչ մարդասպան… Ինքը ոչ մի բանի էլ մասնակից չի եղել, ինքը ոչ մի պատերազմի էլ չի մասնակցել, անշառ մարդ է, անասնապահությամբ էր զբաղվում»։

Բաբայանի կինը, դուստրը բռնության հետքեր են նկատել դեմքին։
Ինչպե՞ս և ինչո՞ւ է ընտանիքի հայրը մնացել Գետավանում, դուստրը պատմում է՝ իրենք գյուղից հեռացել են սեպտեմբերի 19-ին, երբ կեսօրից ակտիվ հրետակոծության տակ են հայտնվել։

«Որ կռիվը սկսեց, պապան եկավ, ասացինք՝ գնա, շորերդ փոխի, արի, որ հնարավոր լինի, դուրս գանք գյուղից։ Ու տենց գնաց, եկավ, դուրս եկավ գյուղամեջ, ու էլ չենք տեսել», - ասաց դուստրը։

Գյուղից ընտանիքը ոտքով է դուրս եկել, հասել են Դրմբոն, այս ընթացքում հոր հետ կապ հաստատել չեն կարողացել, հետո լսել են, որ ադրբեջանցիներն արդեն Գետավանում են։ Գյուղից վերջինը հեռացածները հենց սեպտեմբերի 19 -ի երեկոյան տեսել են Բաբայանին. - «Տեսել են, որ պապայի ձեռը մի հատ տոպրակ, գյուղի մեջը կանգնած, երևի ուզեցել է տեսնել՝ ավտո պատահում է, որ դուրս գա։ Դրանից հետո էլ ոչ մեկը չի տեսել պապային»։

Նույն օրը գյուղն անցել է Ադրբեջանի հսկողության տակ, ընտանիքը շաբաթներ շարունակ փնտրել է նրան, ԴՆԹ նմուշ հանձնել, երբ Գետավանից 8 մարմիններ դուրս բերեցին։ Հոկտեմբերի 9-ին զանգ են ստացել Բաքվից. - «Պապայի անուն-ազգանունը տվեց, ասաց՝ Բաբայան Մադաթ Առաքելի, նման մարդու ճանաչո՞ւմ եք, ասեց՝ Ձեր ի՞նչն է, ասացի՝ հայրս է, ասաց՝ կուզե՞ք հետը կապ հաստատել, խոսել, ես էլ ասացի՝ իհարկե, ուզում եմ։ Հեռախոսը փոխանցեց պապային, պապան մամայի անունը տվեց, որովհետև մամայի համարն էր տվել։ Ես էլ ասացի՝ պապա, Լիլիթն է, ո՞ւր ես, խի՞ մնացիր։ Ասաց՝ ես գտնվում են իրենց մոտ… Բաքվում»։

Լիլիթն այլ հարցեր է տվել հորը, բայց այլևս ոչ մի պատասխան՝ «մեզ լսում են», ասել է նա։ 25 օր անց արդեն հայրը ադրբեջանցի իրավապահների կողմից ներկայացվում է որպես ահաբեկիչ։ Ընտանիքում այս ամենը նմանեցնում են Բաքվի դատարանի առջև կանգնած Վագիֆ Խաչատրյանի դեպքին, նրան էլ վերագրում են Մեշալիի սպանությունները. - «Հանգիստ, համեստ մարդ է, չգիտեմ՝ կդիմանա իրենց այդ ամեն ինչին, չի դիմանա»։

Ադրբեջանական կողմն այսօր ի պատասխան Հայաստանի կառավարության Ստրասբուրգի դատարան ուղարկած դիմումի՝ հաստատել է Մադաթ Բաբայանի գերեվարման փաստն ու տեղեկություններ տրամադրել նրա առողջական վիճակի ու պահման պայմանների վերաբերյալ։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից տեղեկացրին՝ սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմից հետո Բաքուն հաստատել է 16 արցախցիների գերեվարման փաստը։

XS
SM
MD
LG