Երևանը հույս ունի՝ Բաքվի հետ համաձայնության գալ նաև հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հետքաշման հարցում, խոսելով Ադրբեջանի հետ քննարկվող վստահության ապահովման նոր քայլերից՝ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Օրերս Երևանն ու Բաքուն զինծառայողների ազատ արձակման մասին պայմանավորվեցին: «Ազատությունն» այսօր արտգործնախարարից հետաքրքրվեց՝ երկկողմ ի՞նչ այլ քայլեր են քննարկվում։
Հայաստանը զորքերի հայելային հետքաշումն իբրև սահմանային լարվածությունը թուլացնելու տարբերակ առաջարկել էր 2021-ին՝ ադրբեջանական ներխուժումից հետո, բայց ադրբեջանական զորքն այդպես էլ ոչ այդ, ոչ էլ հաջորդ տարի գրաված տարածքներից դուրս չեկավ:
«Մենք կարծում ենք, որ զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիաները: Այստեղ, ես չեմ ուզում ասել, թե ունենք համաձայնություն, սա գաղափար է, որը քննարկվում, նաև այլ գաղափարներ կան, որոնք քննարկվում են: Բայց կարող եմ հույս հայտել, որ ահա այսպիսի փոխադարձ քայլերը, անշուշտ, դրական ազդեցություն են ունենալու հարաբերությունների կարգավորման վրա, բայց հիմնական գործընթացը, այնուամենայնիվ, իհարկե, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են», - ընդգծեց Միրզոյանը:
Ըստ Միրզոյանի, խաղաղության գործընթացում առաջ շարժվել հնարավոր է, եթե Ադրբեջանը ցույց տա իր հավատարմությունը 3 հիմնական սկզբունքներին: Երևանը բազմիցս է դրանք հրապարակել՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանազատում՝ հիմնվելով Խորհրդային միության վերջին քարտեզների վրա, և տարածաշրջանային ապաշրջափակում՝ հարգելով երկրների ինքնիշխանությունը։
Հայաստանի արտգործնախարարն այսօր էլ Բաքվին կոչ արեց վերադառնալ բանակցությունների սեղան։ Ինչ վերաբերում է քննարկումները հիմնականում երկկողմ ձևաչափ տեղափոխելու՝ Բաքվի առաջարկին, Միրզոյանն ասաց՝ Երևանը նաև միջազգային միջնորդությամբ բանակցությունները շարունակելու կողմնակից է:
«Եթե շատ բծախնդիր նայենք այս ձևաչափերի հարցին, մեր վերջին շրջանի՝ երկու, երեք տարվա բանակցությունները եղել են երկկողմ, համենայն դեպս այդպես ենք հռչակել, ֆասիլիտացվել են միջազգային դերակատարների կողմից: Մենք կարծում ենք, որ այսպես էլ պետք է շարունակել, ինչ-որ չափով դրանք արդեն ցույց են տվել իրանց արդյունավետությունը, գործի մեծագույն մասն արդեն արված է, և եթե մենք վերադառնանք ու նույն ընդունված մեխանիզմներով շարունակենք աշխատել, մենք կկարողանանք արագ արդյունքի հասնել», - ընդգծեց ԱԳ նախարարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կրկին երկկողմ ձևաչափով աշխատելու կոչ է անում ԵրևանինՀայաստանի արտգործնախարարն այսօր լրագրողների հարցերին պատասխանում էր էստոնացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ընթացքում։ Հայաստանն, ասաց, պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնել այնքան, որքան Բրյուսելը դա հնարավոր կհամարի:
«Եվրոպական միությունը սատարում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները, Եվրոպական միությունը և Հայաստանը հիմա ուղիներ են փնտրում՝ տեսնելու՝ ինչպես կարող են նաև տնտեսական բազմազանություն ապահովել հայկական ապրանքների և Հայաստանի տնտեսության համար: Կան շատ կոնկրետ ծրագրեր և լուծումներ, ես այս պահին չէի ցանկանա ավելի մանրամասնել, որովհետև դեռ քննարկումների փուլում են», - նշեց Միրզոյանը:
Էստոնիայի ԱԳ նախարարն էլ իր հերթին հայտարարեց՝ պատրաստ են աջակցելու Հայաստանին ԵՄ-ին միանալու գործընթացներում։ Նախարարը հույս ուներ՝ արդեն հաջորդ տարվա առաջին կեսին վիզաների ազատականացման երկխոսության հարցում առաջընթաց կլինի։
Էստոնացի նախարարը հայտարարեց՝ Տալլինը կսկսի ցեղասպանության ճանաչման գործընթաց։ Նա այցի շրջանակներում Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։