Ադրբեջանի նախագահը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ լուրջ խոչընդոտ չի տեսնում. Իլհամ Ալիևի խոսքով՝ հիմա, երբ «Ղարաբաղի խնդիրը փակ է», Երևանն ավելի պատրաստ կլինի համաձայնության գալ:
«Կարծում եմ՝ խաղաղությունն այլընտրանք չունի: Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը ռիսկերից զերծ լինի, և, իհարկե, ուզում ենք, որ Հայաստանը երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում. այն նոյեմբերի 23-ին է նկարահանվել, սակայն այսօր է հեռարձակվել։
Ծավալուն հարցազրույցում Ադրբեջանի նախագահը մի շարք հարցերի է անդրադառնում։ Իլհամ Ալիևի խոսքով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո երկու երկրների միջև սկսված այդ գործընթացի հիմնական խոչընդոտն այն էր, որ Երևանը ցանկանում էր խաղաղության պայմանագրում ներառել նաև Լեռնային Ղարաբաղի հայերին վերաբերող դրույթ, Բաքուն, մինչդեռ, սա ներքին խնդիր է համարել։
«Եթե նրանք ուզում են, որ ներառվի Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցը, եկեք ներառենք նաև երեսուն տարի առաջ Հայաստանից վտարված՝ այդ երկրում ադրբեջանական փոքրամասնության հարցը: Այսինքն` մեր դիրքորոշումն այն էր, որ սա փոխադարձ պետք է լինի», - ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ խաղաղության պայմանագրում կամ պետք է ներառվի երկու ազգային փոքրամասնությունների հարցը, կամ էլ նման դրույթ ընդհանրապես չընդգրկվի։
Ալիևի խոսքով՝ Հայաստանն այժմ բանակցային գործընթացում կարող է ավելի համարձակ լինել, քանի որ «խոչընդոտող հիմնական գործոնը վերացել է»։
Նախօրեին երկու երկրների ղեկավարների աշխատակազմերը համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ շեշտելով, թե Երևանն ու Բաքուն համակարծիք են՝ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, ու վերահաստատեցին հարաբերությունները կարգավորելու կողմերի մտադրությունը։
Երևանն ու Բաքուն տեղեկացրին՝ պայմանավորվել են պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկել։
Մինչ այս համատեղ հայտարարությունը տեսագրված հարցազրույցում Իլհամ Ալիևը դժգոհում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների տեմպից ու հայտարարում, թե Երևանը ձգձգում է գործընթացը։ Կողմերն արդեն մի քանի անգամ փոխանակել են պայմանագրի նախնական տարբերակի շուրջ առաջարկություններ։ Նոյեմբերին Հայաստանի արտգործնախարարությունը, առանց փակագծեր բացելու, իր արդեն վեցերորդ առաջարկը ներկայացրեց Բաքվին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին պարբերաբար հայտարարում է՝ խաղաղության հասնելու երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Դրանք են՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման, դելիմիտացիայի իրականացման ու տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու հետ կապված հարցերը։
«Մենք մեր առաջարկները սեպտեմբերի 11-ին էինք փոխանցել։ Նրանց պատասխանը ստացել ենք ավելի քան երկու ամիս անց՝ սա նշանակում է, որ նրանք ուզում են արհեստականորեն ձգձգել գործընթացը», - պնդել է Ադրբեջանի նախագահը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղը լքած ավելի քան 100 հազար հայերին՝ Իլհամ Ալիևը կրկնել է Բաքվի պնդումը. դա մարդկանց որոշումն էր, իրենք ուզում էին, որ նրանք մնային։
Ալիևը վստահեցնում է՝ վերադառնալ ցանկացողները դրա իրավունքն ունեն, նրանց սեփականությունը պատշաճ կերպով պաշտպանված է։ Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ վերադառնալու համար որոշ կանոններ կան։ Հայերը պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար կամ էլ աշխատանքի ու կեցության իրավունք ստանան։
Այս ծավալուն հարցազրույցում Ադրբեջանի նախագահը նաև տնտեսական հարցերից է խոսում. Բաքուն պետական ներդրումները հիմնականում ուղղելու է «Ղարաբաղի ազատագրված տարածքներին»:
Առաջիկա երեք տարիների ընթացքում Ադրբեջանը պլանավորում է ավելի քան 140 հազար քաղաքացիների վերաբնակեցնել Ղարաբաղում։