Հայաստանը պատրաստ է աշխատել միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջան խաղաղություն և զարգացում բերելու համար, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նաև սահմանազատման գործընթացը։
«Հայաստանը հրապարակայնորեն և թափանցիկ կերպով հայտարարել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրն այն հիմնարար փաստաթուղթն է, որի հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - ընդգծել է Գրիգորյանը։
Շեշտելով, որ խաղաղության հաստատման գործընթացում հաջորդ կարևոր քայլը տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված ապագա պայմանավորվածությունների ձեռքբերումն է՝ Գրիգորյանը նշել է, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման նպատակին հասնելու համար Հայաստանը կարևորում է հարգանքը հետևյալ չորս սկզբունքների նկատմամբ. ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան. Ինքնիշխանության հարգմամբ՝ Հայաստանը պատրաստ է մաս դառնալ տարածաշրջանային նախագծերինՀայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը, նաև հայտարարել է ԱԽ քարտուղարը՝ շեշտելով՝ այս համատեքստում Հայաստանը կարևորում է գործընկերությունն արևմտյան և ասիական երկրների հետ։
«Ցանկանում եմ նաև ընդգծել, որ Հայաստանում ընթանում է զինված ուժերի բարեփոխման լայնածավալ գործընթաց, որը ներառում է կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ։ Հարկ եմ համարում կրկնել, որ մենք ընկալում ենք Հայաստանի զինված ուժերի ժողովրդավարացումը, ինչպես նաև անվտանգության ոլորտում միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը՝ որպես Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության պաշտպանության հիմնասյուներ», - եզրափակել է ԱԽ գլխավոր քարտուղարը։
ԵԱՀԿ ԽՎ-ն երեկ ավարտել է աշնանային նստաշրջանի աշխատանքը։ Այն մեկնարկել էր նոյեմբերի 18-ին՝ Երևանում։
Ազգային ժողովից հայտնել էին, որ Հայաստանը հյուրընկալել էր կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորների: Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը չէին մասնակցում նիստին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրիգորյան. Երևանը դիմել է ԵՄ-ին գործակցությունն ընդլայնելու համար՝ նաև անվտանգության ուղղությամբ