Մատչելիության հղումներ

Գրիգորյան. Երևանը դիմել է ԵՄ-ին գործակցությունն ընդլայնելու համար՝ նաև անվտանգության ուղղությամբ


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Հայաստանը դիմել է Եվրամիությանը տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու, նույնիսկ՝ անվտանգության, Բրյուսելում այսօր հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանը, սակայն, չի մանրամասնել, թե Երևանն Արևմուտքի հետ ինչպիսի գործակցություն է ակնկալում անվտանգության ոլորտում:

«Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է, և այդ թիրախավորումից պաշտպանվելու համար անհրաժեշտ է նաև՝ Հայաստանը լուրջ աջակցություն ստանա. Հայաստանը աջակցություն ստանա՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, Հայաստանը աջակցություն ստանա՝ անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացնելու իր ռեսուրսները», - ընդգծել է Գրիգորյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղարն այդ մասին խոսել է հայաստանյան քաղհասարակության նախաձեռնած «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովի ընթացքում: Առանց մանրամասներ ներկայացնելու, Գրիգորյանը շեշտել է՝ անվտանգության թեմայով նախկինում Երևանը նման մակարդակի քննարկումներ չի ունեցել Արևմուտքի հետ, բերելով Ֆրանսիայի օրինակը: Երևանն ու Փարիզն անցած ամիս ռազմական համագործակցության, այդ թվում՝ պաշտպանական սպառազինության մատակարարման պայմանագիր կնքեցին։

«Դեռևս օրինակելի երկրներ կան, օրինակ՝ Ֆրանսիան, ում հետ ռազմական ոլորտում մենք շատ մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ և՛ հավաքական Եվրոպան, և՛ անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը», - ասել է Գրիգորյանը՝ շարունակելով. - «Եվ երբ ես ասում եմ անվտանգային համագործակցություն, դա միայն ի նկատի չունեմ ռազմականը՝ անվտանգություն ավելի լայն կոնտեքստում»:

ԱԽ քարտուղարը Բրյուսել է մեկնել Երևանի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին։ Նախօրեին նա հրաժարվել էր մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հավաքին՝ առանց պատճառները հստակեցնելու։

Արդյո՞ք Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմամբ Երևանը նպատակ ունի փոխել արտաքին քաղաքական վեկտորը, Գրիգորյանն այդ հարցին չի անդրադարձել։

Մինչ այդ Երևանից մի քանի անգամ ու ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով հերքել են այդ մասին պնդումները:

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որի շրջանակներում մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, մեզնից առաջ է ստորագրվել: Այսինքն՝ մենք ոչ մի բան չենք փոխում: Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչ որ կա, ոչ մի բան մենք չենք չեղարկել, ոչ մի տեղից դուրս չենք եկել», - մեկ ամիս առաջ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գրիգորյանը նաև Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձել, կրկին հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բնակցությունները Բրյուսելի միջնորդությամբ։ Վերջին նման հանդիպումը չկայացավ, քանի որ Ադրբեջանի նախագահը «ժամանակ չգտավ»։ Թեև նոր հանդիպման ժամկետների մասին հստակություն չկա, Արմեն Գրիգորյանն այսօր Բրյուսելում ներկայացրել է, թե Երևանն ինչ է ակնկալում խաղաղության պայմանագրից։

«Ինչ ենք մենք ուզում լինի՝ որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը հստակեցվի, հրապարակային հաստատվի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր՝ Հայաստանի Հանրապետությունը, և 86 հազար 600՝ Ադրբեջանի Հանրապետությունը, ապաշրջափակումը տեղի ունենա չորս սկզբունքների հիման վրա, այսինքն՝ սուվերենության, յուրիսդիկցիայի՝ իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա», - ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Միևնույն ժամանակ Արմեն Գրիգորյանն ընդգծել է՝ Երևանի համար կարևոր հարցերից մեկը շարունակում է մնալ գերիների վերադարձը։

XS
SM
MD
LG