Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունեն, ողջունելով Բրյուսելի՝ Արևելյան գործընկերության երկրներից Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ անդամության բանակցություններ սկսելու, իսկ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու որոշումը՝ երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։
Արարատ Միրզոյանը մասնակցում էր Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին։
Հայաստանն ու ԵՄ-ն նաև հետաքրքրված են ընդլայնելու համագործակցությունը արտաքին, անվտանգային և պաշտպանական ոլորտներում, այս համատեղ հայտարարությունն էլ տարածվեց Հայաստան-ԵՄ երեկվա քաղաքական երկխոսությունից հետո, որը հայկական կողմից համանախագահում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Վերջին օրերին եվրոպական մայրաքաղաքում հանդիպում-քննարկումներ անցկացնող հայաստանցի բարձրաստիճան դիվանագետների հայտարարություններում կարմիր թելով անցնում է Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու թեման, բայց ներսում հայտարարում են՝ այս պահին չեն ծրագրում դուրս գալ Մոսկվայի առաջնորդած անվտանգային ու տնտեսական դաշինքներից՝ ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից։
«Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որի շրջանակներում մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, մեզնից առաջ է ստորագրվել։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ինչ որ կա, ոչ մի բան մենք չենք չեղարկել», - ավելի վաղ ասել էր վարչապետը։
Այսօրվա համագործակցությունն ավելին է, քան կարող էր լինել Հայաստան-Եվրամիություն գործող համաձայնագրով, կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ հիշեցնելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների տեղակայումը։ Եվրոպան նրանց թիվն ավելացնելու ծրագրեր ունի։
Երեկ էլ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը, որը օրեր առաջ Փարիզում հանդիպել էր Հայաստանի վարչապետին, Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում խոսել է նաև նոր առաջարկների մասին. - «Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը հրապարակավ ասել է, որ մտադիր է Հայաստանի ու Միացյալ Նահանգների հետ համատեղ հանդիպում ունենալ՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք Հայաստանը մոտեցնել մեզ։ Ես քննարկել եմ սա վարչապետի հետ մի քանի օր առաջ, և մենք մշակում ենք՝ ինչ տեսք կարող է դա ունենալ, ինչ առաջարկ կարող է ներկայացնել Եվրամիությունը՝ առևտրի ոլորտում արտոնությունների, տնտեսական գործակցության ու եվրոպական շուկա մտնելու վերաբերյալ, ինչը ծայրահեղ կարևոր է»։
Եվրամիության հետ գործող համաձայնագիրը ազատ առևտուր չի նախատեսում, քանի որ Հայաստանը տնտեսական այլ դաշինքի անդամ է։
Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը թուլացնելու՝ Արևմուտքի վերջին շրջանի ակտիվացած քայլերն, ըստ քաղաքագետի, արձագանք են սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններին ու էթնիկ զտումներին. վտանգ են տեսնում, որ Ադրբեջանը կարող է նաև Հայաստանի վրա հարձակվել։
Արևմուտքը մի օր Հայաստանին կարո՞ղ է դնել ընտրության առջև՝ Եվրոպա՞ն, թե՞ Ռուսաստանը. այս պահին, կարծում է Գրիգորյանը, Արևմուտքի կողմից նման պահանջ չկա։
«Դժվար է ասել, թե Հայաստանի իշխանությունները ինչքան են ուզում խորացնել այդ համագործակցության աստիճանը։ Եթե, օրինակ, խոսքը գնա Եվրամիության անդամակցության մասին, որը այս պահին, կարծես թե, իրատեսական չէ, պարզ է, որ Հայաստանը, օրինակ, չի կարող լինել և՛ Եվրոպական միության, և՛ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Բայց, այս պահին, կարծես թե, այդ համագործակցության աստիճանը մոտակա տարիների ընթացքում առնվազն չի կարող հասնել դրան, և կարծես թե, նմանատիպ հայտարարված նպատակ էլ չկա Եվրոպայի կողմից», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Բրյուսելը երեկ վերահաստատել է՝ աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության, սահմանազատմանը՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա, կոմունիկացիաների բացմանը՝ երկրների ինքնիշխանության հարգմամբ։ Երևանը հենց այդ սկզբունքներն է կարևորում խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին:
Հայ-ֆրանսիական զենքի համաձայնագիրն Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո կնքվեց, Բրյուսելը սկսեց խոսել նաև Եվրոպական Խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունից։ Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ Հայաստան-ԵՄ երեկվա երկխոսության ընթացքում քննարկվել է այդ խողովակով, ինչպես ձևակերպել էին, «Հայաստանին ոչ մահաբեր սպառազինությունների տրամադրման հարցը»:
Արևմտյան օգնությունը կպաշտպանի՞ Հայաստանն ադրբեջանական հնարավոր հարձակումից, քաղաքագետն ասում է. - «Կարծում եմ՝ նույնիսկ այս քայլերով դժվար է լինելու լցնել այն անվտանգային վակուումը, որը ձևավորել է մեր տարածաշրջանում։ Այստեղ դեռևս տարիների աշխատանք կա, և Հայաստանը ևս պետք է ակտիվ աշխատի այդ ուղղությամբ, առաջին հերթին սեփական կարողությունները մեծացնելու ուղղությամբ։ Այս քայլերը, իհարկե, չեն չեզոքացնում, բայց նվազեցնում են, օրինակ, նույն ագրեսիայի հավանականությունը Ադրբեջանի կողմից»։
Այս քննարկումների ֆոնին անորոշ է մնում հայ-ադրբեջանական առաջիկա բանակցությունների հեռանկարը։