Հայկական կողմը «Խաղաղության և պետական հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագրի նախագիծը մեկնաբանելու, «ինչի ստորագրումը ձգձգում է արդեն երկու ամսից ավելի, և պայմանագրի շուրջ բանակցությունները սկսելու փոխարեն Ադրբեջանի դեմ հայտարարություններով է հանդես գալիս», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:
Անդրադառնալով Երևանում երեկ մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Հայաստանի վարչապետի ելույթին, որում Նիկոլ Փաշինյանն ասել է, մասնավորապես, որ Ադրբեջանը չի հայտնել իր դիրքորոշումը երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար Եվրամիության միջնորդությամբ առաջարկված երեք սկզբունքների վերաբերյալ, Հաջիզադեն «հակասական» է որակել այն՝ պարզաբանելով. - «Հայտարարության կողքին, ըստ որի՝ երկու երկրների միջև կա համաձայնություն բազային սկզբունքների և սահմանների դեմարկացիայի վերաբերյալ, և որ Հայաստանն ու Ադրբեջանը տարածքային պահանջներ չունեն իրար նկատմամբ, Հայաստանի վարչապետը խոսում է մեր երկրի՝ Հայաստանի հետ պատերազմի պատրաստվելու մասին»:
«Չնայած վերջին երեք տարիներին Ադրբեջանի առաջ քաշած նախաձեռնություններին՝ կապված 5 բազային սկզբունքների, սահմանների դեմարկացիայի, հաղորդակցությունների բացման և խաղաղ համաձայնագրի ստորագրման հետ, Հայաստանն այդ գործընթացի խոչընդոտներ է հարուցել», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պնդել է Հաջիզադեն:
Նրա հավաստմամբ՝ Հայաստանի վարչապետը «բացարձակապես անհիմն ներկայացնում է Արևմտյան Ադրբեջանի համայնքի՝ հարազատ հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի ցանկությունը և այդ ուղղությամբ անցկացվող քարոզչությունը որպես «նախապատրաստում ագրեսիային»:
Հաջիզադեն հայկական կողմին մեղադրել է տարբեր միջազգային հարթակներում իր երկրի դեմ «զրպարտչական բնույթի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակելու» մեջ, կոչ արել հրաժարվել «խաղաղության հեռանկարները վտանգող հայտարարություններից և օգտվել տարածաշրջանի՝ խաղաղության և համագործակցության տարածքի վերածվելու ստեղծված պատմական հնարավորություններից»:
«Հուսով ենք՝ Հայաստանը համարժեք կպատասխանի ադրբեջանական կողմի կոչերին՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և մոտ ժամանակներս խաղաղ համաձայնագրի ստորագրմանը», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: