Մատչելիության հղումներ

Մոսկվան վստահելի կողմ չէ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը՝ հայ - ադրբեջանական բանակցությունների մասին


«Ազատության» հյուրն է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը։

«Ազատություն». - Չնայած միջնորդների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ջանքերին՝ Բաքուն երեկ հաղորդեց, որ չի մասնակցի վաշինգտոնյան բանակցություններին՝ միաժամանակ խիստ քննադատելով Միացյալ Նահանգներին կողմնակալության համար։ Ինչպե՞ս կարձագանքեք։

Մայքլ Քարփենթեր. - Մենք շարունակում ենք համարել, որ Հայաստանի և Ադրբեջանի համար չափազանց կարևոր է հարաբերությունների կարգավորումը, որպեսզի տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություն, բացվեն տրանսպորտային կապերը։ Մենք կարծում ենք, որ այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալը բոլորի, անշուշտ, Միացյալ Նահանգների օգտին է: Եվ ուրեմն, մենք շարունակելու ենք փորձել հեշտացնել դա մեզ հասանելի գործիքների միջոցով: Եվ հուսով ենք, որ կողմերը նույնպես հասկանում են, որ դա բխում է նաև իրենց շահերից։

«Ազատություն». - Պետքարտուղարի օգնականն ասել էր՝ առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու հայ - ադրբեջանական բանակցությունների համար։ Կարելի՞ է ասել, որ Բաքվի «ոչ»-ը, մերժումը փակեց հնարավորությունների այս պատուհանը։

Մայքլ Քարփենթեր. - Ոչ։ Ես չէի ասի, որ այս պահին որևէ պատուհան փակ է։ Ես ֆիքսված ժամանակացույց չէի դնի բանակցային գործընթացի համար։ Ես դա չէի անի նաև վեց ամիս կամ մեկ տարի առաջ: Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլոր կողմերը կրկնապատկեն իրենց ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար, քանի որ դա, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը, մեզ համար չափազանց կարևոր է: Այսպիսով, մենք պատրաստվում ենք շարունակել դա անել:

«Կողմերը կօգտվեն այն ուղիներից, որոնք հնարավորություն կտան առաջընթաց գրանցել բանակցություններում»

«Ազատություն». - Ադրբեջանը չգնաց Վաշինգտոն, բոյկոտում է նաև Բրյուսելի հարթակը, մտավախություն չկա՞, որ Արևմուտքը կկորցնի առաջնորդությունը, հատկապես որ Ռուսաստանը հետևողական փորձում է Մոսկվայում հանդիպում կազմակերպել:

Մայքլ Քարփենթեր. - Կողմերը կօգտվեն այն ուղիներից, որոնք հնարավորություն կտան առաջընթաց գրանցել բանակցություններում։ Իհարկե, ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգները։ Կարծում եմ, որ մենք շատ հետևողական և սկզբունքային ջանքեր գործադրեցինք՝ այս գործի համար մեր լավ հաստատություններն առաջարկելով: Անշուշտ, պետքարտուղար Բլինքենն իր շատ ժամանակ, ջանք ու ռեսուրսներ է հատկացրել բանակցություններին աջակցելու և կարգավորման այս համաձայնագիրն առաջ մղելու համար: Այնպես որ, մենք կշարունակենք առաջարկել այդ լավ հաստատությունները։ Եվ դարձյալ, ի վերջո, կողմերից է կախված, թե որ գործընթացն է առավել նպաստավոր իրենց շահերին:

«Ռուսաստանը վերջին 18 ամիսների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի ոլորտում վստահելի չէ»

«Ազատություն». - Պարոն դեսպան, արդյո՞ք այս հարցում Վաշինգտոնը Մոսկվայի հետ համագործակցելու հեռանկար տեսնում է։ Ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խումբը ֆորմալ կա, չի լուծարվել։

Մայքլ Քարփենթեր. - Հետևյալը կասեմ՝ Ռուսաստանը վերջին 18 ամիսների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի ոլորտում վստահելի չէ։ Նա դաժանությամբ հարձակվել է իր հարևանի վրա, և միայն դա չէ։ Ռուսաստանը ստել է միջազգային տարբեր պարտավորությունների մասին և բազմիցս խախտել է դրանք վերջին տարիներին։ Կարիք չկա Ձեզ հիշեցնել այն փաստը, որ Ռուսաստանը զորքեր է տեղակայում Մոլդովայում և Վրաստանում առանց այդ երկրների համաձայնության։ Եվ կան մի շարք այլ դեպքեր, որոնք ես կարող եմ մատնանշել, որ ցույց են տալիս՝ Մոսկվան իսկապես վստահելի կողմ չէ բանակցություններում:

«Ազատություն». - Բայց մյուս կողմից՝ Մոսկվան է սպառնալիք տեսնում, թե Արևմուտքը փորձում է Ռուսաստանը դուրս մղել այս տարածաշրջանից։

«Միացյալ Նահանգների շահը կայուն և երկարատև խաղաղություն տեսնելն է»

Մայքլ Քարփենթեր. - Ինչպես սկզբում ասացի, Միացյալ Նահանգների շահը կայուն և երկարատև խաղաղություն տեսնելն է։ Դա պետք է լինի արդարացի խաղաղություն: Իհարկե, այն պետք է հիմնված լինի երկու կողմերի շահերի վրա։ Բայց, ի վերջո, մենք հավատում ենք, որ սա է առաջընթացի ճանապարհը: Տեսեք, թե ինչ արեց հակամարտությունը։ Այն մարդկանց տեղահանում է իրենց տներից, հանգեցնում ողբերգությունների թե՛ անհատական մասշտաբով՝ ընտանիքների համար, թե՛ ընդհանուր համայնքների համար, թե՛ առաջացնում է ցասում, որ կարող է երկար տևել: Սա ոչ մեկի շահից չի բխում։ Այդ իսկ պատճառով մենք հենց սկզբից մոտեցել ենք այս գործընթացին լուծում գտնելու շահագրգռվածությամբ։

«Ազատություն». - Իսկ հիմա՞։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կոնտակտներ կա՞ն, ինչ-որ շփումներ եղե՞լ են։

Մայքլ Քարփենթեր. - Ես տեղյակ չեմ Մինսկի խմբի ձևաչափով որևէ շփումների մասին։ Իհարկե, Մինսկի խումբը շարունակում է գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ կողմերն այլ բան չեն որոշել, բայց այս պահին շփումներ չկան։

«Ազատություն». - Իսկ Մինսկի խմբից դո՞ւրս։ Հիշեցնեմ՝ Politico-ն հաղորդեց, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Եվրամիության դիվանագետները հանդիպել էին Թուրքիայում սեպտեմբերին՝ ադրբեջանական հարձակումից ընդամենը օրեր առաջ։ Դա ի՞նչ հանդիպում էր։

Մայքլ Քարփենթեր. - Եղել են մի շարք հաղորդումներ, որոնք հիմնված են կեղծ տեղեկությունների վրա, դրանք վերաբերում են նախկին պաշտոնյաների, վերլուծական կենտրոնների փորձագետների և այլոց այսպես կոչված երկրորդ ուղու քննարկումներին: Ես տեղյակ չեմ ռուս գործընկերների հետ ամերիկացի պաշտոնյաների հանդիպումների մասին։ Մեր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը շատ հստակ էր այս առումով․ երբ խոսքը վերաբերում է այնպիսի կարևոր հարցի, ինչպիսին ռազմավարական կայունությունն է, մենք պատրաստ ենք քննարկումներ ունենալ: Բայց այս պահին մյուս կողմը՝ նկատի ունեմ Ռուսաստանը, պարզապես պատասխանատվությամբ չի մոտենում այս կարգի թեմաներին։ Ես կասեի՝ ճիշտ հակառակն է։ Եվ այսպես, մենք ոչ մի հնարավորություն չենք տեսնում մոտ ժամանակներս արդյունավետ քննարկում ունենալու համար:

«Քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր չենք ունենա, մեր աշխատանքը չի ավարտվի»

«Ազատություն». - Պարոն դեսպան, այն խնդիրը, որ հակամարտության սկզբում դրվել էր Մինսկի խմբի առջև՝ հասնել հակամարտության խաղաղ ու դիվանագիտական կարգավորմանը, հիմա Դուք լուծված համարո՞ւմ եք։

Մայքլ Քարփենթեր. - Ես չեմ պատրաստվում հետ գնալ և հետահայաց նայել, թե ինչ է արել Մինսկի խումբը։ Բայց հստակ է՝ քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, երկարատև խաղաղության համաձայնագիր չենք ունենա, մեր աշխատանքը չի ավարտվի։

«ԱՄՆ-ն, ԵԱՀԿ-ն շատ կենտրոնացած են, որ անվտանգ և արժանապատիվ վերադարձի սկզբունքը պահպանվի»

«Ազատություն»․ - Ինչո՞ւ հնարավոր չեղավ կանխել հայերի բռնի տեղահանումը, չէ՞ որ Միացյալ Նահանգներից հնչում էին հավաստիացումներ, որ չեն հանդուրժվի էթնիկ զտումները։

Մայքլ Քարփենթեր. - Կարծում եմ, շատ կարևոր է, որ մենք գիտակցենք՝ ավելի քան 100 հազար մարդ լքել է Լեռնային Ղարաբաղը։ Նրանք թողել են իրենց ունեցվածքը։ Ոմանք նույնիսկ հագուստի ճամպրուկը հավաքելու հնարավորություն չեն ունեցել։ Նրանք իրենց հետևում թողեցին տներ, համայնքներ, ընկերներ և այն վայրը, որտեղ ապրել են իրենց ծնողները, տատիկներն ու պապիկները և նախապապերը: Այնպես որ, սա ողբերգություն է։ Եվ մենք ցանկանում ենք ապահովել իսկապես աջակցություն նրանց, և հենց այստեղ է, որ ԵԱՀԿ-ն նույնպես շատ կենտրոնացած է ապահովելու, որ միջազգային իրավունքի՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի ու կայուն վերաինտեգրման սկզբունքը պահպանվի: Եվ մենք դիտարկելու ենք մեր տարբեր միջազգային գործընկերների հետ աշխատելու հնարավորությունը, որպեսզի տեսնենք, թե ինչպես լավագույնս կարող ենք աջակցել դրան:

«Ազատություն»․ - Վաշինգտոնն ասում է՝ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է հայրենիք վերադառնալու իրավունք ունենան։ Դա պիտի լինի ըստ ադրբեջանակա՞ն օրենքների, թե՞ միջազգային երաշխիքներով, ինչպես հայկական կողմն է պնդում։ Արդյո՞ք Վաշինգտոնը այս հարցում պատրաստ է Ադրբեջանի վրա ճնշում գործադրել։

Մայքլ Քարփենթեր. - Անվտանգ և արժանապատիվ վերադարձի ու այնուհետև կայուն վերաինտեգրման սկզբունքը միջազգային իրավունքի հայեցակարգ է, որն աջակցում են Միգրացիայի միջազգային կազմակերպությունը և նման այլ կառույցներ: ԵԱՀԿ-ն պոտենցիալ շահագրգռված է նաև դերակատարում ունենալ նման նախաձեռնությունում: Պատասխանելով Ձեր հարցին՝ այն պետք է հիմնված լինի միջազգային չափանիշների և յուրաքանչյուր անհատի մարդու իրավունքների, ինչպես արժանապատվության նկատմամբ լիարժեք հարգանքի վրա:

«Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը, երբեք ուժ չկիրառելու պարտավորությունը միջազգային իրավունքի սկզբունքներ են»

«Ազատություն»․ - Մյուս կողմից Վաշինգտոնը զգուշացնում է, որ կոշտ արձագանք կլինի, եթե Ադրբեջանը ուժով միջանցք բացի Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան, նման վտանգ տեսնու՞մ եք։

Մայքլ Քարփենթեր. - Թույլ տվեք սա հնարավորինս միանշանակ ձևակերպեմ․ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը, սահմանների անձեռնմխելիությունը և երբեք ուժ չկիրառելու պարտավորությունը միջազգային իրավունքի սկզբունքներ են։ Դրանք Հելսինկյան եզրափակիչ ակտի մի մասն են, նաև ՄԱԿ-ի կանոնադրության տարրեր են: Միջազգային հանրության բոլոր անդամների պարտավորությունն է պահպանել այդ սկզբունքները:

«Ազատություն»․ - Պարոն դեսպան, Սենատը նախագահին առաջարկում է 2 տարով կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Ձեր գանահատմամբ, այն կհասնի՞ նախագահի ստորագրմանը։

Մայքլ Քարփենթեր. - Տեսեք, ես չեմ կարող կանխատեսել, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը։ Ես միայն կարող եմ կրկնել այն, ինչ օրերս Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ասաց պետքարտուղարի օգնական Ջիմ Օ'Բրայենը, որ հետևանքներ կլինեն: Եվ պարզ է, որ դա տեղի կունենա առաջիկա օրերի, շաբաթների և ամիսների ընթացքում:

«Ազատություն»․ - Իսկ համաձա՞յն եք Սենատի գնահատականի հետ, որ այդ արգելքը պետք է ընկալել որպես Հայաստանի պաշտպանության օրենք։

Մայքլ Քարփենթեր. - Այն ամենի առումով, ինչ անում է վարչակազմը, մենք միշտ խորհրդակցում ենք Կոնգրեսի մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների Սենատում: Եվ մենք խնդրում ենք նրանց խորհուրդն ու համաձայնությունը մեր շատ գործերի համար: Եվ հետագայում էլ մենք խորհրդակցելու ենք Կոնգրեսի հետ՝ առաջընթացի լավագույն ճանապարհի շուրջ: Եվ ես կարծում եմ, որ պետքարտուղարի օգնական Օ'Բրայենի ցուցմունքը առաջին քայլն էր Կոնգրեսի հետ առաջիկա շաբաթների ընթացքում մի քանի փոխգործակցությունների շարքում:

«Ակնկալում եմ, որ երկկողմ հարաբերություններում ռազմական ոլորտը ժամանակի ընթացքում կընդլայնվի»

«Ազատություն»․ - Բայց պաշտպանության համար Հայաստանին, ըստ իշխանությունների, ավելին է պետք, արդյո՞ք կա Երևան-Վաշինգտոն ռազմական ավելի սերտ համագործակցության հեռանկար։

Մայքլ Քարփենթեր․ - Ես հենց նոր խոսում էի գործընկերներիս հետ այն մասին, որ վերջին անգամ այստեղ էի՝ Երևանում, երբ աշխատում էի Պենտագոնում՝ որպես պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ։ Իսկ այն ժամանակ ես լավ համագործակցային հարաբերություններ ունեի Հայաստանի պաշտպանության նախարարության հետ։ Մենք փաստորեն քննարկում էինք, թե ինչպես կարող ենք համագործակցել խաղաղապահ գումարտակի վերապատրաստման հարցում, որն այն ժամանակ ուներ Հայաստանը։ Կարծում եմ, որ դրան հետևած տարիներին մեր պաշտպանական հարաբերություններն ավելի սերտացել են, և ավելի շատ հնարավորություններ կան ներգրավվելու ռազմական գերատեսչությունների միջև, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտում համատեղ գործողություններում: Այսպիսով, եթե ես ճիշտ եմ հասկանում, ավելի շատ գումար է նախատեսվել արտաքին ռազմական ֆինանսավորման և այդ տեսակի գործունեության համար: Ուստի ես ակնկալում եմ, որ մեր երկկողմ հարաբերությունների այս ոլորտը, եթե կուզեք, ժամանակի ընթացքում կընդլայնվի։

«Ազատություն»․ - Ի՞նչ կասեք զենքի տրամադրման կամ վաճառքի հնարավորության մասին, օրինակ, Ֆրանսիան գնաց այդ քայլին։

Մայքլ Քարփենթեր․ - Իհարկե, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ռազմական և պաշտպանական ինչ հարաբերություններ նա պետք է ունենա այլ երկրների հետ: Չեմ կարող կանխատեսել։ Հայտարարություններ անելու համար չէ, որ այստեղ եմ։ Բայց ինչպես ասացի, իմ տեսանկյունից, աշխատելով որպես Պենտագոնի պաշտոնյա աշխարհի այս տարածաշրջանում, ես կարող եմ տեսնել, թե ինչպես է մեր պաշտպանական համագործակցությունը ժամանակի ընթացքում զարգացել և դարձել ավելի ամուր:

«Ես այստեղ եմ ԵԱՀԿ ԽՎ բացման համար»

«Ազատություն»․ - Պարոն դեսպան, Ձեր այս այցի մասին։ Ի՞նչ օրակարգ ունեք Երևանում։

Մայքլ Քարփենթեր. - Ես այստեղ եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բացման համար, որը շատ կարևոր հնարավորություն է ԵԱՀԿ տարածաշրջանի խորհրդարանականների համար՝ համախմբվելու՝ աջակցելու խնդիրներին և երկրներին, որոնք մեր ուշադրության կենտրոնում են այս պահին: Այսպիսով, դա ներառում է, իհարկե, պաշտպանելը Ուկրաինային և պաշտպանելը նրա իրավունքները Ռուսաստանի կողմից իրականացվող այս դաժան ներխուժման դեմ: Բայց նաև նայելով այլ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, որը պետք է ասեմ՝ ԵԱՀԿ-ի տեսանկյունից շատ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ այն այժմ մոդել է, թե ինչպես կարող է երկիրը բարեփոխել ինքն իրեն և խորացնել իր ժողովրդավարական ինստիտուտները և օրենքի գերակայության հարցերով զբաղվել շատ արդյունավետ և կառուցողական կերպով։ Այսպիսով, մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այստեղ վերջին մի քանի տարիների ընթացքում որպես մոդել, որը կարող է ընդօրինակվել այլուր: Եվ իրականում սա մի տեղ է, որտեղ ԵԱՀԿ-ն կարող է տեղակայել ռեսուրսներ և որոշ ինստիտուտներ այս գործընթացին աջակցելու համար: Հիշեցնեմ, որ այստեղ 17 տարի շարունակ ԵԱՀԿ առաքելություն է գործել։ Ցավոք, 2017 թվականին այդ առաքելությունը գնաց, բայց մենք շարունակում ենք ուղիներ փնտրել աջակցելու Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։

«ԱՄՆ-ը վճռական է շարունակելու աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, մինչև նա կհաղթի այս պատերազմում»

«Ազատություն»․ - Իմ վերջին հարցը ուկրաինական ճգնաժամի մասին, եթե դեմ չեք։ Համաձա՞յն եք մտավախությունների հետ, որ մերձավորարևելյան հակամարտությունը հետին պլան է մղել Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։

Մայքլ Քարփենթեր. - Ես այդպես չէի ասի։ Կարծում եմ, որ Ուկրաինան մնում է, անշուշտ, ԵԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում։ Բայց, իհարկե, Իսրայելի և «Համաս»-ի միջև պատերազմը մարտահրավերներ է ստեղծում ողջ միջազգային հանրության համար: Եվ, այո, իհարկե, դա ավելացնում է հարցերի այն ցանկը, որը մենք պետք է լուծենք: Միևնույն ժամանակ՝ Միացյալ Նահանգների տեսանկյունից մենք վճռական ենք շարունակելու աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, մինչև նա կհաղթի այս պատերազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG