«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում կողմերի անվստահության պատճառով»․ Փաշինյան

Ինչո՞ւ չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը

Ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը, այսօր Ազգային ժողովում հարց հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով՝ մեծ հաշվով պատճառն անվստահությունն է կողմերի միջև։

«Որովհետև ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, երևի՝ Ադրբեջանը մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային տարբերակի վրա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց նաև, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Երևանի քաղաքական կամքը մնում է անսասան, սակայն հստակեցնելու մի քանի հարցեր կան։

«Մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է, մյուսն անվտանգային երաշխիքների ստեղծումը, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի»։

Ինչքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ

Փաշինյանն կրկին ընդգծեց՝ առանցքային երեք սկզբունքներն, ըստ էության, համաձայնեցված են Ադրբեջանի հետ և դա տեղի է ունեցել բանակցությունների ընթացքում, մասնավորապես, այս տարվա մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ։

Վարչապետը շեշտեց այդ սկզբունքները․

  • Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29․ 800 քառակուսի կմ է, իսկ Ադրբեջանի տարածքը 86․ 600 քառակուսի կմ։

  • Դելիմիտիացիայի համար պետք է օգտագործվեն Խորհրդային միության զինված ուժերի գլխավոր շտաբի1974-ից 1990 թվականների քարտեզները։

  • Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում նույնպես նման պահանջներ առաջ չքաշել։

  • Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության իրավազորության և փոխադարձության հիման վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հայտարարում է, թե «հասել է իր նպատակներին», սակայն Երևանից դեռ պահանջներ ունի

«Որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք»

2024-ի բյուջեով կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը, այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ վստահեցնելով՝ սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության։

Ըստ վարչապետի՝ քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիքն է։

«Ես վստահ եմ, որ մեր բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք, և այդ առումով մեր զինված ուժերի ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստությունները անկեղծ չեմ համարում։ Յուրաքանչյուր ինքնիշխան պետության պարտականութունն է ամրացնել բանակը, ինչը մենք անում ենք, և վերջին 10-ը տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում 3 անգամ ավելի են եղել և շարունակում են այդպիսին մնալ», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «ստիպված են ռազմական բյուջեն ռեկորդային մակարդակի հասցնել, քանի որ նույնիսկ պատերազմում պարտությունից հետո Հայաստանից վտանգ են տեսնում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը ավելի քան 3 մլրդ դոլար կհատկացնի 2023-ի ռազմական ծախսերին