Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի մի շարք հարցերում տարաձայնություններ ունեն. փոխնախարար


Խաղաղության պայմանագրի անկյունաքարը պետք է լինի երկու երկրների միջև սահմանագծի ամրագրումը՝ ԽՍՀՄ 75 թվի քարտեզներով, կառավարության նիստից հետո հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Չնայած վարչապետն ասում էր՝ խաղաղության պայմանագրի երեք սկզբունքները համաձայնեցված են, իսկ իշխանությունում նաև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրն իրականություն համարող լավատեսներ կան, փոխնախարարը մի շարք հարցեր թվարկեց, որոնց շուրջ Երևանն ու Բաքուն չունեն համաձայնություններ։

«Մեզ համար շարունակում է շատ սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը, կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ, կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը։ Սրանք այն հարցերն են, որոնց շուրջ դեռևս պիտի երկու կողմերը մոտեցնեն իրենց դիրքորոշումները», - ասաց նա։

Արդյո՞ք խաղաղության պայմանագիրը կնքելու Բաքվի պայմանը ութ գյուղերի վերադարձն է, հարցին Վահան Կոստանյանն ուղիղ՝ այո կամ ոչ, չպատասխանեց, դա դելիմիտացիային առնչվող խնդիր համարեց։
Սահմանազատման հայկական ու ադրբեջանական հանձնաժողովները վերջին անգամ այս տարվա հուլիսին են հանդիպել։ Դա փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ 4-րդ բանակցությունն էր։

Բաքուն և՛ ութ գյուղերի վերադարձ է պահանջում, և՛ հայտարարում, թե համաձայնագրի համար ոչ մի պայման չի դնում։

«Ես նշեցի, որ նման խնդիրները պետք է քննարկվեն դելիմիտացիայի հանձնաժողովում։ Այս պահին դեռևս նոր նիստի անցկացման ժամկետներ չկան», - նշեց նա։

Փաշինյան-Ալիև նոր հանդիպման հստակ պայմանավորվածություն չկա

Այս պահին, ըստ փոխարտգործնախարար Կոստանյանի, նաև Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների նոր հանդիպման հստակ պայմանավորվածություն չկա։ Գրանադայում Փաշինյանի ու եվրոպական լիդերների հանդիպմանն Ալիևը հրաժարվեց մասնակցել, Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ բանակցությունների ժամանակ չգտավ գնալ։

Արդյոք բանակցությունները փակուղում ե՞ն, փոխարտգործնախարարն ասաց. - «Միջնորդներն աշխատանք են իրականացնում նաև նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Գիտեք, որ երեկ Երևանում էր նաև ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, մենք մշտական կոնտակտի մեջ ենք գտնվում նաև մյուս միջնորդների հետ։ Այնպես որ, սպասում ենք, որպեսզի տեղի կունենա նոր հանդիպում, մակարդակի, վայրի և միջնորդի մասին այս պահին դեռևս կդժվարանամ ասել»։

Բոլոր գործընկերները կարող են աջակցել խաղաղության գործընթացին, մեկնաբանելով Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն ոչ տարածաշրջանային երկրների չմիջամտության դեպքում, ասաց Կոստանյանը. - «Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունի ՌԴ պաշտոնյան»։

Փոխարտգործնախարարը չբացառեց, որ վարչապետ Փաշինյանը կարող է նաև չմասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Բայց հստակեցրեց՝ ռազմական դաշինքից դուրս գալու գործընթաց այս պահին չկա։ Հայ-ռուսական կոշտ մեղադրանքների պայմաններում Երևանն այս տարի չի մասնակցել Մոսկվայի առաջնորդած կառույցներում մի շարք հանդիպում-քննարկումների՝ թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ ԱՊՀ ձևաչափով։ Վերջին անգամ ԱԽ քարտուղարը չմեկնեց Մոսկվա՝ ԱՊՀ պաշտոնակիցների հետ հանդիպմանը։

Ի դեպ, Վահան Կոստանյանն այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը նաև միջազգային հանրության անգործության հետևանք համարեց, ասաց՝ դեռ Լաչինի միջանցքի փակումից առաջ ադեկվատ չէին արձագանքում իրավիճակին։

XS
SM
MD
LG