Արցախի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Ջալալ Հարությունյանն արդարացվել է 2020թ. պատերազմի ընթացքում Ջաբրայիլի Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու փորձի դրվագով։
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ ստացել են ռազմագիտական փորձաքննության արդյունքները։ Ըստ եզրակացության՝ հակահարվածի օպերացիան Հարությունյանը չէ, որ տանուլ է տվել։ Այս փորձաքննությունից հետո էլ դատախազը հանել է մեղադրանքը։
Մինչդեռ մեկ տարի առաջ մեղադրանքն առաջադրելիս Քննչական կոմիտեն պնդել էր, որ հենց 48-ամյա գեներալ-լեյտենանտի գործողությունների հետևանքով է ձախողվել հակահարվածը։
«Արդյոք մեր տեխնիկան ի վիճակի էր այդ հակահարձակումն իրականացնել, այսինքն՝ արդյոք մեր մարտունակությունը բավարար էր, արդյոք ընթացքում թերացումներ չեն եղել տարբեր օղակների կողմից», - ամիսներ առաջ ռազմագետների հանձնաժողովից ակնկալվող պատասխանների մասին էր խոսել գեներալ - լեյտենանտի փաստաբան Արսեն Սարդարյանը, որն այսօր չցանկացավ այլ մանրամասներ հայտնել՝ խոստանալով դա անել առաջիկա մամուլի ասուլիսի ժամանակ։
Իսկ ֆեյսբուքյան գրառման մեջ փաստաբանը շեշտել է. «Շուրջ 306 էջանոց Ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ թվով 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվեց, որ Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ»։
Ռազմական այս գործողության հարցը, սակայն, չի փակվում։ Իրավապահները շարունակում են փնտրել մեղավորներին, նոր մեղադրյալների մասին, սակայն, դեռ չեն խոսում։
Լելե Թեփեն հետ գրավելու մասին 2021-ին Ազգային ժողովում խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով՝ ինքը, ճիշտ է, մասնակցել է քննարկումներին, բայց հետ բերելու հրահանգ չի տվել. - «Հիմա էլ ասում են՝ ես որոշում եմ կայացրել, որ Սերժ Սարգսյանը Լելե Թեփեն հանձնել է, ես ասել եմ՝ գնացեք, գրավեք, և այդ համատեքստում 700 զոհ է եղել, կատարյալ անհեթեթություն: Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկը ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ», - հայտարարել էր վարչապետը:
Պատերազմի ժամանակ ծանր վիրավորված Ջալալ Հարությունյանն անցած տարի նախ կալանավորվեց, ապա ստորագրությամբ ազատ արձակվեց։ Մեղադրանքն առաջադրելու պահին նա արդեն Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչն էր, ՊՆ-ն իրավապահների հաղորդագրությունից անմիջապես հետո կասեցրեց նրա պաշտոնավարումը։
Եթե Լելե Թեփեի դրվագով մեղադրանքը հանվել է, Հարությունյանը շարունակում է հետապնդվել Ֆիզուլիի Ցորի զորամասի գործով։ Այստեղ էլ, ըստ իրավապահների, Հարությունյանը առանց ուսումնասիրության հայկական համազգեստով ադրբեջանցիներին յուրայինների տեղ է դրել, ինչի հետևանքով հայ զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ, նրանցից 20-ը զոհվել են, զորամասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։
Ու մինչ Հարությունյանի փաստաբանը պնդում է, թե ռազմագետների հանձնաժողովը այս դրվագով ևս նրա մեղքը չի հաստատել, Ֆիզուլիում զոհված զինվորների ծնողների փաստաբանը հակառակ կարծիքին է։
«Դա իրենց կարծիքն է բոլոր դեպքերում, մնացածը, կարծում եմ, որ գործը ուղարկվի դատարան, դատաքննության ժամանակ ավելի պարզ կլինի։ Ես կարծում եմ, որ կա նրա գործողություններում հանցակազմ », - ասաց Լիպարիտ Սիմոնյանը։
Նա երեկ է ստացել ռազմագետների փորձաքննությունը, ասում է. - «Իրեն հարցում են կատարել, թե ովքեր են, արդյոք մերոնք են, յուրային են, թե թշնամի, և ըստ իմ ունեցած այս պահի դրությամբ փաստական տվյալների՝ ինքն ասել է, որ հանկարծ չկրակեք՝ մերոնք են, ու պարզվել է, որ հակառակը՝ թշնամու զորախումբ է եղել»։
Ռազմագետների եզրակացությունից հետո զոհված զինվորների ծնողների փաստաբանը մտադիր է դիմել ՔԿ՝ միջնորդելով մեղադրանք աաջադրել նաև այլ զինվորկանների, բայց նրանց անունները դեռ չի հրապարակում։