Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում


Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է պատերազմի հանգամանքներին առնչվող գործով, «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից։ Իրավապահները չեն մանրամասնում, թե երբ է հարցաքննվել Փաշինյանը։

«Ես կարծում եմ, որ եթե չլիներ ծնողների ճնշումը, բողոքի գործողությունները, սա ևս չէր լինի։ Թեև սա էն չի, ինչ որ ծնողները ուզում են, ծնողները պահանջում են հերոս տղերքի։ Բայց տարօրինակը այն է, որ դրա մասին որևէ հաղորդագրություն, լուր, տեղեկություն չի եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Որդուն պատերազմում կորցրած ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը ուշադրություն է հրավիրում Քննչական կոմիտեի վկայակոչած հոդվածին՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որով հարուցված քրեական գործի շրջանակում էլ հարցաքննվել է վարչապետը։

Սա մեր պահանջածը չէր, ասում է Նազարյանը. - «Որովհետև առերևույթ պետական դավաճանության հատկանիշների հետ գործ ունենք։ Հիմա կգնա՞ իրավապահ համակարգը, թե՞ չի գնա էս ճանապարհով։ Պետք ա մի փոքր գերլավատեսություն, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք կարող է նրա նկատմամբ նման մեղադրանք հարուցվել և նա կանչվի հարցաքննության»։

Նոյեմբերի սկզբին ուղարկված «Ազատության» հարցմանը պատասխանել է զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ հարցեր են տվել ու ինչ է պատասխանել Փաշինյանը։

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք էս նույն վիճակն, իհարկե, առանց զոհերի: Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի և թե՛ պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և այդպիսով նաև դավաճանության մեջ», - հայտարարել էր Փաշինյանը:

Ապրիլին հենց այս ելույթից հետո զոհված զինվորների մի խումբ ծնողներ վարչապետին հարցաքննելու ու նրան մեղադրյալ ներգրավելու պահանջով ակցիաներ սկսեցին տարբեր պետական շենքերի առջև։ Քննչական կոմիտեն չի նշում՝ արդյո՞ք հարցաքննությանը կարող է հետևել զինվորների հարազատների մյուս պահանջի կատարումը՝ մեղադրանքի առաջադրումը։

Մինչ այդ Գեղամ Նազարյանը լավատես չէ, որ հարցաքննությունը էական փաստեր կբացահայտի պետական դավաճանության դրվագների մասին. - «Ինձ թվում ա, հիմնականում ձևական բնույթ է կրել էդ հարցաքննությունը, և ցավոք սրտի, մենք ֆոտո, տեսավկայություններ չունենք, որ նա իրոք հարցաքննվել է։ Ես նույնիսկ կարող եմ ենթադրել, երևակայությանս զոռ տալ, որ հարցաքննությունը կարող է եղել է հեռախոսով՝ բարև Ձեզ, ինչպե՞ս եք, կարելի է գրել, որ Ձեզ հարցաքննել ենք»։

Վարչապետի հարցաքննության փաստը բավարար չի համարում նաև Ֆիզուլիում զոհված զինվորների ծնողների փաստաբանը։ Լիպարիտ Սիմոնյանը ևս կարծում է, որ առանձին քրեական գործ պետք է հարուցվի պետական դավաճանության հոդվածով, որի շրջանակում էլ պետք է քննվի վարչապետի հայտարարությունը։ Դեռ ամիսներ առաջ են դիմել դատարան՝ վիճարկելով դատախազության անգործությունը. - «Բնականաբար, բավարար չի։ Հաղորդումը տրվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ Սակայն, ըստ մեզ, վարույթ իրականացնող մարմինը և դատախազությունը անգործություն են ցուցաբերել տվյալ գործով։ Դեռևս չորս թե հինք ամիս առաջ դիմել ենք դատարան դատախազության անգործության դեմ, գործը մակագրված է դատավորներից մեկին՝ Դավիթ Արմազանյանին, սակայն չորս-հինգ ամիս է, դատական նիստ չի նշանակվում»։

Արցախի «Ցորի» զորամասի զինվորների գործն այժմ դատարանում է, մեղադրյալը հրետանային դիվիզիոնի պետն է։

Ավելի ուշ առանձին մեղադրանք առաջադրվեց նաև պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Իրավապահները կարծում են, որ նրա սխալ հրամանի պատճառով են զինվորները հայտնվել հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայողներ զոհվել են, 7-ը՝ վիրավորվել, զորամասն էլ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

XS
SM
MD
LG