Լեռնային Ղարաբաղում ձերբակալված և Բաքու փոխադրված Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի համար Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության միջնորդությամբ դատարանը խափանման միջոց է ընտրել 4 ամսվա կալանքը:
Նրանց առաջադրել են ահաբեկչության մեղադրանք Ադրբեջանի քրեական օրենգրքի 7 հոդվածներով: Մեղադրող կողմն ամբաստանյալներին վերագրում է «ներգրավվում ապօրինի զինված կազմավորումների ձևավորման և գործունեության մեջ», «այդ խմբերի զինում, ռազմական սարքավորումների մատակարարում, ներառյալ՝ պայթուցիկ նյութերով, ռազմական տեխնիկայով, զինամթերքով», «ահաբեկչության ֆինանսավորում» և ահաբեկչական գործողությունների հետ կապված այլ մեղադրանքներ:
Ղուկասյանը տասը տարի է պաշտոնավարել՝ 1997-2007 թվականներին, Սահակյանը նախագահել է 2007-ից մինչև 2020 թվականը, դաշնակցական Դավիթ Իշխանյանն այս տարվա օգոստոսի 7-ին է ընտրվել խորհրդարանի նախագահ:
Խորհրդարանում էլ պատգամավորների քվեարկությամբ սեպտեմբերի 9-ին նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը, ով դրանից տասն օր անց ադրբեջանցիների նախաձեռնած ռազմական գրոհից հետո կարգադրել է դադարեցնել դիմադրությունը և ստեղծված պայմաններում ստորագրել է մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու որոշումը:
Շահրամանյանը միառժամանակ մնացել է Ղարաբաղում և, ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, արդեն տեղափոխվել է Հայաստան:
Արկադի Ղուկասյանի հարցը քննվել է Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանում՝ դատավոր Ուլվիա Շյուքուրովայի նախագահությամբ, իսկ Բակո Սահակյանի և Դավիթ Իշխանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կայացվել է դատավոր Ազեր Թաղիևի նախագահությամբ տեղի ունեցած նիստում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին չորս ամսով կալանավորեցՀոկտեմբերի 3-ին ադրբեջանցիները Ղարաբաղում ձերբակալել և Բաքուն են փոխադրել նաև Լեռնային Ղարաբաղի նախավերջին նախագահ Արայիկ Հարությունյանին:
Նրան առաջադրվել է մեղադրանք առնվազն 9 ծանր հոդվածներով, որոնցով նա կարող է դատապարտվել ընդհուպ ցմահ ազատազրկման:
Ըստ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության, Հարությունյանը «Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը զբաղեցնելիս՝ վարձկանների հավաքագրմամբ, ուսուցմամբ և ֆինանսավորմամբ մասնակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմին, առնչություն ունի Ադրբեջանի տարածքի ականապատման և հրթիռակոծման որոշումների հետ»:
Մեղադրող կողմը հատուկ առանձնացնում է մեծ թվով զոհերի և ավերածությունների հանգեցրած բալիստիկ և այլ հրթիռներով Գյանջա և Բարդա քաղաքների հրթիռակոծությունը, նշելով, թե կան հիմնավոր կասկածներ, որ Արայիկ Հարությունյանը կարող է ներգրավված լինել այդ գործողությունները կազմակերպելու մեջ:
Երեկ Հարությունյանը հարցաքննվել է: Նրա փաստաբանի պարտավորությունները ստաձնել է Ալով Սաֆարալիևը, ով, ըստ «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության, ասել է, թե պաշտպանությունը կիրականացնի «համաձայն Ադրբեջանի օրենսդրության և միջազգային կոնվենցիաների»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն Արայիկ Հարությունյանի նկատմամբ առնվազն 9 հոդվածով մեղադրանք է առաջադրելՍեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետում ձերբակալվել, Բաքու է փոխադրվել և 4 ամսով կալանավորվել է նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը, ով ժամանակին հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և, հետևաբար, հիմա չի կարող ակնկալել ռուսական կողմի օգնությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն շարունակում է ձերբակալել ու մեղադրանքներ առաջադրել Արցախի ղեկավարության ներկայացուցիչներինՁերբակալվել են նաև նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցների ղեկավարներ, այդ թվում՝ մարդիկ, ովքեր տևական ժամանակ առաջ են ազատել պաշտոնները:
Ադրբեջանի Միլլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի անդամ Նիզամի Սաֆարովն այսօր հայտարարել է, թե հետկոնֆլիկտային շրջանում կարևոր խնդիրներից մեկն Ադրբեջանի համար պետք է լինի պատերազմական հանցագործների հետապնդումը և պատժումը:
«1968 թվականի նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ն ընդունեց «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վաղեմության կանոնադրությունը չկիրառելու մասին» կոնվենցիան, դրա պահանջներին Ադրբեջանի միացել է 1996 թվականին» ,- ասել է Սաֆարովը։
Բաքուն կազմել է մոտ 300 մարդկանց ցուցակ, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է նախաձեռնել: Նախկին երեք նախագահներից, խորհրդարանի խոսնակից, պետական նախարարից և արգործնախարարից զատ ձերբակալվել են Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը և պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հայտարարում է 300 հոգու նկատմամբ միջազգային հետախուզման մասին, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի ու Ջալալ ՀարությունյանիՀայաստանի իշխանությունները խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան ղեկավարներին կալանավորելու Ադրբեջանի որոշումները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ առաջնորդների ձերբակալություններըՀայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին ազատ արձակել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կալանավորված նախկին և ներկայիս ղեկավարներին։ Այս մասին Ֆեյսբուքում գրառում է տեղադրել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Սույն թվականի հոկտեմբերի 4-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորվող իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով, պահանջելով նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց»,- հայտնել է Կիրակոսյանը: