Ադրբեջանական դատարանը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ չորս ամիս ժամկետով, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ու Դավիթ Իշխանյանի ձերբակալության մասին Բաքուն հաղորդեց երկու օր առաջ։
APA-ն նշում է, որ Ղուկասյանին, Սահակյանին և Իշխանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով՝ չհստակեցնելով, թե ստույգ ինչի համար են մեղադրվում Արցախի ներկա ու նախկին ղեկավարները։
Չորս ամսով Բաքվում կալանավորված է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա մեղադրվում է երեք ծանր հոդվածներով՝ ահաբեկչության ֆինանսավորումից մինչև ապօրինի զինված կազմավորումների ստեղծում։
Բաքուն Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ առնվազն 9 հոդվածով է մեղադրանք առաջադրել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Հարությունյանին կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։
Ադրբեջանը կալանավորել է նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։