Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ խաղաղությամբ և հարաբերությունների կարգավորմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ արձագանքելով Արցախի առաջնորդների ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության այսօրվա հայտարարությանը։
Բաքուն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ձերբակալության հետ կապված իր գործողությունների օրինականությունը կասկածի տակ դնելը։
«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի արտգործնախարարության այսօրվա հայտարարությունը։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը չի հրաժարվում Ադրբեջանի դեմ տասնամյակներ շարունակ իրականացրած ագրեսիվ քաղաքականությունից և գործողություններից։ Այս հայտարարությամբ նաև փորձ է արվում արդարացնել ձերբակալվածների գործողությունները», - APA գործակալության փոխանցմամբ՝ ասված է Բաքվի հայտարարությունում։ - «Այդ անձանց ձերբակալությունը Ադրբեջանի դեմ ագրեսիայի, անջատողականության խթանման, ահաբեկչական գործողությունների, մարդկության դեմ հանցագործություններ կատարելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում ծառայում է արդարության վերականգնմանը, և այդ քայլերի օրինականությունը կասկածի տակ դնելն անընդունելի է»։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելում է, որ «հազարավոր հայ զինվորականներ և անօրինական զինված խմբավորումների անդամներ, ովքեր կամավոր համաձայնել են վայր դնել զենքերը, ազատ են արձակվել և անարգել մեկնել Հայաստան»։
Շարունակելով Բաքվի դեմ «անհիմն» հայցեր ներկայացնել դատարաններում, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանում, Հայաստանը ցույց է տալիս, որ «հետաքրքրված չէ խաղաղությամբ և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով», - պնդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Պաշտոնական Երևանն այսօր խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները՝ շեշտելով՝ չնայած տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ իրավապահ մարմինները շարունակում են կամայական ձերբակալությունները։ Նշվում է, որ «Երևանը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ միջազգային կառույցներում, այդ թվում՝ դատարաններում Լեռնային Ղարաբաղի ապօրինի ձերբակալված ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու համար»։