Հայաստանը պատրաստվում է ռազմական արկածախնդրության՝ Բաքվում ասվել է դիվանագիտական կորպուսի համար կազմակերպված բրիֆինգում

Այսօր Ադրբեջանի արտգործնախարարությունը բրիֆինգ է կազմակերպել երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի համար, որտեղ Ջեյհուն Բայրամովը հայտարարվել է, որ «Հայաստանի նպատակն է բոլոր հնարավոր գաղափարական, քաղաքական, ռազմական, ֆինանսական և այլ միջոցներով աջակցել անջատողականությանը Ադրբեջանի տարածքում»։

Նա կրկնել է Բաքվի թեզը, իբր Լաչինի ճանապարհը Հայաստանը 2,5 տարի օգտագործել է ռազմական և այլ անօրինական նպատակներով։ Ապրիլի 23-ին անցակետ է տեղադրվել ճանապարհի անօրինական օգտագործումը կանխելու և սահմանի հատումը կանոնավորելու նպատակով։

Օտարերկրյա դիվանագետներին բրիֆինգում նաև ասվել է, թե հայկական կողմը նոր խրամատներ է փորում, ամրություններ ստեղծում, անձնակազմ և տեխնիկա կենտրոնացնում, որպեսզի հերթական ռազմական արկածախնդրությունը սկսի, չնայած Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղով հանդերձ ճանաչելու Հայաստանի վարչապետի նախկին հայտարարությանը։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը պատաստ է Կարմիր խաչին թույլ տալ Լաչինի ճանապարհով մարդասիրական օգնություն տանել Ղարաբաղ, պայմանով, որ Կամիր մահիկին էլ թույլ տրվի օգնություն տանել Աղդամի ճանապարհով։ Նրա ասելով երկու ճանապարհները կարող են միաժամանակ բացվել, որպես փորձնական ծրագրի մի մաս, որը կարող է թուլացնել լարվածությունը և խթանել խաղաղ բանակցությունները Բաքվի և Երևանի միջև։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի 40 տոննա ալյուրն Արցախ հասցնելու բանակցություններն անարդյունք են մնում

Բլինքենի տեղակալը հեռախոսազրույցներ է ունեցել Միրզոյանի և Բայրամովի հետ

Նախօրեին Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյուն Բայրամովի հետ։

Հեռախոսազրույցների մասին նա գրառումներ է կատարել X սոցցանցում (նախկին «Թվիթեր»)։

«Այսօր խոսեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շուրջ մեր լուրջ մտահոգությունների մասին։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին այժմ աշխատել միասին՝ անմիջապես և միաժամանակ բացելու Լաչինի և մյուս ճանապարհները՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու ծայրաստիճան անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները», - գրել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան կին դիվանագետը։

Մեկ այլ գրառմամբ՝ նա անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Գրառումները նույնությամբ չեն կրկնվում, Բայրամովի հետ հեռախոսազրույցում ամերիկացի դիվանագետը շեշտել է նաև ուղիղ բանակցությունների անհրաժեշտությունը։

Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատակարարումներ հասցնելու համար «Լաչինի և մյուս ճանապարհները անմիջապես ու միաժամանակ բացելու ուղղությամբ առաջընթացի» վերաբերյալ Բայրամովի հետ զրույցը նա կառուցողական է գնահատել։

«Ճանապարհների բացումը և ուղիղ բանակցություններն առանցքային են մնացյալ խնդիրները լուծելու համար։ Ողջունում ենք երեք ուսանողների ազատ արձակումը», - գրել է Յուրի Քիմը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական անցակետից առևանգված երեք ուսանողները վերադարձվեցին հայկական կողմին

51-ամյա Քիմը ծնվել է Սեուլում։ Ծագումով Հարավային Կորեայից ամերիկացի կադրային դիվանագետը, մինչ վերջին նշանակումը 2020-2023 թվականներին ԱՄՆ-ի դեսպան էր Ալբանիայում։

«Ադրբեջանը ապակառուցողական վարքագիծ է իրականացնում»

Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին Յուրի Քիմի գրառումներից բացի, երկու երկրների արտգործնախարարությունները ևս հաղորդագրություններ են հրապարակել՝ կրկնելով ու պնդելով Երևանի ու Բաքվի դիրքորոշումները։

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Միրզոյանը վերահաստատել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի և մարդասիրական գործունեության ապահովման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը ապակառուցողական վարքագիծ է իրականացնում, արհամարհում է միջազգային հանրության հստակ կոչերը, իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները։ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու համակարգային քաղաքականություն է վարում։ Միրզոյանը ընդգծել է նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումների համար միջազգային գործուն մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։

Շրջափակման և բարդ հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունները անհիմն են. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարարությունը Բայրամով-Քիմ հեռախոսազրույցի մասին հաղորդում է, որ Բայրամովը անդրադարձել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերին, նրա ասելով՝ Հայաստանը ռազմական ու քաղաքական սադրանքների է դիմում Ադրբեջանի դեմ ու քարոզչական միջոցներով փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը։

Ներկայացնելով Ադրբեջանի կառավարության տեսակետները, Բայրամովն ասել է, թե Ղարաբաղի հայերի վերաինտեգրման գործընթացին խոչընդոտելը անընդունելի է։ Շրջափակման և բարդ հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունները անհիմն են։ Նա կրկին մեղադրել է Հայաստանին ու Ղարաբաղին, պնդելով, թե նրանք չեն կատարել բեռնափոխադրումների նպատակով Աղդամի ու Լաչինի ճանապարհները միաժամանակ օգտագործելու պայմանավորվածությունը, ինչն ավելի է բարդացրել տարածաշրջանի «փխրուն հավասարակշռությունը»։

«Ադրբեջանը իր անխախտ հավատարմությունն է հայտնել տարածաշրջանի նորմալացման օրակարգին, միաժամանակ Բայրամովը վճռականորեն ընդգծել է, որ այդ պարտավորությունը չի վերացնում Ադրբեջանի իրավունքը՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Ղարաբաղի հարցը միջազգային ասպարեզում քննարկումների վերաբերյալ նշենք, որ Արցախում ստեղծած իրավիճակի հարցով սեպտեմբերի 14-ին Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ են անցկացվելու։ Ակնկալվում է, որ լսումներին կմասնակցեն նաև Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն և պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։