Մատչելիության հղումներ

Բաքուն արձագանքել է Փաշինյանի այսօրվա հայտարարություններին


Ադրբեջանի արտգործնախարարությունը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունները։

«Սեպտեմբերի 7-ին կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ Ադրբեջանը սրում է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և զինված ուժեր է կենտրոնացնում, Հայաստանի կողմից քաղաքական մանիպուլյացիայի մաս են կազմում»,- ասված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում։

Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով՝ շեշտելով՝ ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է։

Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է, նաև ասաց գործադիրի ղեկավարը։

Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ «տարածաշրջանում անվտանգության իրական սպառնալիքը Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքներն են, Ադրբեջանից տարածքային պահանջները և հայկական զինված ուժերը, որոնք, հակառակ ստանձնած պարտավորությունների, դեռ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»։

«Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, վերջ դնի ռազմաքաղաքական սադրանքներին, դադարեցնի խոչընդոտներ հարուցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի հաջող ավարտի ճանապարհին», - նշում է պաշտոնական Բաքուն։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինված ուժեր չունի:

XS
SM
MD
LG