Փռերի առջև 24-ժամյա անվերջանալի հերթեր են 1-2 հացի կամ լավաշի համար։ Մարդիկ նախորոք ցուցակագրվում են, հաճախ տուն գնում առանց հացի:
«Հուսահատված վիճակ: Գնաս 5 տարեկան երեխային ի՞նչ բացատրեց, որ սովորական հացն էլ չկա: Ասում ենք՝ քաղցր չկա, հասկանում ա, բա հացին ի՞նչ ասենք», - ասաց Ստեփանակերտի բնակիչ Արև Մելքումյանը:
Արև Մելքումյանի ամուսինը գիշերը երկու տեղ գրանցվել էր հացի համար, երկու փռից էլ դուրս է եկել առանց դատարկաձեռն, վիճակը ահավոր է, նկարագրում է ստեփանակերտցի կինը։
Արցախում հացի խնդիրը սրվում է։ Կառավարությունը թեպետ հերքում է տարածված լուրերը, թե առաջիկա օրերին ընդհանրապես ալյուր չի լինելու, բայց միաժամանակ խոստովանում ցորենի պաշարը սպառման եզրին է: Երեկ հայտարարություն տարածեց Արցախի գյուղաջակցության հիմնադրամը:
«Ամենօրյա ռեժիմով հավաքագրվում են ցորենի պաշարներ և ստացված ալյուրը անմիջապես ուղղվում է հացի արտադրամասերին՝ ըստ ունեցած հնարավորությունների: Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին, իսկ մինչև օրվա վերջ կմատակարարվի այսօրվա և վաղվա հացի պահանջարկի շուրջ 70 տոկոսի չափով ալյուր», - ասված է հայտարարությունում:
Մարտակերտցի Արա Գրիգորյանը ալրաղացից ալյուրն ստանում, տանում է փռեր, այդտեղից պատրաստի հացը մատակարարում երեք գյուղերի. - «Էսօր տարել եմ ու վաղը չեմ տանելու, չկա, որ տանեմ»:
Ալյուր չկա. այսօր արդեն ներքին Հոռաթաղում մի հաց երկու մասի բաժանած են վաճառել:
Հերթը ո՞րն է՝ ո՛չ սկիզբ կա, ո՛չ վերջ՝ ողջ գյուղը խանութի մոտ իր մեքենային է սպասում այդ մեկ կամ կես հացի համար:
Արցախի գյուղաջակցության հիմնադրամը դիմում է ցորենի բերք ունեցողներին, կառավարությունը պատրաստ է գնել նրանց բերքը՝ ինչքան ունեն, կվճարեն արագ։ Ցորեն ունեցող արցախցիներին հորդորում են սրտացավություն դրսևորել ու վաճառել իրենց ցորենը պետությանը։
Մեկ այլ անլուծելի հարց է ցորենի բերքը հավաքելը, ադրբեջանական զինուժը կոմբայնը տեսնում կրակոցներն սկսում է։ Այդպես Սարուշենի միակ ցորենի դաշտում բերքը խոնավանում փչանում է, հավաքել չի ստացվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի զինուժը օրվա ընթացքում երկրորդ անգամ կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ՊԲ«60 հեկտար ա, չենք կարողացել հավաքել, կրակում են, քանի անգամ փորձել ենք, կրակում են: Ռուս խաղաղապահները կանգնած, էլի կրակում են», - ասաց Սարուշենի համայնքապետ Կարեն Գասպարյանը:
Սարուշենի համայնքապետն ասում է՝ էլի կփորձեն իրենց աճեցրած հացահատիկը հավաքել ու հաց դարձնել։
«Կանգնում ես 2 հաց ես ստանում: Էդ որ կանգնում ես, սաղ օրդ կորավ, էսօր 6-ին կանգնում ես, կարող ա մինչև առավոտ հաց վերցնես», - նշեց Ստեփանակերտի բնակիչը:
Ստեփանակերտցի Արեգա Իշխանյանն ասում է՝ եթե մեկ կամ երկու հացն մարդիկ հաջողացնում են տուն հասցնել, միևնույն է բավարար չէ, չէ՞ որ ուտելու այլ բան գրեթե չկա. - «Ո՞նց կարա բավարարի, հիմա մենակ հացը չի խնդիր, ոչ մի բան չկա, գոնե էրեխեքը հաց են ուտում: Ախր, ոչ մի բան չկա է»:
Ինքը առողջական խնդիր ունի, ձեռնափայտով է, խուսափում է հենց իր տան մոտ գտնվող փռի մոտ հերթ կանգնելուց:
«Ես էդ փռից չեմ կարում հաց վերցնեմ, էնքան ահավոր ա հերթը, մենակ համարս գրելը չեմ կարում, որովհետև կարա ինձ գցեն պրոթեզս ջարդեն», - նշեց Արեգան:
Հացի խորացող ճգնաժամի այս օրերին բազմաթիվ բողոքներ են հնչում, թե ինչո՞ւ կառավարությունը հացը կտրոնով չի դարձնում, որ մարդիկ գիշերը-ցերեկ հերթերում չչարչարվեն՝ հաճախ անարդյունք։ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը իշխանությանն առաջարկում է կտրոնով տրամադրել ոչ միայն հաց, նաև հաց պատրաստելու բաղադրիչները՝ ալյուր, աղ, խմորիչ, որ ով հնարավորություն ունի տանը հաց թխի։
Այժմ հացը կտրոնով է տրամադրվում միայն Մարտունու մի քանի համայնքներում: