12 օր անցավ, արցախցի ուսանողուհու՝ Հելեն Դադայանի մարմինը ադրբեջանական կողմը թույլ չի տալիս Գորիսի դիահերձարանից տեղափոխել Արցախ, ծննդավայր Ճարտարում հողին հանձնել։ Հելենը Գյումրի-Երևան ողբերգական վթարի զոհերից է։
«Կարմիր խաչը իր փաստաթղթերն անընդհատ փոփոխում է՝ անընդհատ Բաքվի նոր պահանջներ, Բաքվի նոր խոչընդոտներ, անընդհատ փոփոխում է: Կարծում եմ՝ արդեն հույս չունեմ, չնայած սպասում ենք այդ անհույս պատասխանին էլ», - նշեց Հելենի մորեղբայրը՝ Միշա Սաֆարյանը:
Ադրբեջանական կողմը ծննդյան, մահվան վկայականների փոփոխություններ է պահանջում։ Հելենի մորեղբայրը պատմում է՝ այժմ էլ պնդում են Մարտունու շրջանի Ճարտար գյուղը խմբագրել դարձնել Խոջավենդի Չարթար:
«Մահվան վկայականի մեջ պիտի գրված լինի՝ Ադրբեջանի Հանրապետություն, Խոջավենդի ռայոն, նմանատիպ անհեթեթություններ, որ ուղակի պրակտիկորեն հնարավոր էլ չի դա կեղծել էլի», - նշեց Միշա Սաֆարյանը:
Անհնարին խմբագրումներ են պահանջում, ասում է Սաֆարյանը։ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի ղեկավար Վլադիկ Հովհաննիսյանը նշում է՝ իրենից ինչ փաստաթղթեր պահանջվել է, տվել է, իրական տվյալներով՝ շեշտում է. - «Ինչ կա, մենք էն կարող ենք տալ»:
Ավելի քան տասը օր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Բաքվի հետ բանակցում է աղջկա մարմինը տեղափոխելու հարցով: «Դեռ բանակցում ենք», -ասում է հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:
«Տվյալ հարցը մնում է մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում, մենք շարունակաբար կապի մեջ ենք հարազատների հետ, ինչպես նաև քննարկում ենք այդ հարցը համապատասխան որոշումներ կայացնողների հետ», - ընդգծեց Զառա Ամատունին:
Կազմակերպությունում, սակայն, չեն մեկնաբանում տեղեկությունը, որ Բաքուն անընդհատ խմբագրումներ է պահանջում։ Հելենի մորեղբայրն ասում է՝ ավելի վաղ էլ «Արցախի Հանրապետություն» բառերն էին պահանջել չեզոքացնել փաստաթղթերից. - «Մահվան վկայականը սկզբից թողարկել էր Ղարաբաղի Մարտունի, հետո դա անվավեր ճանաչեցին, հետո թողարկեց Երևանը, Երևանի թողարկումը թարգմանություն արինք»:
Նախորդ շաբաթ Հելենի ծնողները հարազատները, արցախցիներ՝ հավաքվել էին Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակի մոտ միակ պահանջով՝ աղջկա մարմինը իր հարազատ Ճարտարում պիտի հողին հանձնեն:
Նույն՝ շաբաթ օրը Հելենի հարազատները Արցախի պետնախարարի ուղեկցությամբ ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի հետ հանդիպեցին. - «Լենցովն ասել է՝ եթե Կարմիր խաչը չի կարողանում, ես կբերեմ ու ոչ միայն հստակ խոստում է հնչել, պետնախարարն էլ հաստատել է, ասել է՝ Լենցովը որ մի բան խոստանում է, անպայման անում է»:
Միշա Սաֆարյանի տեղեկացմամբ՝ երեկ նորից Արցախի կառավարությունը ռուս խաղաղապահների հրամանատարին է դիմել այս հարցով, պատասխան, հստակություն չկա։
21-ամյա Հելենի ծնողները, քույրը, եղբայրը, հարազատները Արցախում ծանր սպասման մեջ են։ Իսկ Բաքուն ամենօրյա ռեժիմով ազատ երթևեկ է ցուցադրում Հակարիի կամրջով, թե որքան բաց է անցակետը հայերի համար։ Միշա Սաֆարյանը շեշտում է՝ Արցախից հեռանալ թույլատրում են, իսկ մուտքը փակ է նույնիսկ մահացածի համար: