Մատչելիության հղումներ

«Որոշում չի կայացվել». Արցախի նախագահի խոսնակը՝ Աղդամի ճանապարհի քննարկումների մասին


Որևէ որոշում չի կայացվել, «Արմենպրեսի» հարցին ի պատասխան, ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Աղդամի ճանապարհն օգտագործելու առաջարկն ընդունելու որոշում է կայացրել։

Ավանեսյանը տեղեկացրել է, որ Հարությունյանը օգոստոսի 22-ին և 23-ին փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները:

«Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են, և նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ», - նշել է Ավանեսյանը։

Հայկական մամուլը գրել էր, որ Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի երեկվա նիստում տեղեկացրել է, թե Աղդամի ճանապարհով առևտուր անելու որոշում է կայացվել։ Ըստ հրապարակումների՝ Աղդամով կմտնեն շինանյութ, դիզելային վառելիք, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով։

XS
SM
MD
LG