Երևանը Բաքվին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հայկական նոր առաջարկներ, կառավարության նիստին տեղեկացրեց վարչապետը։ Սա երկու երկրների արտգործնախարարությունների միջև փոխանակվող հնարավոր պայմանագրի խմբագրումների արդեն հինգերորդ տարբերակն է։ Թե ինչ շեշտադրումներ է պարունակում, առայժմ ոչ վարչապետը, ոչ էլ արտաքին գերատեսչությունը չեն մանրամասնում։
Մինչ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները շարունակվում են, փակ է մնում Լաչինի միջանցքը, բացառությունը միայն առողջական լուրջ խնդիրներով մարդկանց է վերաբերում, որոնք Կարմիր խաչի միջոցով տեղափոխվում են Հայաստան, ընդ որում խիստ սահմանափակ թվով՝ հարյուրավոր հիվանդներ դեռ սպասում են իրենց հերթին։
Շաբաթվա սկզբից Արցախից սկսել են խմբերով մարդիկ դուրս գալ։ Ադբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են տարածում Լաչինի միջանցքից, հայտնելով, որ դուրս եկողները կամ Ռուսաստանի քաղաքացի հայեր են, կամ ուսանողներ։
Բաքուն պլանավորում է միջանցքը միակողմանի բացել
Փաշինյանն այսօր հայտարարեց՝ հավաստի տեղեկություններ ունեն, թե Բաքուն պլանավորում է միջանցքը միակողմանի բացել՝ թույլ տալով ելք, բայց ոչ մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ։
«Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Նրանցից շուրջ հինգ հազարը նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով», - ասաց նա։
Նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը նախատեսում էր ներքին տեղահանվածների վերադարձ Արցախ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ, որն այդպես էլ տեղի չունեցավ։
«Մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա», - շեշտեց վարչապետը։
Հազարավոր մարդիկ առաջիկա օրերին պատրաստ են վերադառնալ Արցախ, բայց չեն կարողանում. Բեգլարյան
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ասում է՝ Փաշինյանի հնչեցրած մտահոգությունները Արցախում ունեն դեկտեմբերից, երբ սկսվեց շրջափակումը, որի վերջնական նպատակը հենց Արցախի հայաթափումն է։ Բեգլարյանը հիշեցնում է Ալիևի հունվարյան հայտարարությունը, երբ նա անկաշկանդ հայտարարել էր, թե ով չի ցանկանում Ադրբեջանի քաղաքացի դառնալ, Լաչինի ճանապարհը փակ չէ, բաց է։
«Եղել են նաև գործողություններ, երբ հաճախակի Կարմիր խաչին կամ ռուս խաղաղապահներին արգելել են Հայաստանի Հանրապետությունից Արցախ տեղափոխություն իրականացնել արցախցիների, բայց հակառակը թույլ տալով։ Այս պահի դրությամբ նույն պրոցեսը որոշ չափով, կարելի է ասել, ընթանում է», - ասաց նա։
Թեև վերջին օրերին ռուս խաղաղապահների միջնորդությամբ ուսանողներն ու ռուսական քաղաքացիություն ունեցող հայերը դուրս են գալիս Արցախից, սակայն նույն միջանցքը փակ է հակառակ ուղղությամբ Արցախի այս բնակիչների համար, որոնք ցանկանում են տուն վերադառնալ։ Այդպիսիք, Արտակ Բեգլարյանի խոսքով, շատ են. - «Արդյունքում ստացվում է, որ բավականին մեծաքանակ մարդիկ դուրս են եկել այս երկուշաբթի օրվանից ի վեր, հարյուրավորն այս պահին անմիջապես պատրաստ են գալ, հազարավորները առաջիկա օրերին պատրաստ են վերադառնալ Արցախ իրենց ընտանիքների մոտ, չեն կարողանում»։
Մի կողմից միջացքը մասամբ բաց է մեկ ուղղությամբ, մյուս կողմից՝ Արցախում օր օրի սրվում է հումանիտար իրավիճակը։ Շաբաթվա սկզբին Հայաստան ժամանած Բելգիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանի պարտավորությունն է Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովումը ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Հաջա Լաբիբը խոստացել էր Երևանում հայտնած դիրքորոշումները կրկնել Բաքվում, որտեղ, սակայն, այսօր Ալիևը հրաժարվել է ընդունել եվրոպացի նախարարին։ APA գործակալության անանուն աղբյուրի տեղեկություններով՝ պատճառը Բելգիայի նախարարի՝ «հայանպաստ դիրքորոշումն ու Հայաստանում արած անհիմն հայտարարություններն էին»։