Մատչելիության հղումներ

Կրակոցներ Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ. երկու անձ բերման է ենթարկվել


Արցախի գլխավոր կառավարական շենքը Ստեփանակերտում, արխիվ
Արցախի գլխավոր կառավարական շենքը Ստեփանակերտում, արխիվ

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդում է գիշերը Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրի ուղղությամբ արձակված կրակոցների մասին, երկու անձ բերման է ենթարկվել, հարուցվել է քրեական գործ:

«Օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող երկու քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981թ.)», - ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 3-ի սահմաններում, «նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ»:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ։

XS
SM
MD
LG