Ռուս խաղաղապահները բանակցում են առևանգված երեք երիտասարդներին վերադարձնելու համար

Ռուս խաղաղապահները բանակցում են այսօր Լաչինի անցակետում ադրբեջանցիների կողմից առևանգված երեք երիտասարդներին վերադարձնելու համար, «Ազատության» հետ զրույցում նշեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Ազատություն». - Իսկ ռուս խաղաղապահներին Արցախի իշխանությունները դիմել են, և ի՞նչ են ասում։

Արտակ Բեգլարյան. - Իհարկե, դիմել ենք։ Բանակցում են։

«Ազատություն». - Բայց, Դուք հույս ունե՞ք, որ կվերադարձնեն։

Արտակ Բեգլարյան. - Իհարկե, հույս միշտ էլ ունեմ։

«Ազատություն». - Դուք ինչպե՞ս եք գնահատում, որ ռուս խաղաղապահները թույլատրել են ընդհանրապես իրենց ուղեկցությամբ երիտասարդներին առևանգել և տանել։

Արտակ Բեգլարյան. - Դատապարտելի է բոլորիս համար և ռուս խաղաղապահների կողմից, և Կարմիր խաչի կողմից տեղափոխությունների ժամանակ մեր քաղաքացիների առևանգումը։ Բնականաբար, մեզ համար ընդունելի չէ այս տարբերակը։

Այսօր ավելի վաղ պաշտոնական Ստեփանակերտը հայտնել էր մեկ երիտասարդի՝ 22-ամյա ուսանող Ալեն Սարգսյանի առևանգման մասին։ Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները ի սկզբանե հայտարարեցին, որ երեք երիտասարդ է ձերբակալվել։ Ժամեր անց միայն պաշտոնական Ստեփանակերտը հաստատեց ևս երկու երիտասարդի՝ Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի անհետանալու մասին։

Մի քանի ժամվա լռությունից հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «2001 թվականին ծնված Ալեն Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։ Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 6 բուժառուներ՝ ուղեկցողների հետ, Արցախից տեղափոխվել են Հայաստան

Եվս մի քանի քաղաքացի հարցաքննվել է

Արցախի օմբուդսմենը նաև տեղեկացնում է, որ առևանգված երեք երիտասարդներից բացի, ևս մի քանի քաղաքացի ադրբեջանական անցակետի հատուկ սենյակում հարցաքննվել է։ Հարցաքննության ընթացքում ադրբեջանցիները տվել են տարբեր հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, Հայաստան գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն։

Ադրբեջանական հերթական շոուն. Արտակ Բեգլարյան

Թեև պաշտոնական Ստեփանակերտը նշում է, որ առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ, սակայն ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները նշում են, թե, թե 2021 -ին սոցցանցերի որոշ էջերում տարածվել են տեսանյութեր, որտեղ հայ ֆուտբոլիստները «անարգում են ադրբեջանական դրոշը»։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ խոսքը Մարտունու «Ավո» ֆուտբոլային թիմի մասին է։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և քննություն սկսել։ Հոդվածները, որոնցով հարուցվել է քրեական, ըստ Ադրբեջանի քրեական օրեսնգրքի, նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում։ Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցները ենթադրություններ են անում՝ գրելով, թե գուցե Բաքուն «հերթական անգամ հումանիզմ դրսևորի և հաշվի առնելով, որ ձերբակալվածները երիտասարդներ են ու սպորտսմեններ, նրանց ենթարկի վարչական պատասխանատվության»։

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, սակայն չհաստատեց, թե առևանգված տղաները կապ ունեն ֆուբոլային թիմի հետ. - « Ես չեմ կարող հաստատել, որ իրենք ֆուտբոլային թիմի անդամներ են։ Իրենք երեքն էլ ուսանողներ են Հայաստանի Հանրապետության բուհերի։ Շարունակում էին (ուսումը), որքան տեղյակ եմ»։

Արտակ Բեգլարյանը աբսուրդ որակեց մեղադրանքը՝ դա որակելով ադրբեջանական հերթական շոուն՝ Արցախի ժողովրդին վախեցնելու համար, որը կրկին ոտնահարում է միջազգային հանրության բոլոր նորմերը։

Այսօր 170 քաղաքացի է տեղափոխվել Հայաստան

Հայաստանյան բուհեր ընդունված արցախցի ուսանողների տեղափոխումը սկսվեց անցած երկուշաբթի։ Թեև պաշտոնական Ստեփանակերտը չի տեղեկացնում, թե օրական ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քանի մարդ է դուրս գալիս Արցախից, ադրբեջանական կողմը պարբերաբար թվեր է հրապարակում։ Այսօր Բաքուն հաղորդել էր 150 արցախցու տեղափոխման մասին։

Արցախի օմբուդսմենն ավելի ուշ տեղեկացրեց, թե նախնական տեղեկություններով՝ այսօր 170 քաղաքացի է տեղափոխվել Հայաստան։ Ի դեպ, ցույց տալու համար, որ արցախցիները անարգել հատում են ադրբեջանական անցակետը, «Թրենդը» այսօր հրապարակել է տարեց կնոջ մի լուսանկար՝ վերնագրելով հետևյալ կերպ՝ «Ղարաբաղի 100-ամյա բնակչուհին անարագել հատել է Լաչինի անցակետը»։

Տարածված կադրերում երևում է, որ ադրբեջանական անցակետը ոտքով անցնում են նաև մանկահասակ երեխաներ՝ ծնողների ուղեկցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև տեղեկացնում են, թե Արցախից Հայաստան մեկնող մի քաղաքացուց առգրավել են նարդի, որի վրա պատկերված է եղել Արցախի խորհրդանիշը համարվող Տատիկ- Պապիկը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները սպառնացել են՝ «Արցախի Հանրապետություն» գրությամբ շտապօգնության մեքենան հաջորդ անգամ չեն թողնելու անցնի

Անցած շաբաթ էլ ադրբեջանցի սահմանապահները պահանջել էին Ստեփանակերտի շտապօգնության մեքենայի վրայից պոկել «Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն» գրությամբ պաստառը, որի վրա պատկերված է նաև Լեռնային Ղարաբաղի զինանշանը։

Լաչինի անցակետում արցախցի երեք երիտասարդների առևանգումից առաջ ադրբեջանցիները կրկին այդ անցակետում առևանգել էին բուժման նպատակով Հայաստան ուղևորվող արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Բաքուն նրան մի շարք ծանր մեղադրանքներ է ներկայացրել։