Ադրբեջանն այսօր պետք է Ստրասբուրգի դատարանին տեղեկություններ տրամադրի Հակարիի անցակետում ադրբեջանցի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի, պահման պայմանների ու հնարավոր վերադարձի մասին։
«Հնարավոր վերադարձ՝ էդ կետն է ինձ հետաքրքրում, թեպետ ինչի՞՝ հնարավոր, պիտի լինի վերադարձ», - «Ազատությանն» ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
Արցախցի տղամարդը հուլիսի 29-ին Կարմիր խաչի մեքենայով Երևան սրտի վիրահատության էր գալիս, երբ անցակետի ադրբեջանցիները տարան նրան, հետո արդեն հրապարակեցին մեղադրանք՝ թե Խաչատրյանն 90-ականներին ադրբեջանցիների է սպանել և ունեզրկել, իբրև թե տասը տարի է որոնում են նրան։ Վագիֆ Խաչատրյանի դուստրը պնդում է՝ գեթ մեկ ապացույց ադրբեջանցի իրավապահները գտնել չեն կարող։
«Եթե թեկուզ զրո ամբողջ մեկ տոկոսով ինքը մասնակից լիներ էդ ամենին, ես մի քիչ մտավախություն կունենայի», - ասաց Վերա Խաչատրյանը։
Կիրակի օրը Խաչատրյանին արդեն երկրորդ անգամ այցելել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, նա ընտանիքին նամակ է փոխանցել՝ «ձեր մասին եմ մտածում, ողջ մնամ՝ կգամ»։
«Լավ եմ, ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի՝ կգամ։ Ինքը էդ վիճակում էլի մեր մասին ա մտածում», - ասաց դուստրը։
Խաչատրյանը Բաքվում է, ձերբակալված անձանց պահման վայրում, օրը երկու անգամ դեղ է խմում, տեղեկացրել են նրան այցելած պատվիրակները։ Դեղ Արցախում էլ կխմեր, պիտի հրատապ վիրահատվեր Երևանում, ասում է դուստրը։
Կիրակի, Արցախի հանրայինին տված հարցազրույցում, մարդասիրական մանդատով օժտված Կարմիր խաչի մեքենայից արցախցու առևանգման փաստին նաև Արցախի նախագահն անդրադարձավ՝ Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է, ասաց Արայիկ Հարությունյանը։
«Մի մարդ, որը որևէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առևանգում և ներկայացնում են որպես ցեղասպանություն իրականացնող անձ և ամենածանր այդ հոդվածներով փորձում են մեղադրել, ապա պարազ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսինն է լինելու», - ասաց Հարությունյանը։
Ադրբեջանի պահվածքը Խաչատրյանի հանդեպ հենց այն ցուցիչն է լինելու, թե ինչպես են վարվելու մնացածի նկատմամբ, ասաց Արցախի նախագահը։
Վագիֆ խաչատրյանի առևանգումից երեք օր անց ադրբեջանցի սահմանապահները մեկ այլ արցախցու ձերբակալեցին՝ այս անգամ Աղավնոյի մերձակայքում։
Ասկերանցի Ռաշիդ Բեգլարյանն, ըստ Արցախի դատախազության, փորձել է ոտքով Հայաստան հասնել՝ շրջանցելով ադրբեջանական անցակետը, առևանգվել է բռնության գործադրմամբ։
Կարմիր Խաչի ներկայացուցիչները դեպքից 7 օր անց դեռևս չեն այցելել Բեգլարյանին, նրա հետ հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմենը։ Սաբինա Ալիևայի գրասենյակից հաղորդագրություն են տարածել՝ թե «Ռաշիդ Բեգլարյանի իրավունքները պաշտպանված են, ինքը՝ երախտապարտ»։