«Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի իմ հողում»․ Հելենի մայրը բաց նամակով դիմում է Փաշինյանին, Միրզոյանին

«Այս աշխարհից, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից իմ ուզածը մի բան է՝ 20 տարեկան աղջկաս դիակը տվեք իմ հողում հուղարկավորեմ», - հայտարարում է Գյումրի-Երևան ճանապարհին օգոստոսի 14-ի տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված Հելեն Դադայանի մայրը՝ բաց նամակով դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

«Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի իմ հողում, մեր կողքին, և դուք պետք է լուծեք այդ հարցը: Մի՛ քաղաքականացրեք իմ աղջկա ողբերգական մահը: Ես չեմ հանձնվելու, պայքարելու եմ, մինչև իմ աղջիկը գա իմ կողքը: Գործե՛ք, Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան», - գրել է Ալվարդ Սաֆարյանը:

Ընդգծելով, որ արդեն 14 օր է, ինչ Հելենի մարմինը գտնվում է Գորիսի դիահերձարանում՝ մայրը հայտնում է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրենց տեղեկացնում է, թե «20-ամյա Հելենի դին Արցախ տեղափոխելու հարցը կողմերը, Հայաստանի և Ադրբեջանի անհամաձայնության պատճառով, սարքել են իրենց քաղաքական թեման»:

«Արդյոք իմ աղջկա դին, իմ տան սուգը պիտի դառնա ինչ-որ ճղճիմ քաղաքական հարց: Սա անընդունելի է: Խոսում եք միջազգային մարդասիրական իրավունքից, Իլհամ Ալիևը միջազգային ատյաններում կուրծք է ծեծում, թե արցախահայերի իրավունքների պաշտպանությունն իր առաքելությունն է։ Սա՞ է ձեր պաշտպանած մարդասիրական իրավունքը: Փաստացի Ալիևը հրաժարվում է Արցախից և արցախահայությունից», - գրել է Սաֆարյանը նամակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Աղաչում եմ, պաղատում եմ, պահանջում եմ». - Հելեն Դադայանի մայրը վեցերորդ օրն է՝ սպասում է դստեր մարմինն իրեն՝ Արցախ հասնի

Հելեն Դադայանի մարմինը ադրբեջանական կողմը թույլ չի տալիս Գորիսից Արցախ տեղափոխել՝ ծննդավայր Ճարտարում հողին հանձնել։
Ադրբեջանական կողմը ծննդյան, մահվան վկայականների փոփոխություններ է պահանջում․ Հելենի մորեղբայրը փոխանցել էր, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ Մարտունու շրջանի Ճարտար գյուղը խմբագրեն ու դարձնեն Խոջավենդի Չարթար: Նախորդ շաբաթ Հելենի հարազատները Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակի մոտ էին։ Նրանք նաև ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի հետ են հանդիպել, սակայն պատասխան, հստակություն չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անընդհատ Բաքվի նոր պահանջներ, նոր խոչընդոտներ». Հելեն Դադայանի մարմինը դեռ չեն կարողանում Արցախ տեղափոխել