Մատչելիության հղումներ

Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին. 11 մարդ զոհվել է, 5-ի կյանքին վտանգ է սպառնում


Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել խոշոր վթար: Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ պատահարի հետևանքով մահացել է 11 մարդ, կան տուժածներ:

«Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.):

Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ», - նշված է հաղորդագրությունում:

Վթարի հետևանքով վիրավորված անձանցից 5-ն այս պահին գտնվում են Գյումրի բժշկական կենտրոնում: «Ազատության» հետ զրույցում ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ նրանց վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր, 5-ի կյանքին էլ վտանգ է սպառնում:

Գյումրի ԲԿ-ում գտնվողներից մեկը «Զիլ»-ի վարորդն է: Նա Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ է:

Տուժածների հարազատների փոխանցմամբ՝ նրանք վերադառնում էին Թուրքիայից, որտեղ այցելել էին պատմական Արևմտյան Հայաստան:

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այն է՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG