Կապանի օդանավակայանը, որն ադրբեջանական մարտական դիրքերից մոտ 100- 200 մետր հեռավորության վրա է գտնվում, որևէ ձևով չի կարող անվտանգ թռիչքներ իրականացնել, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խնդրահարույց համարելով այս փուլում այդ օդանավակայանի գործարկումը։
Հիշեցնելով օդակայանի վրա օգոստոսի 18-ին և 19-ին ադրբեջանական կրակոցները՝ Աբրահամյանը դրանք ոչ թե պատահական կրակոցներ համարեց, այլ՝ հողի վրա զգուշացում, որ այս պայմաններում Բաքուն թույլ չի տալու դրա շահագործումը։
«Մի՞գուցե որոշակի ընթացք պայմանական անվտանգ թռիչքներ կիրականացվեն, բայց որ պահին, որ Ադրբեջանը չուզենա, էդ թռիչքները չեն իրականացվելու, և եթե որևէ խողովակով չկա Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիք, որ այդ օդանավակայանի շահագործումը իրենց կողմից խնդիր չէ, ապա Հայաստանի իշխանությունների կողմից ուղևորափոխադրումների կազմակերպումը նշանակում է թքած ունենալ պարզապես հայաստանցիների անվտանգության վրա», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Երևանը պետք է երաշխիքներ հայցի Բաքվից մի թռիչքի համար, որն իր տարածքով է, Աբրահամյանը պատասխանեց․ - «Խնդիրն այն չէ, որ իր տարածքով է, և որևէ իշխանություն պետք է գնար և Ադրբեջանից երաշխիքներ խնդրեր, խնդիրն այն է, որ չպետք է սպասենք, որ այս պայմաններում տեղի ունենա ողբերգություն, որի պայմաններում նոր սկսենք հասկանալ, որ դրա շահագործումն ուղղակի հնարավոր չէ։ Եթե այս իշխանությունը մտածում է , որ ինքը զոռբայությամբ հարց լուծող մարդ է, թող գնա ադրբեջանական դիրքերը հետ շպրտի, անվտանգությունն ապահովի այդ օդանավակայանի և այնտեղից իրականացվող թռիչքների ուղղությամբ, կամ ունենա այնպիսի ուժ, այնպիսի դիրքավորում, որի պայմաններում Ադրբեջանը նման քայլ գործադրելուց առաջ երկար կմտածի ու հաստատ նման քայլ չի անի։ Հիմա Հայաստանի իշխանությունը որևէ գործոն չի ապահովում ու գլուխն ավազի մեջ դրած ասում է՝ չէ, մենք թռիչքներ ենք իրականացնում։ Իսկ ո՞վ է պատասխան տալու այդ մարդկանց անվտանգության համար»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից, օդանավակայանում շրջայցից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմից կրակեց շահագործման պատրաստ օդակայանի ուղղությամբ։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել է օդակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Ադրբեջանական կողմը օդակայանի ուղղությամբ կրակեց նաև հաջորդ օրը, ընդ որում Հայաստանի պաշտոնյաների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վայրէջքից րոպեներ առաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի կառավարությունը ԻԿԱՕ-ին տեղեկացրել է Կապանի օդակայանի վրա ադրբեջանական կրակոցների մասին