Լուսնի վրա բարեհաջող վայրէջքի կապակցությամբ Երևանը շնորհավորել է Նյու Դելիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Լուսնի վրա «Չանդրայան-3» կայանի բարեհաջող վայրէջքի կապակցությամբ։

Փաշինյանը սա մեծ ձեռքբերում է համարել մարդկության համար։ «Սա իսկապես մեծ ձեռքբերում է մարդկության համար, այն էլ ավելի կխթանի գիտությունն ու տեխնոլոգիան», - X-ում գրել է Փաշինյանը։

Այս կապակցությամբ Հնդկաստանին շնորհավորել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Շնորհավորում ենք Հնդկաստանին պատմական ձեռքբերման՝ Լուսնի չհետազոտված հարավային բևեռում «Չանդրայան-3» կայանի վայրէջքի կապակցությամբ»,- X-ում գրել է Միրզոյանը։

Հնդկական տիզերական ապարատը Լուսնի վրա վայրէջք է կատարել երեկ։ Այսպիսով Հնդկաստանը դարձավ լուսնային առաքելություն իրականացրած չորրորդ երկիրը՝ ԱՄՆ-ից, նախկին ԽՍՀՄ-ից ու Չինաստանից հետո և առաջինը, ով ապարատ իջեցրեց Լուսնի մինչ այժմ չհետազոտված մասում՝ հարավային բևեռի մոտ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնդկաստանի տիզերական ապարատը բարեհաջող վայրէջք կատարեց Լուսնի վրա