Այսօր Լուսնի վրա պիտի վայրէջք կատարեր տասն օր առաջ՝ օգոստոսի 11- ին արձակված Ռուսական «Լունա-25» ավտոմատ կայանը․ սա առաջին նման առաքելությունն էր՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Սակայն դեռ շաբաթ օրը կապը կայանի հետ ընդհատվել է՝ սկիզբ տալով դրա կործանման մասին վարկածներին, իսկ երեկ երեկոյան արդեն «Ռոսկոսմոսը» հաստատել է՝ լուսնային կայանը չհաշվարկված ուղեծիր է դուրս եկել և բախվել Լուսնի մակերևույթին՝ մինչ այդ միայն հասցնելով մի քանի լուսանկար ուղարկել Երկիր։
Ռուսաստանը վերջին անգամ Լուսին կայան է ուղարկել 1976 թվականին՝ Բրեժնևի ժամանակ, առաքելությունը կոչվում էր «Լունա 24», այդ ժամանակ՝ մոտ կես դար առաջ, կայանը հաջողությամբ վայրէջք էր կատարել, Լուսնից գրունտ վերցրել և վերադարձել երկիր։ Ռուսաստանը իր նոր կայանը խորհրդային «Լունա 24»- ից հետո կոչեց «Լունա 25», իբրև խորհրդային տիեզերական անցյալի շարունակություն, իսկ դրա մեկնարկն ուղեկցվում էր հռետորաբանությամբ, որ Ռուսաստանը վերականգնում է երբեմնի տիեզերական հռչակն ու տեղը տիեզերական մրցավազքում։
Ռուսաստանցի տիեզերական փորձագետ Վիտալի Յեգորովն ասում է՝ մի քանի անգամ հետաձգված նախագիծը Ռուսաստանի իշխանությունների համար նախևառաջ քարոզչական էր։
«Կրեմլի կամ անձամբ Պուտինի համար այս առաքելությունը առաջին հերթին քարոզչական էր, որ պիտի ցույց տար ռուսական տիեզերագնացության բարձր մակարդակը կամ առնվազն գոնե այն, որ Ռուսաստանը հետ չի ընկել Հնդկաստանից, որ մոտ օրերս պատրաստվում է վայրէջք կատարել Լուսնի վրա, կամ Չինաստանից ու Միացյալ Նահանգներից», - նշել է Յեգորովը։
Այժմ «Ռոսկոսմոսը» հատուկ հանձնաժողով է կազմելու՝ կայանի կործանման պատճառները պարզելու համար։ Մինչ այդ՝ փորձագետը կործանումը կապում է նաև Ռուսաստանի դեմ արևմտյան պետությունների սահմանած պատժամիջոցների հետ։
«Հենց սարքի նավիգացիայի հետ կապված խնդիրներ կային, քանի որ մասնագետները չկարողացան տեղադրել եվրոպական արտադրության անհրաժեշտ էլեկտրոնային տարրերը, դրան փոխարինող մասեր դրեցին, բայց թռիչքից կես տարի առաջ պարզվեց՝ դրանք անվտանգ վայրէջքի տեխնիկական պահանջներին չեն համապատասխանում։ Սակայն արդյունքում ոչ թե էլեկտրական մասերն են բարելավում, այլ փոփոխում են տեխնիկական պահանջները՝ հարմարեցնելով արդեն առկա վիճակին», - ասել է նա։
Ի տարբերություն խորհրդային կայանի, որ վայրէջք էր կատարել Լուսնի հասարակածին, «Լունա 25» - ը պիտի փորձեր փափուկ իջնել Լուսնի հարավային բևեռին, որտեղ պայմանները զգալի տարբերվում են հասարակածից։ Լուսնային առաքելությունը հարավային բևեռում պիտի ջուր որոներ, ուսումնասիրեր լուսնային փոշին ու արևային քամու ազդեցությունը։
Ըստ պաշտոնական ծրագրերի, Ռուսաստանը նախատեսում է 2021-25 թվականները ավտոմատ սարքերով ուսումնասիրել Լուսինը, ապա 2025- 35 թվականները կառավարվող սարքերով թռչեն Լուսին, իսկ 2035 թվականից հետո Ռուսաստանը ծրագրում է Լուսնի վրա կայան ունենալ։ Բայց այժմ անգամ առաջին փուլը՝ Լուսնի վրա ավտոմատ կայան իջեցնելը, դեռ հաջողություն չունի։ Ըստ փորձագետի, այս ձախողումը էլ ավելի դժվար կդարձնի լուսնային ծրագրերի հետագա ֆինանսավորումը։
Միևնույն ժամանակ երկու օրից՝ օգոստոսի 23 -ին Հնդկաստանն է պատրաստվում այժմ Լուսնի ուղեծրում գտնվող իր «Լուսնային Չանդրայանա - 3» կայանն իջեցնել Լուսնի մակերևույթ։