Ստեփանակերտի մի քանի մանկապարտեզներ հաց չունենալու պատճառով դադարեցրել են աշխատանքը

Ստեփանակերտի մի քանի մանկապարտեզներ հաց չունենալու պատճառով դադարեցրել են աշխատանքը։ Մատակարարը չի կարողացել մինչև նախաճաշի ժամը հաց հասցնել։ Երրորդ մանկապարտեզի տնօրենն ասում է՝ ծնողների մի մասը երեխաներին բերել ու հետ՝ տուն է տարել։

«Ներողություն եմ խնդրել բոլորից, բայց դա մեր պատճառով չի եղել, ինձ նախօրոք չէին ասել իրենք։ Ես ասել եմ՝ գոնե գիշերը զանգեիք ասեիք, ասում են՝ մենք էլ չենք իմացել, պիտի մեզ ալյուր տային, բոլորին տվել են մեզ չեն տվել», - ասաց տնօրենը։

Արցախից ասում են՝ եթե հումանիտար բեռնափոխադրումը չվերականգնվի, օգոստոսի վերջից կդադարեն գործել բոլոր մանկապարտեզները, որովհետև ուտելու ոչինչ երեխաներին առաջարկել չեն կարող։

Վերջին օրերին հացի խնդիրն էլ ավելի է սրվել․ արտադրամասերը հոսանքազրկվում են, հերթերն՝ ավելի ու ավելի երկարում։

Հացի հերթ Ստեփանակերտում

Ստեփանակերտցի Հայկանուշ Եսայանը մի քանի օր հերթ է կանգնում ու տուն գնում առանց հացի։

«Շատ դժվար ենք հայթայթում ամենօրյա մեր հացը, քանի օր է փուռերում ահավոր հերթ է։ Լինում է, որ հերթդ մոտիկանում է, արդեն հոսանքն է անջատվում, կամ էլ ասում են՝ ալյուր չկա, վերջացել է», - ասաց Հայկանուշ Եսայանը։

Հերթերը կանոնակարգելու համար մարդկանց նախօրոք ցուցակագրում են։

Արցախի որոշ շրջաններում որոշել են հացն էլ կտրոնով տալ, որ, թեկուզ քիչ քանակով, բայց բոլորին հասնի։

Այսօրվանից սննդամթերք ու հիգիենայի պարագաներ կբաժանի Արցախում հաշվառված հղիներին


Կառավարությունն այսօրվանից սննդամթերք ու հիգիենայի պարագաներ կբաժանի Արցախում հաշվառված հղիներին, վառելիքի բացակայության պատճառով այդ օգնությունն առայժմ կտրամադրվի միայն Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում։ Տեսականին էլ առատ չէ՝ ձեթ, շաքար, բրինձ, ոսպ ու թեյ, ատամի մածուկ ու օճառ՝ հիգիենիկ պարագաներից։

Արցախի բժիշկները լիակատար պաշարումից հետը հայտարարեցին, որ հղիները վիտամիններով հարուստ մթերքից զրկված են ու հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է երեք անգամ։

Արցախի խանութների մեծ մասը փակվել է, առևտրի որոշ կետեր բաց մնալու համար պոպոք ու պնդուկ են վաճառում, պատմում են ստեփանակերտցիները։

Ստեփանակերտի խանութներից մեկը


«Մենակ պրիպրավաներ կարող ես գտնել, մեկ էլ թանկանոց վիսկիներ, թանկանոց օղիներ, խանութները դատարկ են, կարող է մեկ էլ կուկուռուզ գյուղից բերեն սուպերմարկետում, որ տենց գյուղական բաներ չկար՝ պնդուկ-պոպոք», - «Ազատությանն» ասաց ստեփանակերտցի Նարինե Դանիելյանը։

Ճգնաժամը որքան էլ խորանա, Աղդամից ուգնություն այստեղ չեն ուզում, ասում է Նարինե Դանիելյանը․ - «Միանշանակ դեմ են, ասում են՝ եթե պիտի Աղդամից ուտելիք բերենք, թող ճանապարհը բացվի գնանք, էն ա կամաց-կամաց մահի են տանում էլի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտից հերքում են, թե նախագահն ընդունել է Աղդամի ճանապարհն օգտագործելու Բաքվի առաջարկը