Արցախյան կողմը Բաքվի հետ երկխոսելու առաջարկներ ստացել է, հանդիպումները, սակայն, տարբեր պատճառներով չեն կայացել, «Ազատությանը» ասել է Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է Եվլախում հանդիպում կազմակերպելու առաջարկին, դրան հաջորդել է Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը Լաչինի միջանցքից, նշել է Ավանեսյանը՝ հավելելով. - «Այդ փաստի արձանագրումն իսկ մերժում է որևէ պայմանավորվածության գոյությունը»:
«Ազատությունը» մասնավորապես Արցախի նախագահի գրասենյակից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք եղել է Ստեփանակերտի հետ պայմանավորվածություն՝ ադրբեջանական Եվլախ քաղաքում հանդիպելու վերաբերյալ, ինչի մասին հայտարարել էր Բաքուն, պնդելով, թե վերջին պահին Արցախի ներկայացուցիչները հրաժարվել են, և հանդիպումը ձախողվել է:
Օրերս Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել էր, թե հայկական կողմը վերջին պահին հրաժարվել է Եվլախի հանդիպումից՝ «առաջ քաշելով անօրինական նախապայմաններ»։