Ամենաանհրաժեշտ՝ կյանքեր փրկող դեղորայքի ու բժշկական պարագաների իսպառ բացակայության կամ ծայրահեղ քիչ քանակության պատճառով է ճարտարցի 64-ամյա Գրետա Խաչատրյանը երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Հայաստան տեղափոխվել։
Դիալիզ ստացող կնոջը Ստեփանակերտում զգուշացրել են՝ եթե մնա, դեղորայքի ու անհրաժեշտ այլ պարագաների ավարտից մեկ շաբաթ անց կմահանա։ Կինը նաև արդեն Ճարտարից մայրաքաղաք գնալու հնարավորություն չուներ. վառելանյութն էր սպառվել։
«Ամեն ինչը պակաս է, ուտելիքը պակաս է, վառելիքը պակաս է, մեքենաները չեն շարժվում», - ասում է նա։
Շաբաթական երեք անգամ երիկամային անբավարարության համար դիալիզ ստանալու փոխարեն 2 անգամ էին Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն գնում։ 63-ամյա Միշա Դաշյանը պատմում է՝ ինքնազգացողությունը արդեն սկսել էր վատանալ. - «Վերջերս երկու անգամ էի գալիս, շատ լավ չէի լինում, ասաց՝ կարող է ժամանակ գա, շաբաթը մի անգամ գաք»։
Արցախից Երևան տեղափոխված 29 բուժառուներիի մի մասը Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է։ Հիմա այստեղ լիարժեք բուժօգնություն ստանալու հնարավորություն ունեն։ Ոչ լիարժեք բուժման հետևանքով դիալիզ ստացող քաղաքացիների առողջական վիճակն էլ ավելի է բարդացել, ասում է բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի ղեկավար Արթուր Պետրոսյանը։
«Ծայրահեղ ծանր չէ, բայց ծանր է, կարելի է ասել, քանի որ լիարժեք բուժման կուրսը չեն կարողացել այնտեղ ապահովել՝ տեխնիակական խնդիրներով կապված՝ բուժպարագաների ապահովման հետ կապված», - նշեց նա։
8 ամիս շրջափակման, երկու ամիս էլ լիակատար պաշարման պայմաններում օրեցօր ավելի ու ավելի է սրվում տարբեր հիվանդություններ ունեցող քաղաքացիների բուժօգնության հարցը։ Արցախում դեռ էլի հեմոդիալիզից կախված քաղաքացիներ կան, որ հրաժարվել են Երևան տեղափոխվել՝ կամ մտավախությամբ, որ անցակետից շատ հնարավոր է իրենց էլ առևանգեն ադրբեջանցիները Վագիֆ Խաչատրյանի օրինակով, կամ այլ առողջական ու անձնական լուրջ պատճառներ ունեն, որ հրաժարվել են։
«Առևանգման դեպքն է, որ մարդկանց մոտ վախեր է առաջացնում Լաչինի միջանցքով երթևեկելու, և երկրորդ պատասխանը, որ շատ հաճախ ենք ստանում, այն է, որ վախենում են, որ հանկարծ եթե այնպես ստացվի, որ մահանան Երևանում, չկարողանան իրենց դիակները տեղափոխել և ամփոփել Արցախում», - ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արցախ արդեն տևական ժամանակ է՝ սնունդ, դեղորայք ու բժշկական պարագաներ չեն մատակարարվում։ Կարմիր խաչը միայն հիվանդներ է տեղափոխում միջանցքով։ Արցախից ահազանգում են՝ հազարավոր քաղաքացիներ մնացել են առանց անհրաժեշտ բուժօգնության: Դեղորայքի սղության կամ բացակայության պատճառով ավելացել են մի շարք հիվանդություններից մահացությունների դեպքերը, այդ թվում՝ սրտանոթային հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից։
«Շրջափակման առաջին օրերից սկսած անհրաժեշտությունով պայմանավորված՝ ստեղծվել է կոորդինացման խորհուրդ, և Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մշտական կապի մեջ ենք Արցախում առողջապահական համակարգի ներկայացուցիչների՝ մեր գործընկերների հետ», - ասում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը, հավելելով՝ այլևս անհնար է Երևանից մասնագիտական խորհուրդներով մարդկանց կյանք փրկել կամ կայուն վիճակում պահել, եթե տեղում գրեթե չկան ամենաանհրաժեշտ դեղերն ու այլ բժշկական միջոցները։
«Այդ իսկ պատճառով բազմաթիվ հիվանդներ, չունենալով հնարավորություն այսօր 21-րդ դարում ստանալ իրենց հասանելիք առողջապահական օգնությունը, հայտնվում են ծայրահեղ ծանր վիճակում» , - նշեց նա։
Նաև մահվան դեպքեր են արձանագրվում ոչ լիարժեք բուժման, դեղերի բացակայության պատճառով, ասում է՝ ասածը հիմնված է արցախցի գործընկերներից ստացած ամենօրյա տեղեկությունների վրա։ Երեկ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նաև ահազանգեց, որ Ստեփանակերտում սովից 40-ամյա մի տղամարդ է մահացել։ Գեղամ Ստեփանյանը դատաբժշկակական եզրակացությունն էր վկայակոչել, ըստ որի՝ տղամարդը մահացել էր քրոնիկ թերսնուցման հետևանքով։