Մատչելիության հղումներ

Ստեփանակերտից հերքում են, թե նախագահն ընդունել է Աղդամի ճանապարհն օգտագործելու Բաքվի առաջարկը


Ակտիվացած խոսակցությունների ֆոնին Ստեփանակերտը հերքում է, թե նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն ընդունել է Աղդամի ճանապարհն օգտագործելու Բաքվի առաջարկը։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն «Արմենպրես»-ին ասել է՝ Արայիկ Հարությունյանը երեկ ու այսօր փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ, դրանց ընթացքում քննարկել ադրբեջանական պաշարման հետևանքով ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր միջնորդական առաջարկները:

«Որևէ որոշում չի կայացվել, քննարկումները շարունակվում են, և նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,- նշել է Ավանեսյանը։

Թե երբ, նա ոչ մի հստակություն չի մտցրել։

Նախագահի հետ մի հանդիպման էլ երեկ մասնակցել է ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության ղեկավարը, տեղեկացրեց նույնանուն խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։ Արցախի նախագահն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ասել է՝ Ադրբեջանի կողմից Աղդամ - Ստեփանակերտ ճանապարհը բացելու ճնշում կա։ Հակոբյանը կարծում է՝ այդ հանդիպումները Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է հենց որոշում ընդունելու համար։

«Արդարության» ղեկավարը փոխանցել է իրենց բացասական դիրքորոշումը, ասաց Հակոբյանը։ Համոզված են՝ Ադրբեջանի պահանջներին ենթարկվելու պարագայում դրանք վերջ չեն ունենալու։ Բայց ընդդիմադիր պատգամավորը հստակ՝ գրավոր ու փաստաթղթավորված առաջարկ-փոխզիջումները քննարկելուն կողմ է։ Այս դեպքում, պնդում էր, Ստեփանակերտին ներկայացված պաշտոնական գրավոր որևէ առաջարկ չկա։ Դժվարացավ ասել՝ ինչ ճանապարհով և ում միջնորդությամբ է Արցախի իշխանություններին հասել ադրբեջանական ճնշումների մասին լուրը։

«Չեմ ստի, չի եղել այդպես, որ երկրի նախագահը դիրքորոշում հայտնած լինի, ուղղակի ինքը հայտնել է այն, որ Ադրբեջանի կողմից ճնշում, պահանջ կա, որպեսզի Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը մեկ անգամ օգտագործվի, որից հետո և այլն, արդեն քննարկումներ լինեն։ Որևէ մեկը հստակ որևէ բան չի ներկայացնում», - ասաց նա։

«Ազատություն». - Իսկ եթե չի շահագործվում, նախագահն ասո՞ւմ է՝ ինչ է լինելու։

Մետաքսե Հակոբյան - Ոչ։

«Ազատություն». - Իսկ եթե շահագործվում է, նախագահն ասո՞ւմ է, օրինակ, որ դրա դիմաց Ադրբեջանը պատրաստ է Լաչինի միջանցքը...

Մետաքսե Հակոբյան - Ոչ, որովհետև ինչպես անցյալ տարի, երբ հանձնվում էր Բերձոր-Աղավնոն, այն ժամանակ էլ մենք ասում էինք՝ խնդրեմ, տեղափոխեք Լաչինի միջանցքը, բայց բերեք երեք ստորագրություններով փաստաթուղթ, որով միջանցքի դերակատարումը կամ գաղափարը չի փոխվում։ Չարվեց դա, եղավ ամեն ինչը բանավոր պայմանավորվածության արդյունքում։ Հիմա ևս մեր պահանջը դա է՝ եթե կա փոխզիջումների գնալու տարբերակ, խնդիր չկա, քննարկենք, բայց դա էլ պիտի լինի գրավոր, փաստաթղթավորված։ Որևէ բան չկա, այդ ամեն ինչը արվում է ինչ-որ բանավոր, օդում կախված իրար փոխանցումներով, հենվել ազնիվ խոսքի վրա, որ լավ, դուք եկեք Ակնայով, վաղը թույլ տվեք մենք Լաչինի միջանցքում... անկեղծ ասած՝ դա ինձ համար շատ անլուրջ է ու ծիծաղելի։

Արայիկ Հարությունյանի խոսնակը խոսել էր իրավիճակը հանգուցալուծելու առաջարկներից, բայց ոչ դրանց բովանդակությունն էր բացահայտել, ոչ էլ, թե ումից են ստացել։ Ոչ նախագահականը, ոչ գործադիր ու օրենսդիր մարմնի իշխանական ներկայացուցիչները առավոտից չեն պատասխանում «Ազատության» զանգերին։

Մինչ BBC-ն, հղում անելով լրատվամիջոցներին, հաղորդում է, թե Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում, Ստեփանակերտը չի հստակեցնում՝ արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։ «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել Արցախի արտաքին գործերի նախարարություն, դեռ պատասխան չի ստացել։

Աղդամով՝ Ադրբեջանի տարածքով արդեն երկու ամսից ավելի պաշարված Արցախ հումանիտար բեռներ հասցնելու՝ ադրբեջանական առաջարկին առաջինը հնարավոր համարեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Լաչինի միջանցքի բացմանը զուգահեռ այլ երթուղու գործարկման մասին խոսեցին նաև Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։

Եվրամիության բարձրաստիճան անանուն պաշտոնյան «Ազատությանը» փոխանցել է, որ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կլաարը և նախագահ Շառլ Միշելի թիմը սերտ շփումների մեջ են Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի հետ՝ քննարկելով իրավիճակը հանգուցալուծելու տարբերակները։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ամսվա սկզբին Սոֆիայում նախատեսված, սակայն չկայացած հանդիպումից հետո Ստեփանակերտ-Բաքու նոր հանդիպման հարցն այս պահին փակուղում է, նոր առաջարկ դեռևս չկա, ու առայժմ հայտնի չէ՝ երբ և որտեղ կարող է կողմերի հաջորդ հանդիպումը կայանալ։

Եվրոպացի պաշտոնյան պնդել է, թե Բրյուսելը շարունակում է մնալ անշահախնդիր ու անկեղծ միջնորդ Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում։

Այս անորոշության պայմաններում, ըստ եվրոպացի պաշտոնյայի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակում է հորդորել կողմերին հնարավորինս շուտ Բաքվի և Ստեփանակերտի միջև հանդիպում անցկացնել։

«Նախագահ Միշելն ադրբեջանական կողմին շեշտել է Լաչինի ճանապարհը բացելու անհապաղ անհրաժեշտությունը՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության համաձայն, և որպեսզի կանխվի հետագա լարվածությունը։ Նա նաև ի գիտություն է ընդունում ադրբեջանական կողմի պատրաստակամությունը հումանիտար օգնություն տրամադրել այլ ճանապարհներով, ներառյալ Աղդամով», - հավելել է «Ազատության» աղբյուրը։

Մինչ այդ Բաքուն ու Ստեփանակերտը մեղադրանքներ են փոխանակում միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցներում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Politico-ին ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը դեմ են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բեռնափոխադրումների համար օգտագործելուն, քանի որ ձգտում են «խոչընդոտել Ադրբեջանին վերաինտեգրվելուն և ցանկանում են պահպանել խամիճակյային ռեժիմը»։ Նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը հայտարարել է՝ եթե ընդունեն Աղդամի ճանապարհը բացելու և ադրբեջանական բեռներ ստանալու առաջարկը, կլեգիտիմացնեն Բաքվի հանցագործությունները։

«Եթե Լաչինի միջանցքը վերաբացվի, մենք կվերականգնենք մեր ինքնաբավությունը, և Աղդամից բեռներ ստանալու որևէ կարիք չի լինի», - ասել է արտգործնախարարը։

XS
SM
MD
LG