Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հերթական հաղորդումը Պաշտպանության բանակի ամրաշինական աշխատանքները խափանելու վերաբերյալ:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 22-ին` ժամը 19:20-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Վերջին շրջանում Բաքվի այսպիսի հաղորդագրությունները և Ստեփանակերտի կողմից դրանց հերքումները ամենօրյա բնույթ են կրում: Ըստ Արցախի պաշտպանական գերատեսչության՝ կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանի ՊՆ-ը «փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները և տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար»։