Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադառնալով Լաչինի միջանցքի ապաշրջափակմանն ու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամին, պաշտոնական Բաքվին կոչ արեց ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից։ Փաշինյանը շեշտեց, որ Լաչինի միջանցքում այսօր ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակման վերացումն է, ինչպես նաև Ստեփանակերտ - Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում։
«Հայաստանի Հանրապետությունն, իր հերթին, շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղության հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից», - նշեց վարչապետը:
Չնայած Հայաստանից ու միջազգային հանրությունից պարբերաբար հնչող կոչերին, Բաքուն 8 ամիս է՝ շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը՝ հրաժարվելով նաև միջազգային մեխանիզմի շրջանակներում Ստեփանակերտի հետ երկխոսությունից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը հրաժարվել է Արցախի ներկայացուցիչների հետ վաղը նախատեսված հանդիպումից. Տիգրան ՊետրոսյանԻնչպես վերջերս Իլհամ Ալիևն էր պնդել՝ Ղարաբաղի հայերի համար հավելյալ երաշխիքների կարիք չկա և Ադրբեջանի Սահմանադրությունը միանգամայն բավարար է նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար:
Ստեղծված իրավիճակում ո՞ւր են շարժվում կողմերը՝ դեպի խաղաղության պայմանագրի ստորագրո՞ւմ, թե՞ խաղաղության հնարավորությունը զրոյացնելու ուղղությամբ, ինչի մասին զգուշացրեց Փաշինյանը։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նշում է, թե դժվար է խոսել առաջընթացի մասին, երբ Արցախում հումանիտար ծանր իրավիճակ է և Լեռնային Ղարաբաղի բնակչության ամենատարրական իրավունքներն անգամ պաշտպանված չեն։
Եթե խաղաղության պայմանագիր կնքվի, Արցախում պետական մարմինները պահպանելու հնարավորություն դժվար թե լինի. Գրիգորյան
Ինչ վերաբերում է Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմին, ապա վերլուծաբանի համոզմամբ՝ սա ընդամենը Երևանի համար դեմքը փրկելու միջոց է։ Եվ եթե Հայաստանը ստորագրի այդ խաղաղության պայմանագիրը, ապա պարզ է, որ Լեռնային Ղարաբաղում դժվար թե որևէ պետական մարմին պահպանելու հնարավորություն լինի։
«Ադրբեջանն այս փուլում արդեն իսկ խոսում է Հայաստանի կողմից «ապօրինի խմբավորումների» ֆինանսավորման մասին, այսինքն, իրենց համար Լեռնային Ղարաբաղի ողջ պետական ապարատը ապօրինի խմբավորում է: Եթե ստորագրվում է այդ փաստաթուղթը, որի մեջ կա կետ միմյանց ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ, Հայաստանն այլևս չի կարողանում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախին, ի՞նչ բանակցությունների մասին կարող է գնալ խոսքը: Բանակցությունները լինելու են՝ ադրբեջանական պայմանների ընդունում, ինտեգրացիայի օրակարգ, որն նույնիսկ չի ենթադրում Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավորի գոյությունը և ընտրությունը շատ պարզ է լինելու՝ կա՛մ թողնելու են մարդիկ գնան, կա՛մ փորձելու են նման պայմաններում ապրել, բայց նման պայմաններում դժվար է լինելու ապրել», - ասաց Տիգրան Գրիգորյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախը միշտ պատրաստ է քննարկել Ստեփանակետ-Բաքու հանդիպումների կազմակերպման ողջամիտ առաջարկներ. ԱԳՆ«Մոսկվան և Բաքուն ճնշում են Ստեփանակերտին, որ հանդիպումը կայանա Եվլախում»
Անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդությամբ եվրոպական երկրներից մեկում Ստեփանակերտ- Բաքու երկխոսության կազմակերպմանը, Տիգրան Գրիգորյանն ասում է, որ այդ հանդիպման հնարավորությունը ավելի է նվազել՝ հաշվի առնելով Ռուսաստանի գործոնը։ Մոսկվան, նրա խոսքով, այսօր ճնշում է գործադրում Ստեփանակերտի վրա, որպեսզի այդ հանդիպումը կայանա Ադրբեջանի Եվլախ քաղաքում, ինչի մասին շարունակաբար պնդում է նաև Բաքուն։
«Եթե մինչ այդ Բաքուն համաձայնել էր համարյա Բրատիսլավայում այդ հանդիպմանը մասնակցելուն Արցախի ներկայացուցիչների հետ՝ ամերիկյան ներկայությամբ, ապա Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում այս փուլում նույն Մոսկվան պնդում է, որպեսզի այդ հանդիպումը տեղի ունենա Եվլախում: Արցախյան կողմն այս պահին դեռևս չի համաձայնում նմանատիպ հանդիպման անցկացմանը՝ հասկանալի պատճառներով: Բայց կա ճնշում ինչպես Բաքվի կողմից, այնպես էլ Մոսկվայի կողմից», - նշեց քաղաքագետը:
«Ազատության» հարցին՝ «Մոսկվան Արցախին ստիպում է, որպեսզի Եվլախում գնան հանդիպե՞ն», Գրիգորյանը պատասխանեց. - «Այո, այս փուլում Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որպեսզի Արցախի ներկայացուցիչները մասնակցեն հանդիպմանը Եվլախում, ամենայն հավանականությամբ, խաղաղապահ առաքելության ներկայացուցիչ էլ կարող լինել այդ հանդիպմանը: Բայց միայն այն հանգամանքը, որ այդ հանդիպումը տեղի է ունենում Եվլախում, այսինքն, ամբողջությամբ ադրբեջանական պայմաններով, պարզ է, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ ընդհանրապես ողջ գործընթացի վրա»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահը միջազգային հանրությունից խնդրում ու պահանջում է՝ անհապաղ կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունըԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օրերս միջազգային հանրությանն ուղղված իր ուղերձում պնդել էր՝ առանց միջնորդների և գործուն երաշխիքների բանակցություններին մասնակցելու կոչերը Ստեփանակերտում ընկալում են որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը։
«Այս պայմաններով որևէ նման բանակցություններին Արցախի մասնակցությունը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ծրագրի ընդունում և օրինականացում», - նշել է Արցախի նախագահը։
Արայիկ Հարությունյանն անհրաժեշտ էր համարել առաջին հերթին ապահովվել բանակցությունների համար բարենպաստ ու հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի միջազգային մանդատով և կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի վրա։ Այլապես, ըստ Արցախի նախագահի, առաջարկելով բանակցել մի կողմի հետ, որը չի հրաժարվում մյուս կողմին ռազմական, տնտեսական, քաղաքական միջոցներով ոչնչացնելու իր հանցավոր մտադրությունից, քննարկման առարկա լինել չի կարող։