Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կմասնակցի սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը, «Ազատությանը» փոխանցել է Մարությանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբատյանը։
Քիչ առաջ Մարությանը հայտարարեց, որ իր թիմի հետ մասնակցելու է ավագանու ընտրություններին։
Ընդգծելով, որ իրենց թիմը չունի մեծ գումարներ, սեփական օլիգարխներ, լրատվամիջոցներ, վարչական լծակներ՝ Մարությանն ասաց․ - «Միակ մեր հարստությունը դուք եք՝ երևանցիներ, և մենք համոզված ենք, որ մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել ինչ-որ անհասկանալի և պատահական մարդիկ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքապետ Հայկ Մարությանի 3 տարին. տված խոստումներն ու կատարած աշխատանքը (ինֆոգրաֆիկա)Մարությանը նախ մի քանի հարց բարձրացրեց՝ «արդյո՞ք այսօր մեր երկրում պրոցեսներն արդար են ու թափանցիկ, արդյո՞ք մայրաքաղաքի կառավարումն էֆեկտիվ է ու ի նպաստ երևանցու, արդյո՞ք պաշտոնյաները, որոնք ժամանակին հեղափոխական էին ներկայանում, այսօր չեն սկսել գործել հին ու բարի մեթոդներով, արդյո՞ք մենք հասել ենք այն ամենին, ինչի համար ազգովի ոտքի ենք կանգնել 2018-ին», ապա ինքն էլ պատասխանեց՝ «իհարկե ոչ, ուստի պայքարն ավարտված չէ»։
2021-ի դեկտեմբերին Երևանի իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, հայտարարելով՝ Մարությանը հեղափոխական արժեքներից հեռացել է, չի իրականացնում նախընտրական խոստումները, համակարգային կոռուպցիայի վերացման առաքելությունը, դուրս է եկել իշխող կուսակցությունից, խզել է կապն ավագանու իշխող խմբակցության և կառավարության հետ։ Նա էլ հեռանալիս՝ իշխանությունների հասցեին մի շարք մեղադրանքներ հնչեցրեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունն ուսումնասիրում է Հայկ Մարությանի մեղադրանքներն իշխող ուժի հասցեին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2018-ին երևանցիների քվեն ստացել է ոչ թե Մարությանը, այլ Նիկոլ Փաշինյանը. Արփի Դավոյան
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին՝ համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։ Քաղաքական ուժերը մինչև օգոստոսի 13 -ը ժամանակ ունեն փաստաթղթեր ներկայացնելու։ Ընտրությունների քարոզարշավը կսկսվի օգոստոսի 23 -ին, կտևի 24 օր։
Ընտրություններին մասնակցության մասին արդեն հայտարարել են Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկրի» նախագահ Մանե Թանիդլյանը, «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Ուժը հայրենյացի» ցուցակը կգլխավորի Նելլի Հարությունյանը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ անցած մարտին է հայտարարել, որ իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Այսօր էլ «Մայր Հայաստան» շարժումը հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին, թե ով կգլխավորի ցուցակը, դեռ չի հայտարարվել։