Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանի դեմ տարբեր ճնշումներով, ապատեղեկություններով զուգորդվող արշավը խնդրահարույց է. Իոաննիսյան


Արշավը, որ իրականացվեց Հայկ Մարությանի դեմ, այդ թվում՝ ապատեղեկություններով, տարբեր ճնշումներով զուգորդվող, բավականին խնդրահարույց է, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Իմ քայլը» խմբակցության, այսպես ասած, հեղափոխական անդամների, ովքեր որ հեղափոխության հիմքերում կանգնած մարդիկ էին, բայց «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) անդամ չդարձան, Հայկ Մարությանն իրենց հետ շատ լավ հարաբերություններ ուներ, և ինձ թվում է, որ «Քաղաքացիական պայմանագրին» ինչ-որ առումով վախեցրեց այն, որ հեղափոխությունից կա որոշակի ժառանգություն, որը որ «Քաղաքացիական պայամանգիր» չէ», - ասաց Իոաննիսյանը։

Դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին 44 կողմ, 10 դեմ ձայնով քաղաքապետ է ընտրեց Հրաչյա Սարգսյանին, ով մինչ այս զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը: Ավելի վաղ` ավագանու արտահերթ նիստին, ավագանին անվստահություն էր հայտնել Հայկ Մարությանին:

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի ժամ տևած հանդիպումից հետո Երևանի ավագանու իշխող խմբակցությունը հայտարարություն տարածեց, մասնավորապես, նշելով, թե «2018-ի Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը գլխավորած Մարությանը մեկ տարի առաջ լքել է կուսակցությունը և դրանից հետո ծավալված «Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է, որ կուսակցության և ավագանու իշխող խմբակցության հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չի կիսում», ըստ այդմ, «քաղաքական ճգնաժամ է առաջացել», որն էլ «հաղթահարելու համար» քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։

Իոաննիսյանն այստեղ «կոնցեպտուալ խնդիրներ» է տեսնում՝ մանրամասնելով՝ հեղափոխությունից հետո Երևանի ավագանիում ձևավորվեց «Իմ քայլը» դաշինքը և այդ դաշինքը ստացավ երևանցիների 80 տոկոս ձայնը, դաշինքում կային «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքն է ավագանու իշխող ուժը, Հայկ Մարությանը չի դուրս եկել «Իմ քայլը» դաշինքից, դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

«Իրեն փոխարինում են մի մարդով, ով եղել է «Իմ քայլը» դաշինքում «Առաքելություն» կուսակցություն քվոտայով և դուրս է եկել «Առաքելություն» կուսակցությունից, Հրաչյա Սարգսյանի մասին է խոսքը։ Ինչպես Հայկ Մարությանն է դուրս եկել այն կուսակցությունից, որի ցուցակով ինքը «Իմ քայլը» դաշինքում էր, այնպես էլ Հրաչյա Սարգսյանն է դուրս եկել այդ կուսակցությունից որով որ «Իմ քայլը» դաշիքնում էր և ինչո՞ւ մեկին կարելի է, մյուսին՝ չի կարելի», շեշտեց ՀԿ ղեկավարը՝ խորհուրդ տալով ՔՊ-ին ունենալ միատեսակ մոտեցումներ տարբեր հարցերի հետ կապված», - ասաց Իոաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG