Մատչելիության հղումներ

Դատախազությունը կուսումնասիրի Մարությանի օրոք քաղաքապետարանում արձանագրված ենթադրյալ չարաշահումները


2018-ի հեղափոխությունից հետո Երևանն ավելի քան 3 տարի ղեկավարած Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք Երևանի քաղաքապետարանում արձանագրված ենթադրյալ չարաշահումները կուսումնասիրվեն դատախազությունում։ Այս կառույցը պետք է որոշի՝ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) բացահայտած խախտումները արդյոք հանցագործություն են և դրանցում մեղքի ինչ բաժին կարող է ունենալ վարչապետ Փաշինյանի երբեմնի թիմակից Մարությանը։

Մինչ իրավապահները քննություն կանցկացնեն, Հայկ Մարությանն այս թեմայի շուրջ շարունակում է լռություն պահպանել, նույնը նրանից հետո Երևանի քաղաքապետ նշանակված Հրաչյա Սարգսյանը, որ Մարությանի տեղակալն էր, դեռ մեկնաբանություններ չի ցանկանում տալ։

Հայկ Մարության, Հրաչյա Սարգսյան
Հայկ Մարության, Հրաչյա Սարգսյան

Անցած դեկտեմբերին Երևանի ավագանին անվստահություն հայտնեց Մարությանին ու պաշտոնանկ արեց նրան։ Նրա երբեմնի թիմի բացատրությունն այն էր, որ քաղաքապետը չի իրականացնում նախընտրական խոստումները, համակարգային կոռուպցիայի վերացման առաքելությունը, դուրս է եկել իշխող կուսակցությունից, խզել է կապն ավագանու իշխող խմբակցության և կառավարության հետ։

Իր հերթին Մարությանը, որ պնդում էր, թե դեռ 2020-ի պատերազմից առաջ էր մտադիր հեռանալ իշխող կուսակցությունից, Փաշինյանի թիմին մեղադրեց հեղափոխական արժեքներից հեռանալու համար։

«Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է, ինչպես նախաձեռնող խումբն է ասում, «քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաև այս պաշտոնը», - ասում էր նախկին քաղաքապետը։

Մարությանի պաշտոնանկությունից հետո էլ հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է սկսել քաղաքապետարանում։ Այսպես, ուսումնասիրվել է 2018-2022 թվականների ընթացքում քաղաքապետարանում կատարված ծախսերն ու աշխատանքները ու հայտնաբերվել 8.5 միլիարդ դրամի խախտումներ։ Ընդ որում, Պետական վերահսկողական ծառայության հաղորդագրության մեջ հատուկ շեշտվում է, որ այս խախտումներն ավելի շատ են, քան նախկին իշխանության ներկայացուցիչ, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 7 տարվա պաշտոնավարման ընթացքում հայտնաբերվածները։

Տարոն Մարգարյան, 2016թ․
Տարոն Մարգարյան, 2016թ․

Այսպես, Մարգարյանի ղեկավարման տարիներին՝ 2011-2018 թվականներին շինարարության թույլտվությունների տրամադրման և ուղղակի վաճառքի եղանակով հողամասերի օտարման գործընթացների հետևանքով հայտնաբերվել են շուրջ 7.3 միլիարդ դրամի խախտումներ: Սրանք ևս դատախազությունում են և արդեն հարուցված է 3 գործ։

Մարությանի թիմին վերագրվող խախտումներն, ըստ ՊՎԾ-ի, վերաբերում են տարբեր ոլորտների. օրինակ, գույքահարկի և հողի հարկի բազային տվյալները պակաս են ներկայացվել՝ շուրջ 7 միլիարդ դրամի չափով, ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել բազաներում կամ էլ անհիմն ներկայացվել է որպես օտարված, ինչի հետևանքով չի հավաքագրվել շուրջ 331 միլիոն դրամ գույքահարկ, իսկ շուրջ 8 տասնյակ ավտոմեքենաներ օտարվել են՝ առանց ավելի քան 4 միլիոն դրամ գույքահարկը մարելու, կամ էլ փողոցների և ճանապարհների նորոգման աշխատանքների շրջանակներում արձանագրվել են շուրջ 542 միլիոն դրամի ոչ նպատակային օգտագործման և չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպքեր և այլն։

Հայկ Մարությանն իրեն անվստահություն հայտնելու հարցով ավագանու նիսում հենց ինքն էր խոսել պետական միջոցների անարդյունավետ ծախսերից․ - «Եվ հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները, գաղտնի որոշմամբ, կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ, նախարարները 1,5 միլիոն դրամ են ստանում՝ մաքուր գումարի մասին է՝ հարկերը հանած, փոխնախարարները՝ 1-ական միլիոն դրամ, և այսպես շարունակ։ Գաղտնի որոշմամբ, հեղափոխական նախարարները։ Շեշտում եմ՝ ես չեմ խոսում պետական համակարգի, այսպես կոչված, տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից, պրոֆեսիոնալներ են և իրենց աշխատանքի համար պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին»։

Չնայած այս հայտարարություններին, նա հետո հրաժարվել էր հանցագործության մասին հաղորդում տալ, իրավապահներն էլ նրա հայտարարությունները հիմնավորող տվյալներ չէին հայտնաբերել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG