«Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել՝ անգամ պատահաբար». - իրեն պաշտոնից հեռացնող իշխող ուժի անուղղակի մեղադրանքերին իր ֆեյսբուքյան էջում այսպես է պատասխանել Երևանի քաղաքապետը։
Ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունից խոսում են միայն ակնարկներով՝ առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունեն, երբ ներկայացնելով Հայկ Մարությանի հեռացման հիմնավորումները՝ հայտարարել էին, թե «հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարվեց, թե Մարությանը արդեն մեկ տարի է իշխող կուսակցության անդամ չէ, հետևաբար իշխանության հետ խզված կապերի պայմաններում չի կարող մնալ քաղաքապետի պաշտոնում։
Իշխող ուժի պատգամավոր Արփի Դավոյանը կարծիքով, 2018-ին երևանցիների քվեն ստացել է ոչ թե Մարությանը, այլ Նիկոլ Փաշինյանը։ Դավոյանը վստահ է, որ եթե Մարությանի փոխարեն լիներ ասենք Պողոս Պողոսյանը, դարձյալ նույն ձայները կստանար. - «Այդտեղ շատ քիչ է Մարությանի անձնական ներդրումը։ Ուղղակի ինքը հայտնի է եղել որպես դերասան, քաղաքականության մեջ՝ այնքանով, որքանով մասնակցել է տարբեր տեսակի ակցիաների։ Բայց պրոֆեսիոնալ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել»։
80 տոկոս քվեն հետհեղափոխական մթնոլորտով պայմանավորելը նոր պնդում չէ, և դրա թերևս լավագույն պատասխանն ու բացատրությունը Հայկ Մարությանի երդմնակալության օրը տվել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը, երբ ասել էր. - «Հարգելի պարոն Մարության, սիրելի Հայկ։ Այսօրվա իրադարձության առանցքային իմաստը այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ։ Իհարկե, կա պնդում, որ որոշում կայացնելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տրամադրությունը շատ բարձր է եղել, բայց դա կապ չունի։ Առանցքային իմաստն այն է, որ որոշում կայացնող սուբյեկտը և որոշման կայացման ազատությունը, ժողովրդի կամարտահայտման ազատությունը երբեք կասկածի տակ այլևս չպետք է դրվի»։
Ի դեպ, առաջին անգամը չէ, որ հենց իշխող ուժի ներսում է կասկածի տակ են դրվում իրենց թեկնածուների ստացած ձայները։ Իշխող կուսակցութնան խոսնակ, այժմ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էր հետպատերազմյան շրջանում խմբակցույթունը լքած պատգամավորի մասին գրել, թե Նիկոլ Փաշինյանի «ուսապարկը թերևս ավելի շատ ձայն կստանար»։
Մեջբերումը Ալեքսանյանի գործընկեր Դավոյանը «պրոֆեսիոնալ լրագրողին» հարիր չհամարեց. - «Երբ Վահագն Ալեքսանյանը խոսել է դրա մասին, պատգամավոր չի եղել»։
Դավոյանը խորհուրդ է տալիս դուրս գալ ու հենց քաղաքացիներին հարցնել՝ իրենք ընտրել են Փաշինյանի՞ն թե՞ Մարությանին։ Այդ հարցման ամենավստահելի եղանակը արդյոք ընտրութունները չեն, հարցրեցին պատգամավորին՝ ներկայացնելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի առաջարկը՝ գնալ արտահերթ ընտրությունների։ Իշխանական պատգամավորը անկեղծացավ՝ այս ընթացքում Մարությանը հասցրել է քաղաքական կապիտալ ձևավորել. - «Իրականում ես կարծում եմ, որ այս ընթացքում, աշխատելու ընթացքում մարդը ձեռք է բերել նաև որոշակի քաղաքական կապիտալ, և չենք կարող համեմատել 2018 թվականի ընտրությունների արդյունքները և հիմա տեղի ունենալիքը, երբ որ տեղի ունեն այդ ընտրությունների արդյունքը, իրար հետ։ Սա իրավական գործընթաց է, օրենքի որևէ խախտում չկա»։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը ասում է՝ այս գործընթացից ամենամեծ հետևությունը պետք է անեն հենց Փաշինյանի թիմակիցները. - «Բոլոր էն քաղաքապետերը, նախարարները, պատգամավորները, քննիչները, դատախազները, որոնք կարծում են, որ լուռ կամակատար լինելով, կատարելով դավաճանական, հակապետական հրամանները, իրենք ապահովագրված են, սխալվում են։ Դրան գումարած՝ բոլոր այն մարդիկ, ում ռեյտինգը մի քիչ ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը, շատ արագ ենթարկվելու են պատժիչ գործողությունների»։
Թեև վերջին տարիներին լուծվել է Երևանի աղբահանության, հնամաշ վերելակների, որոշ չափով նաև տրանսպորտի հարցը, ավագանու իշխող խմբակցությունը վարչապետի հետ հանդիպումից հետո նաև հայտարարում է, թե Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները, ինչպես նաև չի հաջողել Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիան վերացնելու գործում։
«Ճգնաժամը վերցնելու համար ենք ցանկանում հեռացնել Մարությանին», - ասում է խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ առանց մանրամասնելու, թե այդ ճգնաժամը ինչպես է դրսևորվեում։
Կուսակցության վարչության անդամ Արփի Դավոյանը ևս պնդում է, որ բացի քաղաքական դրդապատճառներից, կա նաև դժգոհություն հենց քաղաքապետի կառավարումից։ Պնդում է, թե բազմաթիվ քաղաքացիներ են եկել Ազգային ժողով ու բողոքել Մարությանից. - «Եկել են մարդիկ. կառուցապատումների հետ կապված, շինթույլտվությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ են եղել։ Ուղղակի այս պահին չեմ կարող մանրամասնել, որովհետև քննարկումներից ժամանակ է անցել»։
Մինչ «Քաղաքացիական պայմանագրում» քննադատում ու խոսում են Մարությանի թերացումներից, քաղաքապետը շարունակում է իր էջում հրապարակել նոր ավտոբուսների և վերելակների գնման հայտերը։ Վերջին հրապարակումը հիմնանորոգված երեք մանկապարտեզների մասին է։
«Փակ քվեարկությամբ կա'մ կունենանք կուսակցապետության ամրագրում, կա'մ էլ կհաղթի բանականությունն ու բարոյականությունը», - արձագանքելով այս զարգացումներին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, որն ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել Երևանի քաղաքապետին։
Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը կքննարկվի դեմտեմբերի 22-ի արտահերթ նիստում
Համաձայն օրենքի՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ներկայացնելուց հետո երրորդ աշխատանքային օրը հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը: Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված նոր թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։
Նոր թեկնածուն փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ։
Գործող ավագանին 65 անդամ ունի, Մարությանին հեռացնելու համար անհրաժեշտ է 33 ձայն, իշխող խմբակցությունն ավելին ունի։