Մատչելիության հղումներ

Եթե Մարությանը քրեական հանցանքի տարրեր տեսներ, դրա մասին իրավապահները կտեղեկանային անմիջապես. նախկին քաղաքապետի գրասենյակ


Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրասենյակից հայտնում են, որ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը որոշակի ճշգրտման կարիք ունի, քանի որ եթե Մարությանը իշխող ուժի հասցեին արած հայտարարություններում քրեական հանցանքի տարրեր տեսներ, դրա մասին իրավապահները կտեղեկանային անմիջապես։

Դատախազությունը երեկ տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 22-ի ավագանու արտահերթ նիստում, երբ քննարկվում էր Մարությանի իմփիչմենթի հարցը, նախկին քաղաքապետի՝ իշխող ուժի հասցեին արված հայտարարությունների առնչությամբ հանցագործության որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չի հայտնաբերել։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Մարությանը ոստիկանությունում հրաժարվել է հաղորդում ներկայացնել, անուն նշել և որևէ բացատրություն տալ. «Այն, ինչ ինքը հայտարարել է ելույթի ժամանակ, իր վերաբերմունքն է եղել, ընդհանուր գնահատականն է եղել երևույթներին և ցանկություն չունի որևէ հաղորդում ներկայացնելու, որևէ բացատրություն տալու: Եվ քանի որ այլ հանգամանքներ մեզ չհաջողվեց ձեռք բերել, պարզել ստուգողական գործողությունների արդյունքում, դրանք թողնվեցին ուղղակի անհետևանք»:

Ավելի քան երեք տարի պաշտոնավարած Մարությանը նախքանի իր պաշտոնանկությունը հայտնել էր, որ տարբեր պաշտոնյաներից տարատեսակ զանգեր է ստացել, որոնք մերժել է: Ավելին՝ Երևանի նախկին քաղաքապետի խոսքով՝ իրեն պատժում են իշխող ուժի կանոններին չենթարկվելու, ապօրինի պահանջներին չընդառաջելու համար։

«Հետ սկսեցին տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել ու իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղիկի բուտկեն էստեղ դնենք, էս շինթույլտվությունը տանք, էսքան հարկ ավելացնենք, էս հողն ընդլայնենք», - ներկայացրել էր Մարությանը:

Այսօր նախկին քաղաքապետի գրասենյակից «Ազատությանը» հայտնեցին, որ Մարությանը հայտնի ելույթում ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք ներկայացուցիչների գործելաոճը՝ հայտնելով իր սկզբունքային անհամաձայնությունը։ «Եթե Հայկ Մարությանը նշված գործելաոճի մեջ քրեական հանցանքի տարրեր տեսներ, դրա մասին իրավապահները կտեղեկանային անմիջապես, ոչ թե 2021-ի դեկտեմբերին»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ նշել են Մարությանի գրասենյակից։

Հայկ Մարությանը դեկտեմբերի 22-ի նիստում նաև հայտնել էր, որ քաղաքապետարանից ու վարչական շրջանների ղեկավարներից կոռուպցիայի վերաբերյալ շուրջ 70 հաղորդում են ուղարկել իրավապահներին։ Այդ օրը Մարությանին աջակցող ավագանու անդամներից մի քանիսը խոսեցին իրենց նկատմամբ ճնշումների մասին։ Մասնավորապես՝ «Իմ քայլի» այլևս նախկին անդամներից Գրիգոր Երիցյանը հենց ամբիոնից հայտնեց՝ ինչպես են իրեն ստիպել վայր դնել մանդատը։

«Այս գործընթացն ուղեկցվել է ավագանու մի քանի անդամների նկատմամբ տարատեսակ ճնշումներով», - նշել է նա:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ իշխող խմբակցության թե՛ ղեկավար կազմի, թե՛ անդամների բացատրություններից հետո մերժվել է նաև քրեական գործի հարուցումը ճնշումների մասով։

«Պարզվեց, որ խոսքը վերաբերում է ընդամենը քաղաքական հայտարարությունների մասին, խմբակցության կողմից ընդհանուր դիրքորոշում որդեգրելու մասին: Եվ այնպիսի գործողություններ, որոնք իրենց մեջ պարունակեին ավագանու անդամների նկատմամբ որոշակի ներգործություն գործադրելու, մենք չստացանք», - ասաց Գոռ Աբրահամյանը:

Հայկ Մարությանի գրասենյակն արձագանքել է նաև ճնշումների դրվագի «ճակատագրին»։

«2021-ի դեկտեմբերի երկրորդ կեսին մամուլում կոնկրետ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» ֆրակցիայի մի քանի անդամների վրա ճնշում են գործադրել՝ ստիպելով քվեարկել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու օգտին», - պատասխանել են գրասենյակից՝ նկատելով, որ հենց այդ տեղեկություններն ե՛ն, որ մանրակրկիտ քննության կարիք ունեն։

Այս պատմության ընթացքում Մարությանի հասցեին մեղադրանքներ հնչեցին իրեն իսկ ընտրած «Իմ քայլը» խմբակցությունից։ Մարությանին պաշտոնանկ անելու նիստից առաջ հայտարարեցին, թե քաղաքապետը «բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը»:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քաղաքական հայտարարություններին չեն անդրադառնում, արձագանքում են միայն այն գործերին, որոնք քրեական վարույթի շրջանակներում են։ Իսկ այս պահին, ըստ Գոռ Աբրահամյանի, նախկին քաղաքապետը որևէ քրեական գործում ներգրավված չէ որպես կասկածյալ կամ մեղադրյալ։

«Թեև քննվում են այս պահի դրությամբ բազմաթիվ քրեական գործեր՝ երեք տասնյակից ավելի, որոնք վերաբերում են 2018 թվականից հետո Երևան քաղաքում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից, այսպես ասած, առերևույթ հանցավոր որոշակի կոռուպցիոն դրսևորումների հետ: Դրանցով կան նաև որպես մեղադրյալ ներգրավված անձինք, բայց այս պահի դրությամբ դեռևս նախկին քաղաքապետի հետ կապված քրեական հետապնդման մասին խոսք չկա», - ասաց Աբրահամյանը:

Ի դեպ՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելուց մի քանի օր անց հայտնի դարձավ, որ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) Երևանի քաղաքապետարանում ստուգումներ է սկսել: Դատախազությունը ՊՎԾ-ից առայժ տվյալներ չի ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG