«Ջուր բերե՛ք, ջուր բերե՛ք»․ հերթերում կանայք, երեխաներ ուշաթափվում են։ Մարդիկ հոգեկան գերլարված վիճակում են, թերսնված, ուշագնացության դեպքերն աճում են, ահազանգում է Արցախի օմբուդսմենը։
Ստեփանակերտում շատ բան չի վաճառվում, հաց ու կաթնամթերք՝ քիչ քանակով։ Մարդիկ հաճախ գիշերվանից են հերթ պահում, որ մի տուփ թթվասեր տուն տանեն։
«Վեր ենք կենում առավոտը, 200-րդն ենք հերթում, որ գիշերն ենք գալիս, դա էլ օգուտ չի, էն օրը 2։30-ին եկանք գիշերը 180 ենք եղել », - պատմում է արցախցիներից մեկը։
«Դեպք է եղել, որ 13-14 տարեկան երեխեքը սաղ գիշեր նստել են, թե ինչ ա ինչ-որ մի բան վերցնեն տանեն տուն, առավոտը զավտրիկ անելու համար», - պատմեց մեկ այլ արցախցի։
Հունիսի 15 ից հետո ոչ մի կիլոգրամ բեռ Արցախ չի մտել՝ առանց հոսանքի գազի ու տրանսպորտի ապրող արցախցիներն այժմ սննդի, մանկական կաթնախառնուրդի, դեղորայքի, լվացքի փոշու, օճառի, ամենօրյա փնտրտուքի մեջ են։ Ոչինչ արդեն չի գտնվում, պատմում է Սիլվա Խաչատրյանն, ով 8 երեխայի մայր է։
«Շատ վատ վիճակում ենք, ոչ մի բան չկա խանութներում, ահավոր վիճակում ենք», - ասաց Սիլվա Խաչատրյանը՝ նշելով՝ ձեթ, շաքարավազ սպառվել են վաղուց, այսօր տնամերձից մի քանի բանջարեղեն է բերել ամուսինը, դրանով ապուր է պատրաստել, վաղն ի՞նչ են ուտելու՝ անորոշ է։
Մանկապարտեզները դեռ գործում են՝ մթերքի վերջին պաշարով։ «Աշխատողները շատ չարչարվում են, որ երեխաները գոնե սոված չմնան», - ասում է Մարտունու մանկապարտեզի դայակ Ալվարդ Ալավերդյանը՝ հավելելով՝ սնվելու ժամերը կրճատում են, խաղերն ավելացնում։
«Քանի գնում սնունդը վատանում է, հիգիենայի պարագաներ ընդհանրապես չկան։ Մեկ-մեկ խնդրում եմ ծնողներին մի հինգ հատ մեկն է անձեռոցիկ բերում, էդպես», - պատմեց Ալվարդ Ալավերդյանը։
Մեկ շաբաթ առաջ նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախը աղետի գոտի հռչակեց, շեշտեց՝ եթե միջազգային հանրությունը հրատապ չարձագանքի, այն կվերածվի համեկնտրոնացման ճամբարի։ Այս հայտարարությունից հետո իրավիճակը էլ ավելի է բարդացել։ Հակարիի անցակետով հիմա Կարմիր խաչի մեքենաներն էլ չեն անցնում, շաբաթ օրը ծանր առողջական խնդրով արցախցի տղամարդուն ադրբեջանցի սահմանապահները Բաքու տարան, ձերբակալեցին։ Այդ օրվանից ծանր հիվանդները երևանյան բուժհասատատություն չեն տեղափոխվում։
Արցախի օմբուդսմենը մի խումբ երիտասարդների ֆլեշմոբին է միացել։ Ստեփանակերտի կենտրոնից նրանք փրկության կոչ են ուղղել միջազգային հանրությանը, իրենց մարմիններով պատկերել SOS, միացրել SOS ազդանշանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահեր, զանգվածային ցույցեր՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը զուգընթաց