Մատչելիության հղումներ

Արցախի քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել. Արցախի դատախազություն


Արցախի քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ Արցախի դատախազությունը քրեական գործ է հարուցել։

Դատախազությունից հայտնում են, որ գործը հարուցվել է մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներով:

Ըստ կառույցի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի կողմից խախտմամբ տեղադրված հսկիչ-անձնագրային կետում ԿԽՄԿ ծառայողական ավտոմեքենայով որպես բուժառու Երևան տեղափոխվող, Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ Վագիֆ Չերքեզի Խաչատրյանի անձնագրի ստուգման ժամանակ, ըստ ազգային պատկանելության, վերջինիս կամքին հակառակ, նրան բռնության գործադրմամբ առևանգել են Ադրբեջանի անհայտ զինծառայողները։

68-ամյա տղամարդու առևանգման մասին Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն էին այսօր ահազանգել։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, ու նրան կալանավորելու որոշում կայացվել, նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

XS
SM
MD
LG