Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը Լաչինի միջանցքի ճգնաժամի վերաբերյալ նամակ է ուղարկել միջազգային գործընկերներին


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային խորհրդարանական հեղինակավոր կառույցների ղեկավարներին, միջազգային գործընկերներին և տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներին` ուշադրություն հրավիրելով 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով առաջացած իրավիճակին, հայտնում են խորհրդարանից։

Պաշտոնական գրության մեջ մանրամասներ են ներկայացվում Լեռնային Ղարաբաղում շրջափակման հետևանքով բնաջնջման իրական վտանգի առջև հայտնված 120.000 հայ բնակչության վիճակից, նշված է հաղորդագրության մեջ։

ԱԺ նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը 360 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի 19 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունը Լաչինի միջանցքով անցնի Ստեփանակերտ:

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի, ոչ մի հայ չի կարող գոյատևել Լեռնային Ղարաբաղում»,- ասված է նամակում:

Ալեն Սիմոնյանը միջազգային կառույցների գործուն աջակցության անհրաժեշտության մասին է նաև գրել. «Այս օրերին ծայրահեղ անհրաժեշտ ենք համարում բացել Լաչինի միջանցքը, որպեսզի մարդասիրական օգնության բեռով ավտոշարասյունը հասնի Լեռնային Ղարաբաղ: Ակնկալում ենք ձեր գործուն քայլերն այդ ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG